«Ամենուր երգել եմ՝ ամուր կառչած իմ արմատներից…». Նարա Նոյան
ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված երգչուհի Նարա Նոյանը «Հայերն այսօր»-ի համար ունեցած իմ հարցազրույցի ընթացքում իր անկեղծ ու անմիջական պատասխաններում նաև անթաքույց կարոտ ուներ Հայրենիքի հանդեպ, թեև երբեք չի կտրվել արմատներից ու ծննդավայրից: Նա երախտագետ դուստրն է իր Հայրենիքի և այն երկրի, որտեղ ինքը կարողացել է կայանալ ու հաջողությունների հասնել: Այս և նման այլ հարցերի շուրջ էլ զրուցեցինք երգչուհու հետ:
-Բարո՛վ եք եկել Հայրենիք, որտեղ Ձեզ սպասում են հարազատներ, ընկերներ և Ձեր արվեստի երկրպագուների մի մեծ բանակ. ինչպիսի՞ տրամադրություն ունեք:
-Հրաշալի տրամադրություն ունեմ, սակայն այնպիսի զգացում է ինձ պատել, ասես առաջին անգամ սիրային ժամադրության եմ եկել իմ հանդիսատեսի հետ, որովհետև առաջին անգամ եմ հեղինակային համերգով հանդես գալու իմ Հայրենիքում, իմ Երևանում, ուր ծնվել ու մեծացել եմ և որի ակունքներից սնվել եմ: Հուզվում եմ և սպասում եմ համերգիս արձագանքներին:
-Նարա՛, որտե՞ղ եք ստացել երաժշտական կրթություն.Դուք Ձեզ երգչուհի՞ եք համարում, թե՞ կատարող-երաժիշտ:
-Երաժշտական կրթություն եմ ստացել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, այնուհետև, հեռակա կարգով, Փարիզում եմ ավարտել մեր Կոնսերվատորիան, քանի որ գնացի այնտեղ և այլևս չկարողացա վերադառնալ: Ես դաշնակահարուհի եմ, երգահան, հեղինակ-կատարող, դիպվածով դարձա նաև երգչուհի, որովհետև ժամանակին ունեի երգչուհի, ով հեռացավ, և ես կանգնեցի փաստի առաջ ու սկսեցի նաև երգել:
– Ձեր երգացանկում, երաժշտական ծրագրերում ի՞նչ երգեր ու մեղեդիներ եք ավելի շատ ընդգրկում:
-Ես նախընտրում եմ ռոմանտիկ երգեր, երաժշտություն. իմ ստեղծագործություններն այդպիսին են՝ բանաստեղծական, երազային. դրանք երաժշտությամբ շաղախված բանաստեղծություններ են, որոնք ես երբեք գոռալով չեմ մատուցում, ես ավելի շատ պատմում եմ, երբեմն ասես շշուկով եմ խոսում իմ հանդիսատեսի հետ: Դա իմ ոճն է:
-Ձեր քեռին՝ Լևոն Բլբուլյանը, գրում է, գրում է նաև Ձեր մայրը, իսկ Դու՞ք…
-Ես շատ փոքր հասակից եմ գրում, ստեղծագործում. դեռևս մանկապարտեզից եմ սկսել գրել թե՛ բառեր, թե՛երաժշտություն, և ինքս էլ կատարել եմ: Մեր ընտանիքում բոլորն են ստեղծագործում, սակայն մենք երբեք չենք հասկացել, որ ինչ–որ բան ունենք հանրությանը տալու, չենք մտածել միասնական որևէ գործ անելու մասին: Այդ հայտնությունը մեզ Եվրոպայում տրվեց: Բոլորն ասում էին, որ այդ ամենը հրաշալի է, որ մենք պետք է անպայման ձայնագրենք մեր գործերը, ձայնասկավառակ թողարկենք, իսկ մենք զարմացած լսում էինք…Ես գրում եմ իմ երգի բառերը, գործիքավորում եմ, ամեն ինչ ինքս եմ անում:
-Կա՞ն մարդիկ, ովքեր Ձեզ աջակցել են, դրվատանքի խոսքեր ասել, հովանավորել, օգնել, որպեսզի կայանաք երաժշտության բնագավառում:
-Երաժշտությունը մորիցս է գալիս, պոեզիան՝ քեռուցս, հայրս՝ Պավել Մնոյանն էլ է երաժիշտ: Ես մեծացել եմ մի ընտանիքում, ուր գրեթե ամեն օր հավաքվում էր արվեստագետների մի աստղաբույլ՝ Ֆրունզե Դովլաթյան, Տիգրան Մանսուրյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Ալբերտ Մկրտչյան, Արամ Սաթյան, Ռոբերտ Ամիրխանյան և այլ մեծեր…Բնականաբար, այսպիսի մթնոլորտում մեծացող երեխաներն ուրիշ աշխարհ չէին էլ կարող ընտրել՝ չնայած ես մանկուց երազել եմ դառնալ տիեզերագնաց: Հետագայում ես լսել եմ Բրել, Ազնավուր, Բրասանս…Վերջերս, շատ զգուշությամբ, մոտեցել եմ ֆրանկոֆոն երաժշտությանը և սկսել եմ նաև կատարել:
-Հայերը տաղանդավոր են գրեթե բոլոր բնագավառներում և եթե տաղանդավոր են, ուրեմն՝ նաև աշխարհահռչակ են. այդ առումով Ձեզ ամենից շատ աշխա՞րհն է ճանաչում, լոկ Ֆրանսիա՞ն, թե՞ Հայաստանը:
-Չեմ կարող ասել. միայն գիտեմ, որ համացանցով այլևս չես կարող վերահսկել, թե ինչպես, որտեղից են ճանաչում քեզ, քո երգերը: Կասեմ միայն, որ վերջերս ինձ երգելու հրավիրեցին Հնդկաստանից, Ֆուջիից են ինձ գրում ու հրավիրում: Ֆրանսիայում, Հայաստանում և այլուր ինչ-որ չափով ինձ ճանաչում ու գնահատում են, շնորհակալ եմ, պարտավորված եմ լինել ու կատարել ավելին:
-Երբևէ առիթ ունեցե՞լ եք հանդիպել, զրուցել մեր մեծ հայրենակցի՝ Շառլ Ազնավուրի հետ և եթե՝ այո, ապա ՝ ի՞նչ եք սովորել նրանից:
-Ես մեծ երաժիշտներից միշտ սովորել եմ ու շարունակում եմ սովորել: Ինձ բախտ վիճակվեց կատարելու և ալբոմիս մեջ ներառելու Շառլից երկու երգ, ում ես շատ զգուշությամբ ուղարկեցի իմ դեմո ձայնագրությունը. որպեսզի իրավունք ունենաս ալբոմիդ մեջ ունենալ որևէ կատարում, պետք է թույլտվություն ունենաս հեղինակից: Ազնավուրը հավանել էր իմ կատարումները, մշակումները և ինձ թույլատրեց ալբոմում զետեղել: Մեր հանդիպման ընթացքում ես շատ հուզված էի.Մեծ հայն ինձնից ինքնագիր ուզեց, ես էլ խնդրեցի նրանից: Մե՛ծ է Ազնավուրը և այդ մեծության մեջ՝ այնքա՜ն պարզ:
-Ձեր բոլոր կատարումները, երգերը Ձեր հոգեզավակներն են. և, այնումենայնիվ, ամեն մարդ ունի իր հոգու երգը, ո՞րն է Ձեր հոգու երգը, այն միակը, թանկը…
-Կարող է զարմանաք, բայց ասեմ, որ իմ հոգու երգը Ալա Պուգաչևայի «Առլեկինո» երգն է, որը միշտ հիշում եմ: Այնքան էի սիրում երգչուհուն, որ նույնիսկ ուզում էի, որ նա դառնա իմ մայրիկը…Փոքրիկ էի, 5 տարեկան, երբ մի օր մայրիկս ասաց, որ երգչուհուց արդեն ստացվել է իմ ուղարկած նամակի «պատասխանը», ուր նա գրել է, թե ինքն արդեն մի բալիկ ունի, շատ է զբաղված և երկրորդ բալիկ չի կարող պահել…Հիմա, երբ մեծ եմ, ամոթով ու ծիծաղով եմ հիշում այդ միջադեպը. ես հրաշալի, աննման մայր ունեմ:
-Որպես մեր հարցազրույցի վերջաբան՝ ասացեք, խնդրեմ՝ ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը, ի՞նչ եք զգում Հայաստան ասելիս:
-Արմատնե՛ր…Ուր էլ, որ գնաս, լիարժեք չես լինի, որովհետև ակամայից արմատախիլ ես լինում: Բարեբախտաբար, ես արմատախիլչեմ եղել, ամենուր երգել եմ՝ իմ արմատներից կառչելով: Ես իմ ճանապարհը սկսել եմ հայերեն երգելով, ֆրանսերեն երգում եմ ընդամենը մի քանի տարի: Ես հայեցի դաստիարակությամբ ու հայ լեզվով եմ առաջին անգամ ներկայացել Եվրոպային, աշխարհին: Իմ մայրենի՛ն է իմ անձնագիրը:
Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի