Կայացավ Գրիգոր Ջանշյանի՝ ավելի քան մեկ դար անց վերահրատարակված «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուի շնորհանդեսը

Նոյեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կայացավ Գրիգոր Ջանշյանի՝ ավելի քան մեկ դար անց վերահրատարակված «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուի շնորհանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը բարձր գնահատեց Գրիգոր Ջանշյանի` ժամանակին Ռուսաստանի լայն հասարակությանը և կառավարական շրջաններին Հայաստանում այդ օրերին՝ 1894-1896թթ., կատարվող իրադարձությունների մասին ճշմարտությունը ներկայացնելու, ինչպես նաև գիտնական այրերի գրչով հայ ժողովրդի անցած դարավոր ուղին լուսաբանելու, հայ ժողովրդի ստեղծած մշակութային անկրկնելի արժեքները վեր հանելու և հայորդիների կողմից համաշխարհային քաղաքակրթությանը մատուցած ծառայությունները ներկայացնելու ջանքերը:

«Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել 1898-ին Մոսկվայում, որը ժամանակակիցները բնութագրել են որպես «Գիրք-սիմֆոնիա», «Գիրք-հանրագիտարան», «Մատյան արյան և արցունքի»:  Գրքի ստեղծման բուն շարժառիթը 19-րդ դարավերջին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածներն էին, որոնց հետևանքով հազարավոր հայ երեխաներ, կանայք և ծերեր ոչնչացվել էին, իսկ փրկվածներն էլ հայտնվել էին սովի և մահվան ճիրաններում:

«Ջանշյանն այս ժողովածուով ռուս հասարակությանը ոչ միայն ներկայացրել է հայերի հետ տարվող դաժան քաղաքականության ողջ ճշմարտությունը, այլև գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը` 60.000 ռուբլի, Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան միջոցով տրամադրել է Կ. Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանին` որբանոցներ բացելու համար, որի արդյունքում բացվել է 12 որբանոց, և Ջանշյանին տվել են «Որբերի հայր» պատվատիտղոսը», – ընդգծեց նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Շնորհակալ ենք պարոն Ալբերտ Իսոյանին և Արամ Կարապետյանին, ովքեր, մաքրելով դարերի կարծրացած փոշին, կարողացան հավուր պատշաճի ուսումնասիրել և 115-ամյա դադարից հետո վերահրատարակել մեծ հայի այս աշխատությունը», – իր խոսքը եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարարը:

IMG_0701

«Հայագիտակ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Ալբերտ Իսոյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ  Գրիգոր Ջանշյանի գրքի՝ լուսապատճենման տարբերակով ճշգրիտ վերականգնելու և վերահրատարակվելու պատմությունը:

Գրիգոր Ջանշյան հեղինակի, մարդու, գործչի և նրա «Եղբայրական օգնություն հայերին» աշխատության մասին ելույթով հանդես եկավ գրքի նախաբանի հեղինակ, Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը` նշելով, որ Ջանշյանի նյութն ուղեկցվում է հայի և հայկականի մասին բծախնդրորեն ընտրած պատկերներով և լուսանկարներով, որոնք վերաբերում են Արևելյան և Արևմտյան Հայաստաններին, հայկական գաղթավայրերին: Ժողովածուին մեծ շուք է հաղորդում նաև այն հանգամանքը, որ նրա ստեղծմանը մասնակցել են ժամանակի մեծահամբավ հայ նկարիչները՝ Հովհաննես Այվազովսկին և Վարդգես Սուրենյանցը: Գրքում զետեղելու համար Այվազովսկին Նիցցայից հրատարակչին ուղարկել է չորս բնագիր նկար:

Ժողովածուի մասին կարծիք հայտնեցին Աստղիկ Գևորգյանը, Աշոտ Բլեյանը և այլք. բոլորն էլ շատ բարձր գնահատեցին այն:

IMG_0691

Scroll Up