Կանանց մեկամսյակը Միսլատայում մեկնարկեց աննախադեպ համերգով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/03/համերգ3-300x225.jpg)
«Արարատ» հայկական միության հերթական նախաձեռնությունը վերաբերում էր Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին, որի կապակցությամբ Միսլատայի երաժշտական կենտրոնի դահլիճում ներկայացվեց աննխադեպ համերգային ծրագիր:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են«Արարատ» հայկական միությունից, աշխարհահռչակ կոմպոզիտորներ և երգահաններ Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Ռևուտսկու, Դեբյուսիի և այլոց հանրահայտ գլուխգործոցները ավելի քան 200 հոգանոց դահլիճին հրամցրեցին վալենսաբնակ հայ և ուկրաինացի տաղանդավոր երաժիշտները՝ բարիտոն Էդգար Աբրամյանը, սոպրանո Աննա Ասոյանը, ջութակահարուհի Տաթևիկ Խաչատրյանը, դաշնակահարներ Միկոլա դորոշն ու Ալինա Սախնենկոն, ինչպես նաև հրավիրվածներ Ալեքսեյ և Սվետլանա Կրիսանովները:
Համերգին իրենց համագործակցությունը ցուցաբերեցին Միսլատայի մշակութային շարժում (MAM) միության անդամները, ովքեր ասմունքեցին իրենց իսկ ստեղծագործությունները: Ողջ համերգը նվիրված էր կնոջը, գարնանը, սիրուն և կյանքի զարթոնքին:
Հայազգի տաղանդավոր երգիչներ Աննա Ասոյանն ու Էդգար Աբրամյանը սովորում են Վալենսիայի կոնսերվատորիայում: Բացի վոկալից, Աննա Ասոյանը նաև դաշնակահար է, և համերգին հանդիսատեսին ներկայացրեց Արամ Խաչատրյանի «Անդանտինո» ստեղծագործությունը:
Ներկաները մեծագույն հաճույքով էին լսում Էդգար Աբրամյանի բարձրակարգ կատարումները, որոնք ուղեկցվում էին ոգևորիչ ծափողջույններով:
Իսկ ահա Վալենսիայի Արվեստի պալատի ջութակահարոհի Տաթևիկ Խաչատրյանի ներկայացրած մեղմահունչ մեղեդիները հուզմունք և կարոտ փոխանցեցին բոլորին: Եվ այս ամենը ուկրաինացի տաղանդավոր դաշնակահարներ Միկոլա Դորոշի և Ալինա Սախնենկոյի հիանալի կատարումների ուղեկցությամբ: Նրանք իրենց աննկարագրելի, բարձրակարգ ելույթներով պարզապես գերեցին հանդիսատեսին:
Ընթացիկ տարվա արդեն երկրորդ նմանատիպ համերգը կարծես թե աստիճանաբար վերածվում է լավագույն ավանդույթի հայաշատ Միսլատայում և Վալենսիայում, և խոստանում վառ ապագա և աշխարհագրության ընդլայնում: