ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի մասնաճյուղի «Մարի Մանուկյան» վարժարան
Մայիսի 30-ին աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթեր Մկրտումյանի ուղեկցությամբ այցելել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի «Մարի Մանուկյան» վարժարան, որտեղ մասնակցել է հատուկ կազմակերպված միջոցառմանը: Այս մասին «Հայերն այսօր»–ին տեղեկացնում են ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի մասնաճյուղից:
Ի պատիվ նախարարի այցելության՝ մանկապարտեզի և նախակրթարանի աշակերտները հայրենասիրական երգեր ու պարեր են կատարել, որոնց միացել է վարժարանի երգչախումբը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շատ է տպավորվել արգենտինահայ երեխաների կատարումներով և իր շնորհակալական խոսքն ուղղել դպրոցի տնօրինությանն ու ուսուցչակազմին՝ Սփյուռքում այդպիսի ազգասեր սերունդ կրթելու և դաստիարակելու համար:
Այնուհետև նախարարը մասնավոր հանդիպում է ունեցել ՀԲԸՄ վարչակազմի անդամների և ուսուցիչների հետ, որին ներկա են եղել միության ատենապետ Ռուբեն Քետիքյանը, փոխատենապետ Անտոնիո Սարաֆյանը, պատվո ատենապետ Ռուբեն Քեշիշյանը, պատվո անդամ Հարություն Սարաֆյանը, տիկնանց հանձնախմբի ատենապետուհի Մարթա Էմիրյանը, տիկնանց հանձնախմբի անդամ Ռազմուհի Խռլոփյանը, վարչակազմի անդամներ Մադլեն Չրեյանը, Ադոլֆո Սմիրլյանը, Միրթա Սարաֆյանը, Խուան Պալյանը և Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը և համայնքային այլ ներկայացուցիչներ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է նախարարության գործունեությունն ու իրականացվող ծրագրերը՝ հորդորելով առավել ակտիվացնել հատկապես երիտասարդների մասնակցությունը հայապահպան ծրագրերին: Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը, որին միացել և գործուն մասնակցություն է ունենում նաև միությունը: Սփյուռքի նախարարն իր գոհունակությունն է հայտնել միության վարչակազմին՝ ամեն տարի ամռանը հատուկ ծրագրով «Մարի Մանուկյան» վարժարանի շրջանավարտներին Մայր Հայրենիք այցելելու հնարավորություն ընձեռելու համար:
Քննարկվել են Հայաստան-Սփյուռք գործակցության, համայնքային խնդիրներին առնչվող բազմաբնույթ հարցեր:
Վերջում ՀՀ սփյուռքի նախարարը միության նշանավոր հյուրերի պատվո մատյանում գրառում է կատարել:
«Ուրախ եմ՝ երկրորդ անգամ այցելելու «Մարի Մանուկյան« դպրոց, որտեղ երեխաները խոսում են հայերեն, որտեղ հայկական երգն ու պարն է ուղեկցում ամենուր: Շնորհակալ եմ մանկավարժներին, դպրոցի ղեկավարությանը, որ հեռավոր Արգենտինայում պահում, զարգացնում են այս հայկական օջախը, որտեղ կրթվում է հայ մարդը և զբաղվում հայապահպանության անչափ կարևոր գործով»,-գրել է Հրանուշ Հակոբյանը: