Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ղազախստանի հայերի միության և «Մասիս» հայկական մշակութային կազմակերպությունների ղեկավար Էռնեստ Վարդերեսյանին
Մայիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ղազախստանի հայերի միության և «Մասիս» հանրապետական մշակութային կազմակերպությունների ղեկավար, գործարար Էռնեստ Վարդերեսյանին:
Ջերմորեն ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Ղազախստանում հայապահպանությանն ուղղված Էռնեստ Վարդերեսյանի ջանքերը, կարևորեց նրա նախաձեռնությամբ և հովանավորությամբ Ալմաթիում հայկական կիրակնօրյա դպրոց բացելը, պարախումբ ստեղծելը, հայ ժողովրդի մշակութային ավանդույթները պահպանելուն միտված միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը: Նախարարի պաշտոնակատարը հատկապես ընդգծեց նրա նախաձեռնությամբ և հովանավորությամբ Ղազախստանում հայկական ազգային և պետական տոները մեծ շուքով նշելը և իր գոհունակությունն արտահայտեց այդ միջոցառումներին տեղական իշխանությունների և ազգային փոքրամասնությունների մասնակցություն ապահովելու վերաբերյալ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էռնեստ Վարդերեսյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցների գործունեությունը, նշեց, որ «Մասիս» կազմակերպությունը մասնաճյուղեր ունի Ղազախստանի տարբեր մարզերում, որոնք աշխատանքներ են տանում երիտասարդների հայեցի դաստիարակության, ազգային ինքնության պահպանման և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման, մշակութային մերձեցման ուղղությամբ և կարևորեց Սփյուքի նախարարության հետ սերտ համագործակցությունը:
Նախարարի պաշտոնակատարը հորդորեց առավել ակտիվ մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին:
Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին առնչվող հարցեր: