Ցանկանում եմ իմ հետքը թողնել Հայաստանում. «Արի տուն-2017» ծրագրի մասնակից
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն–2017» ծրագրի առաջին փուլի մասնակից Արփինե Բակունցի ծննդավայրը Գորիս քաղաքն է: Չորս տարի առաջ են ընտանիքով ՌԴ Կրասնոդար քաղաք տեղափոխվել, որտեղ ռուսական դպրոց է հաճախում: Հայաստանին մոտ զգալու, Մայրենին չմոռանալու համար՝ հաճախում է նաև հայակական համայնքում գործող կիրակնօրյա դպրոց:
Արփինեն շատ էր կարոտել իր Հայրենիքը, և այդ կարոտն է նրան «Արի տուն» բերել, որպեսզի այցելի բոլոր այն վայրերը, որտեղ նախկինում չի հասցրել լինել: Ի դեպ, Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության ծրագրին մասնակցելու է եկել ՌՀՄ Կրասնոդարի մասնաճյուղի կրթական խորհրդի ղեկավար, հայոց լեզվի ուսուցչուհի Կարինե Եսայանի խորհրդով:
««Արի տուն» ծրագրի ամենակարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդները կարողանում են միախմբվել Հայաստանում, ավելի հայրենասիրությամբ լցվել՝ չհեռանալով իրենց արմատներից»,-«Հայերն այսօր»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արփինեն՝ ընդգծելով, որ ցանկանում է Հայաստան վերադառնալ, կրթությունը այստեղ շարունակել՝ իր հետքը հայկական հողում թողնելով:
Արդեն չորրորդ օրն է, որ Արփինեն ոգևորված «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստանի գեղատեսիլ, կրթամշակութային վայրեր է մեկնում, նույնիսկ հասցրել է ընկերանալ Կանադայից, Ֆրանսիայից և Սիրիայից եկած հասակակիցների հետ:
«Անհամբերությամբ սպասում եմ հատկապես Աղավնաձորում կազմակերպվող ճամբարային օրերին: Տեղյակ եմ, որ ծրագրի կազմակերպիչներն ամեն ջանք գործադրել են՝ բովանդակալից, հետաքրքիր ժամանց ունենալու համար»,-զրույցն ամփոփեց Արփինե Բակունցը:
Գևորգ Չիչյան