Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերի կմեկնի ՌԴ հայաշատ քաղաքներ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ մայիսի 22-ից մինչև հունիսի 1-ը հյուրախաղերի է մեկնելու Ռուսաստանի Դաշնության Անապա, Նովոռոսիյսկ, Դոնի-Ռոստով, Կրասնոդար քաղաքների հայկական համայնքներ:

«Երբ արդեն պատրաստել էի ծրագիրը, նպատակահարմար գտա այն ՀՀ սփյուռքի նախարարության հետ իրականացնել: Դիմեցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, և ինչպես սպասելի էր, համագործակցության առաջարկը մեծ սիրով ընդունեց, ինչի համար շատ շնորհակալ եմ: ՌԴ հայաշատ այնպիսի քաղաքներ ենք ընտրել, որտեղ հայկական թատերախմբեր կամ քիչ են այցելում, կամ մինչև օրս չեն այցելել»,«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը՝ հավելելով, որ հյուրախաղերի միջոցով ցանկանում են օտարության մեջ ապրող հայերի շրջանակում տարածել հայկական մշակույթը, որպեսզի նրանք չկտրվեն իրենց արմատներից և պահպանեն ազգային ինքնությունը:

Հյուրախաղերի է մեկնելու թատրոնի 26 առաջատար դերասաններից կազմված խումբը, որը հանդես է գալու «Լիր արքա» և «Խնայեցե՛ք տղամարդկանց» ներկայացումները: Ի դեպ, Անապայի հայերն են առաջարկել 1981 թվականից ռուսերենով բեմադրվող և մեծ պահանջ ունեցող «Խնայեցե՛ք տղամարդկանց» կատակերգությունը ներկայացնել, ինչն էլ փաստում է, որ առ այսօր հանդիսատեսը տպավորված է այդ ներկայացմամբ: «Լիր արքա»-ն զուգահեռաբար ռուսերեն է թարգմանվելու, որպեսզի ռուս հանդիսատեսին ներկայացումը նույնպես հասանելի լինի:

Հարցին, թե սփյուռքյան որ հատվածներում են հայերն առավել հետաքրքրված հայկական թատերարվեստով, Վահե Շահվերդյանը ասաց. «Դեռևս Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում աշխատելու տարիներին, Սփյուռքի տարբեր՝ Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Իրանի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի և հայկական այլ համայնքներում հյուրախաղերի մեկնելով՝ նկատել եմ, որ հատկապես Իրանի հայկական համայնքն է այս հարցում ակտիվություն ցուցաբերում, Ռուսաստանի, Ֆրանսիայի հայերը նույնպես հայկական մշակույթի հանդեպ մեծ հետաքրքրություն ունեն: Պետք է շեշտեմ, որ միշտ և ամենուր աշխարհասփյուռ մեր հայրենակիցների կողմից ջերմ ընդունելության, բուռն ծափողջյունների ենք արժանացել»:

Գևորգ Չիչյան

%d5%a9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b8%d5%b6 %d5%a9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b8%d5%b61 %d5%a9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b8%d5%b62 %d5%a9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b8%d5%b63

Scroll Up