Տեղի ունեցավ «Մայր իմ անուշ» խորագրով համերգ

 Մարտի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված «Մայր իմ անուշ» խորագրով համերգ, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Համերգի ընթացքում հնչեցին հայկական ժողովրդական երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ, մասնավորապես՝ կոմիտասյան և բաբաջանյանական կատարումներ: Պարային և երաժշտական համարներով հանդես եկան Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի ավանդական երգ ու պարի «Գորանի» համույթը, իրաքահայ երաժիշտներ Ռուբեն Օսկանյանը, Մարալ, Մարինե, Մասիս Տանիել Մանուկյանները, Մարիանա Սարգսյանը, Կարին Օսկանյանը, երգչուհիներ Արփի Սինանյանը, Սոնա Տեր-Ասատրյանը, Արմինե Սիմոնյանը, սիրիահայ կատարողներ  Մանե Եազջյանը, Սերլի Թեքեյանը, Անի Մոմջյանը, Սոնա Կարադանայանը, Ռազմիկ Քելխաչերյանը, Էոժենի Դալար Պոսդայանը:

Երեկոյի ընթացքում մայրերին նվիրված բանաստեղծություններով հանդես եկան Կալի Մարգարյանը և Լույս Մատլեն Պոսդայանը:

Համերգի ընթացքում ցուցադրվեց սիրիահայ և իրաքահայ երեխաների հետաքրքրությունների, Հայաստանի մասին առաջին տպավորությունների, նրանց երազանքների ու նպատակների մասին պատմող տեսանյութ:

Միջոցառման վերջում ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և նրանց հանձնեց շնորհակալագրեր:

2-1 3-1 4-1 6-1 5-1 7

 

Scroll Up