Նինոծմինդայում բացվեց Ռաֆայել Ջավախք Ղարսլյանի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն

Բարձրալեռ Ջավախքի Նինոծմինդա քաղաքում ձմռան շունչն էր հաստատվել ու շուրջ բոլորն առել ձյան ծածկույթի տակ: Թվում էր` մառախլապատ երկինքն ու ճանապարհների մերկասառույցը խոչընդոտներ կհարուցեն Նինոծմինդայում նորակառույց կրթա-մշակութային կենտրոնի հանդիսավոր բացմանը: Բայց  միայն թվում էր…

Նոյեմբերի 30-ը տոնական էր Նինոծմինդայի համար: Այստեղ էին ժամանել հյուրեր Թբիլիսիից, Վրաստանի և Հայաստանի տարբեր շրջաններից, հարակից գյուղերից: Օրն սկսվեց տեղի Սուրբ Սարգիս եկեղեցում Ս. Առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի տոնին նվիրված առավոտյան ժամերգությամբ: Արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը և Նախարարության Կովկասյան տարածաշրջանի երկրների բաժնի վարիչ Տարոն Շագոյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վիրահայոց թեմի հովանու ներքո գործող ստեղծագործական միությունների ղեկավարները և ուրիշներ: Սրբազան արարողությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և մասնակցությամբ Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանի և Ախալքալաքի հոգևոր հովիվ Տ. Տաթև քահանա Մարուքյանի:

Հավարտ ժամերգության ժողովրդի բազմությունը ուղղվեց դեպի Նինոծմինդայի նորակառույց Կենտրոն:

Կենտրոնի հանդիսավոր բացմանը ելույթ ունեցավ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը: Նա ներկայացրեց երջանկահիշատակ Ռաֆայել Ղարսլյանի կենսագրությունը, ով ընթերցողին է ներկայացրել բանաստեղծությունների ու արձակ գործերի 5 գիրք: Բանախոսը արժևորեց Արմեն Ղարսլյանի և նրա եղբայր Թաթուլ Ղարսլյանի բարեգործությունը և Կենտրոնը նրանց հորեղբոր անունով Ռաֆայել Ջավախք կոչելը:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն իր ելույթում կարևորեց մշակույթի, լեզվի և հավատքի հիմնարար դերակատարությունը ազգի ինքնության կայացման մեջ: Նա բարձր գնահատեց մշակույթի տան գործառույթն ազգային ինքնությունը պահպանելու գործում և կարևորեց այդ գործառույթում Հայ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաքելությունը:

ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը ներկաներին փոխանցեց Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի ողջույնները, բարձր գնահատեց Ղարսլյան եղբայրների բարեգործությունը և կարևորեց մանավանդ Հայաստանից դուրս նման հաստատությունների կառուցումը որպես հայ մշակութային ինքնության և հայապահպանության օջախներ: Նա նաև կարևորեց հայ-վրացական մշակութային կապերը, որոնք բխում են մեր միասնական քրիստոնեական արմատներից և ձգվում դեպի դարերի խորքը:

Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Գագիկ Ղարսլյանը տեղական իշխանությունների անունից հյուրերին դիմավորեց և շնորհավորանքի խոսքեր հղեց ներկաներին և բարեգործ Ղարսլյան եղբայրներին: Նա իր աջակցությունը հայտնեց կրթությանը, մշակույթին, երիտասարդության դաստիարակությանը նվիրված բոլոր նախաձեռնություններին:

Վիրահայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանձինս Ղարսլյան եղբայրների բարձր գնահատեց բարեգործության շնորհով օժտված մարդու գործունեությունը՝  ի մասնավորի կարևորելով նրանց կողմից հիվանդանոցի, Եկեղեցու տանիքի վերանորոգությունները և Ղարսլյան կենտրոնի կառուցումը: Սրբազան Հայրը անդրադարձ կատարեց բարեգործների՝ մանթաշովյան սերնդի ներկայացուցիչներ, միջոցառմանը ներկա գտնվող Սոս Սահակյանին, Արամ Սանոսյանին, Սամվել Աղեկյանին և մյուսներին, որոնց նվիրատվություններով կառուցվում են մշակութային ու հոգևոր այնպիսի օջախներ, որտեղ իշխում է հոգու ջերմությունը, լսվում է Աստծո խոսքը, սերունդներին դասավանդվում է մեր լեզուն և պատմությունը, մեր մշակույթն ու արվեստը:

Թեմակալ Առաջնորդը բարձր գնահատեց և իր օրհնությունը փոխանցեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևոր սպասավորների բարի աշխատանքին և դրվատանքի խոսքեր ասաց՝ ուղղված Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանին: Առաջնորդ հայրը թեմի անունից հուշանվեր փոխանցեց բարերար Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրներին:

Նինոծմինդայի բնակչության անունից երախտագիտություն հայտնեց և «Հայարտուն» կենտրոնին իր գիրքը նվիրեց տեղացի գրող Մաքսիմ Արզումանյանը: Ռաֆայել Ղարսլյանի բանաստեղծությունների ասմունքով հանդես եկան Երիտասարդական տան արտադասարանական ասմունքի խմբի (ղեկավար՝ Սաթենիկ Սնխչյան) անդամներ Լարիսա Նանայանը, Անի և Լիլիթ Մկրտչյանները:

Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախք Ղարսլյանի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի բացման ժապավենը կտրեցին բարերար Արմեն Ղարսլյանը և հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Վիրահայոց թեմի առաջնորդի և հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանի կողմից կատարվեց Կենտրոնի օրհնության կարգ:

Կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնն իր առաջին այցելուներին ընդունեց թբիլիսիահայ մանրանկարիչներ Գոհար Հակոբյանի և Մերուժան Շահումյանի, Նինոծմինդայից Համլետ Արոյանի, Հմայակ Գրիգորյան պապի և Հմայակ Գրիգորյան թոռան և Ախալքալաքից՝ Հայկազուն Ղարագուլյանի և Սերգեյ Ունանյանի աշխատանքների ցուցահանդեսով:

Նինոծմինդայում տոնական օրվա միջոցառումները շարունակվեցին տեղի մշակույթի տանը: ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ Ալբերտ Իսոյանին փոխանցեց ՀՀ Սփյուռքի նախարարության և Մխիթարյան միաբանության «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալը, իսկ Վիրահայոց թեմի մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանին՝ ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը:

Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովի և տեխնիկական համակարգող Վալերի Բադալյանի ջանքերով և Թբիլիսիից ժամանած Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Ջեյրան» պարային համույթի (պարուսույց՝ Սվետլանա Երիցյան), անհատ կատարողներ Անի Ղուշչյանի, Աննա Պողոսովայի, Նինա Կարապետյան-Գևորկովայի, Դիանա Մովսիսյանի, Հենրիխ Պետրոսյանի, Վանո Մկրտչյանի (դուդուկ), Նինոծմինդայի «Գուգարք» և «Փարվանա» ազգագրական համույթների (ղեկավարներ՝ Լուսինե Մզիկյան,Սևակ Բդոյան և Զեփյուռ Ղարսլյան) և դհոլահարների խմբի (Սարո Ղարսլյան) մասնակցությամբ տրվեց ճոխ համերգ:

Նինոծմինդայում տոնական օրն անցավ բնության արևաշող տաքության և մարդկային հոգու ջերմության մթնոլորտում:

Վիրահայոց թեմի մամլո դիվան

unnamed (1) unnamed (2)

Scroll Up