Իրաքահայ ընտանիքի առաջին շաբաթօրյակը Երևանում
Ապրիլի 15-ին, արձագանքելով Երևանի քաղաքապետարանի կոչին, հայրենադարձների նախաձեռնած «Մաքուր և կանաչ Հայաստան» շարժման շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին՝ մաքրելով Կոմիտասի անվան պանթեոնի տարածքը:
«Հայերն այսօր»-ը զրուցել է իրաքահայ հայրենադարձ Հայկ Մանուկյանի հետ, ով իր երեք երեխաների հետ առաջին անգամ էր մասնակցում շաբաթօրյակի:
Հայկ Մանուկյանը շուրջ 10 տարի՝ ընտանիքով ապրում է Հայաստանում, մասնագիտությամբ ինժիներ է: Ինչպես «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց՝ բարձր տրամադրությամբ և հաճելի զգացողություններով են շաբաթօրյակից տուն վերադառնում, շնորհակալ է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ սփյուռքահայերին ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելու և նրանց խնդիրների առնչությամբ մտահոգ լինելու համար, հավելելով, որ բոլոր սփյուռքահայերն էլ այդ կարծիքին են:
«Զարմանալի էր, որ նախարարը մեզ հետ հավասար աշխատեց, տպավորված եմ նրա անմիջական պահվածքից. ուրիշ պետություններում պաշտոնյանները մարդաշատ վայրերում թիկնապահներով են շրջում, իսկ նա կարծես մեզանից մեկը լիներ, նույնիսկ զավակներիս հետ շփվեց, վստահ եմ՝ նրանք դեռ երկար տարիներ են հիշելու այս ակնթարթները»,-նշեց Հայկ Մանուկյանը:
Տասներեքամյա Մարինե Մանուկյանը կարծում է՝ մաքուր քաղաք ունենալը ոչ միայն կնպաստի զբոսաշրջիկների Հայաստան գալուն, այլև հայ ժողովրդի՝ իրենց հողին ավելի կապվելուն, որի մասին յուրաքանչյուր մարդ պետք է սրտացավ լինի և հաճախակի մասնակցի կազմակերպվող շաբաթօրյակներին:
Զրույցի ընթացքում Մարինեն վերհիշեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրում անցկացրած անմոռանալի օրերը, երբ սփյուռքահայ հասակակիցներին հպարտորեն ցույց էր տալի խնամված բակերն ու փողոցները:
«Թո՛ղ աշխարհասփյուռ հայերը վերադառնան Հայրենիք, որպեսզի համատեղ ուժերով մասնակցելով շաբաթօրյակների՝ շատ տարածքներ մաքրենք»,-իր սրտաբուխ խոսքն ասաց Մարինեն:
Մարալ Մանուկյանը նույնպես ուրախությամբ է մասնակցել շաբաթօրյակին, նկատել է, որ տարեցտարի շաբաթօրյակների կազմակերպումը գնալով հաճախակի է դառնում, որը գովելի փաստ է համարում: Իմանալով, որ Կոմիտասի անվան պանթեոնի տարածքն է մաքրելու, պատասխանատվության զգացումն ավելի է շատացել, քանի որ տեղյակ է՝ այնտեղ հայ մեծերն են հանգչում: Մարալը շաբաթօրյակին մասնակցելը նաև նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցել է համարում:
Ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ Մասիս Մանուկյանը, շատ է սիրում Հայաստանը, ուստի կոչ է անում մարդկանց, որ չաղտոտեն փողոցներն ու բակերը: Հպարտ է, որ կարողացավ մաքրել իր Հայրենիքի թեկուզ մի փոքր հողակտորը, այն հողակտորը, որտեղ թաղված են հայ ազգի անվանի զավակները:
Գևորգ Չիչյան