«Լրագրողը պրպտող միտքն է». եգիպտահայ լրագրող, գրող Թոմաս Գորգիսյան
ՀՀ սփյուռքի նախարարությունում Եգիպտոսից հյուրընկալված լրագրող Թոմաս Գորգիսյանը շուրջ 30 տարի լրագրության բնագավառում է, աշխատել է տարբեր ոլորտներում, զբաղեցրել տարբեր պաշտոններ, մասնակցել է եգիպտական որոշ թերթերի հիմնադրման, կազմավորման աշխատանքներին, մասնակցել է նաև հեռուստատեսային հաղորդումների…«Հայերն այսօր»–ի համար մեր հայրենակցի հետ ունեցած զրույցի ընթացքում տեղեկացա, որ նա նաև Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ազգականն է…
-Սկսենք արմատներից, պարո՛ն Գորգիսյան…
-Մեր արմատները Պատմական Հայաստանից են՝ Սղերդից: Իմ և Մովսեսի պապիկները եղբայրներ են՝ Թովմասն իմ պապիկն է, Սամուելը՝ Մովսեսի: Մեր տոհմում հիմնականում քարտաշներ են եղել: Գորգիսյանների ընտանիքները տեղահանվել են, անցել գաղթի ճանապարհով, հասել օտար ափեր, դարձել Սփյուռքի մի մասնիկը, այնուհետև մի մասը հաստատվել է Հայաստանում: Կարող եմ հպարտանալ իմ տոհմով՝ արդար ու ազնիվ, ոսկեձեռիկ վարպետներով, որոնց շառավիղներից Մովսես Գորգիսյանը՝ ազգային գաղափարի մարտիկներից ու հերոսներից է, Գևորգ Գորգիսյանը պատգամավորության թեկնածու է:
-Այսօր Դուք Եգիպտոսի կարևորագույն և ամենահին թերթերից մեկի ՝« AL AHRAM»-ի լրագրողներից եք և նրա թղթակիցը Վաշինգտոնում. կարելի է ասել, որ նաև քաղաքական վերլուծաբան եք, դժվար չէ՞ աշխարհաքաղաքական ներկայիս լարված իրավիճակներում վերլուծություններ անել…
-Դյուրին չէ, անշուշտ, սակայն նաև հետաքրքիր է. հարցերին պետք է դիվանագիտորեն մոտենալ, որն էլ փորձում եմ հնարավորինս անել: Վերլուծում եմ համայն աշխարհի և մասնավորապես արաբական աշխարհի, Միջին Արևելքի խնդիրների հանդեպ ԱՄՆ-ի ունեցած արտաքին քաղաքականությունը: Իմ վերլուծությունների առանցքը Վաշինգտոնն է ու Միջին Արևելքը, Վաշինգտոնն ու Եգիպտոսը…Գրում եմ երեք լեզուներով՝ արևմտահայերեն, անգլերեն ու արաբերեն. իհարկե, հասկանալի ձևով, առաջին տեղում արաբերենն է:
-Դուք միակ հայ լրագրո՞ղն եք «AL AHRAM»-ում:
-Այսօր՝ այո՛: Տարիներ առաջ աշխատում էր նաև Լևոն Քեշիշյանը, ով, ցավոք, մահացել է:
-Հարգելի՛ հայրենակից, ասացեք, խնդրեմ՝ ինչպե՞ս են վերաբերվում հայ լրագրողին արաբական թերթում, արաբները հետաքրքրվա՞ծ են արդյոք հայերով ու Հայաստանով:
-Եգիպտոսի ժողովուրդն, անշուշտ, ճանաչում ու հարգում է հայ ժողովրդին, գիտի Հայաստանի մասին: Նրանք շատ լավ գիտեն Վիլյամ Սարոյանին, Արամ Խաչատրյանին, Շառլ Ազնավուրին, այսօր՝ երաժիշտ-երգահան Ջորջ Գալստյանին, ով եգիպտական ֆիլմերի համար երաժշտություն է գրել:
– Ինչպիսի՞ն պետք է լինի լրագրողը Ձեր տեսանկյունից:
-Լավ լրագրող լինելու առաջին նախապայմանն, անշուշտ, արհեստավարժությունն է. ասեմ, որ լրագրողը միայնակ չէ. նա նման է երաժշտախմբի, որն ունի իր ջութակահարը, դաշնակահարը, ֆլեյտահարը…Լրագրողը պրպտող միտքն է: Շատ կարևոր է հարց տալու շնորհը, որից կախված է պատասխանի և, առհասարակ, ամբողջ հարցազրույցի որակը: Եթե հարցի պատասխանը չի բավարարում, ուրեմն՝ հարցը լավ չի ձևակերպված, պետք է նորից հարցադրում անել: Լրագրողը պետք է միշտ նորը տեսնելու կարողությունն ունենա: Ես միշտ օրինակ եմ բերում Նյուտոնի խնձորի պատմությունը. մինչ այդ՝ քանի՜ խնձոր էր ընկել, ո՞վ էր տեսել…
– Աշխարհում ամենահեղինակավոր լրատուն մամուլում ո՞րն է Ձեզ համար:
-«New York Times» բազմալեզու, բազմատիրաժ ամենօրյա թերթն է, որի հաջողության գրավականը նրա շատ արհեստավարժ լրագրողական կազմն է:
-Պարո՛ն Գորգիսյան, բացի լրագրողական ծանր ու պատասխանատու աշխատանքից՝ ուրիշ ի՞նչ աշխատանքով եք զբաղված:
-Ասեմ, որ լրագրությունն, իրոք, շատ պատասխանատու և միևնույն ժամանակ հաճելի աշխատանք է. ես այն նմանեցնում եմ հացագործության, հացթուխի աշխատանքի. ամեն օր պետք է գրեմ, որպեսզի հաց վաստակեմ: Բացի լրագրությունից՝ նաև գրքեր եմ գրում: Ունեմ արձակ գործերի գիրք, ակնարկներ եմ գրում: Նոր գիրք ունեմ՝ «Հարյուր տարվա հիշողություն», որը Հայոց ցեղասպանության թեմաներով է գրված, այն սկսեցի գրել 40-ական թվականների մի նկարի շուրջ, ուր պատկերված են մեր պապերը՝ Թովմասն ու Սամուելն՝ իրենց ընտանիքներով: Այն դեռևս հայերենով թարգմանված չէ: Իմ հետաքրքրություններից մեկն էլ հիշողություններ գրի առնելն է: Հայրիկս 4 տարեկանում Ցեղասպանություն էր ապրել. երբ որոշեցի անցնել նրա հիշողությունների միջով, գրի առնել դրանք, նա ասաց՝ «Դուն կուզես հիշել բաներ, որոնք ես կուզեմ մոռնալ…»: Հորս լռությունն ու ներկայությո՛ւնն է ինձ խորհել տալիս:
-Ի՞նչն է Ձեզ հետաքրքում հայերի ու Հայաստանի ճակատագրի առումով:
-Ինձ հայերի ապրե՛լն է ամենից շատ հետաքրքրում:
-Դուք հրավիրվել եք՝ դասախոսելու Ամերիկյան համալսարանում. ի՞նչ եք սովորեցնում ուսանողներին:
-Ես իմ լրագրողական փորձն եմ փոխանցում նրանց, փորձում բացատրել, թե լրատվությունն ինչպես մատուցեն հասարակությանը: Առաջին անգամ եմ Հայաստանում դասավանդում, սսակայն նման փորձ ունեցել եմ Եգիպտոսում, Քաթարում, Բանգլադեշի հետ եմ տեսակապով հարցուպատասխանի դասեր անցկացրել:
-ՀՀ սփյուռքի նախարարության հետ Ձեր կապերը ե՞րբ են ձևավորվել:
-Հե՛նց այս օրերին, այս այցելության ընթացքում. կարծում եմ՝ շարունակական կլինեն:
Զրուցեց Կարինե Ավագյանը