Տեղի ունեցավ հեռակոնֆերանս Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Մարտի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հեռակոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Քուվեյթը մեր հզոր, կուռ և համախմբված հայկական համայնքներից է: Այս տարի ակնկալում ենք մեր ծրագրերին Քուվեյթի հայ համայնքի ամենաակտիվ մասնակցությունը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մասնագիտական ցանցերի ստեղծմանը: Դուք պետք է դառնաք համահայկական կառույցների մի մասը»:
Նախարարը կարևորեց Հայաստանում ներդրումային քաղաքականության ակտիվացումը: «Մենք ելք չունենք դեպի ծով, մեր ելքը հայկական Սփյուռքն է: Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է աշխատատեղեր ստեղծեն Հայաստանում՝ նպաստելով Հայրենիքի շենացմանը», – նշեց նա:
Քննարկվեց Քուվեյթի հայ համայնքում «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժումը ակտիվացնելու հետ կապված հարցը: Մասնակիցները կարևորեցին համահայկական ցանցերի ընդլայնումը և մասնագիտական ներուժի օգտագործումը Հայաստանի և Արցախի տնտեսության զարգացման գործում: Այնուհետև անդրադարձան ՀՀ ներդրումային ծրագրերին մասնակցության հնարավորություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացին, ինչպես նաև երիտասարդության շրջանում պատմական հիշողության ամրապնդմանն ուղղված քայլերին:
Շնորհակալություն հայտնելով նման առցանց քննարկում կազմակերպելու համար՝ Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը նշեց, որ Քուվեյթի հայ համայնքը ակտիվ է Հայաստանում ներդրումներ կատարելու գործում:
«Մենք պետք է օգտագործենք այստեղի հայության նաև մտավոր ներուժը: Քուվեյթում շատ լավ են վերաբերվում Հայաստանին և հայությանը: Քուվեյթում շուտով կգործի նորակառույց հայկական եկեղեցին: Մեծահարգ տիկին Հակոբյան, սիրով հրավիրում ենք Ձեզ եկեղեցու բացման արարողությանը», – նշեց Մանվել Բադեյանը:
Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մասիս ծ. վրդ.Զոպույանը նշեց. «Քուվեյթահայության համար Հայաստանի ու Արցախի հզորացումը առաջնային խնդիր է: Մենք մեր կապերը պետք է ի սպաս դնենք Հայաստանի զարգացմանը: Իսկ Արցախում պետք է վստահ լինեն, որ Սփյուռքն իրենց կողքին է»:
Քուվեյթի Հայ դատի պատասխանատու Դր. Ժան Բեբեջյանը հավելեց. «Մենք ողջունում ենք ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի կոչը՝ ուղղված Սփյուռքին և խանդավառված ենք նոր սկիզբով»:
Ելույթ ունեցան Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպանության հյուպատոս Լևոն Պետրոսյանը, Քուվեյթի ազգային վարժարանի հոգաբարձու Ֆիլիպ Փաթաթանյանը, ՀՕՄ ատենապետ Անժելա Բեբեջյանը, Քուվեյթի Ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգսյանը, Քուվեյթի Ազգային վարչության ատենապետՄունիր Դարբինյանը, Քուվեյթի և Արաբական Ծոցի երկրների թեմական ժողովի ատենապետ Հարություն Բեդիրյանը, Համազգային հայ կրթական միության տեղապահ Ալվարդ Բաբլանյանը, ՀՄԸՄ Քուվեյթի մասնաճյուղի ատենադպիր Հովհաննես Սերոբյանը:
Նրանք կարևորեցին ՀՀ սփյուռքի նախարարության հատկապես «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին, «Իմ Հայաստան» և մյուս համահայկական փառատոններին համայնքի ակտիվ մասակցությունը: