Ճանապարհ դեպի Վենետիկ՝ ժամանակակից արվեստի 57-րդ բիենալե
Ռաֆայել Մեգալ (Մելիքյան), ՀՀ վաստակավոր նկարիչ…
Թերևս այս մի քանի՝ առաջին հայացքից ժլատ թվացող բառերով, հնարավոր չէ ամբողջապես նկարագրել և բնութագրել Ռաֆայել Մեգալ (Rafael Megall) արվեստագետին, ում հետ հանդիպում ու զրուցում եմ երկրորդ անգամ: Այս անգամ Ռաֆայելը ՀՀ սփյուռքի նախարարություն էր եկել մի հրաշալի նորությամբ՝ կիսվելու «Հայերն այսօր»-ի հետ: Ռաֆայելից տեղեկացանք, որ նա մայիսի 13-ին պատրաստվում է Իտալիայի Վենետիկ քաղաքի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում մասնակցել ժամանակակից արվեստի 57-րդ բիենալեին՝ ներկայացնելով իր՝ «Հովազներն իմ ծաղկած այգում» շուրջ 15 նկարների շարքը:
Այդ ցուցահանդեսին մասնակցում են երեք արվեստագետ. մեկը՝ Սփյուռքից, մյուսը՝ արտերկրից և Ռաֆայել Մեգալը: Ցուցահանդեսի պատասխանատուն, կուրատորը հայտնի արվեստաբան Դեմետրիո Պապարոնին է, հովանավորը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, աջակիցները՝ ՀՀ սփյուռքի նախարարությունն ու Ազգային պատկերասրահը:
Մեգալը նաև հավելեց, որ «Հովազներն իմ ծաղկած այգում» շարքի նկարներն արված են հատուկ այդ ցուցահանդեսի համար և Վենետիկում կմնան մոտ 4-5 ամիս, որից հետո կցուցադրվեն Հայաստանում:
Դե ինչ, մեր երիտասարդ արվեստագետին մաղթենք աննախադեպ հաջողություններ և նոր գործեր ստեղծելու աննահանջ վերելք: Մաղթենք, որ Մեգալը Վենետիկից վերադառնա արվեստագետի համար ամենաթանկ մրցանակով:
Կարինե Ավագյան