«Արի տուն» հայրենաճանաչողական ծրագիրը մի օր տունդարձի ճանապարհի սկիզբն է դառնալու».Արմինե Պետրոսյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում հայկական բազմաթիվ օջախներ իրենց ընտանեկան հարկի ներքո հյուրընկալել են սփյուռքահայ երեխաների, ընդունել նրանց հարազատի նման, հայկական ավանդական ընտանիքի ջերմությունն ու սերը փոխանցել մեր հայորդիներին: Այդ ընտանիքներից մեկի երիտասարդ ու հմայիչ տանտիրուհու՝Արմինե Պետրոսյանի հետ էլ մի փոքրիկ զրույց ունեցա «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի համար:

-Արմինե՛, հեռախոսային մեր նախնական զրույցի ժամանակ Դուք ասացիք, որ Ձեր տանը հյուրընկալել եք սփյուռքահայ երեք երեխաների. դժվար չէ՞ր, չէ՞ որ Դուք երկու փոքրիկ բալիկ ունեք:

-Ես այդ ծրագրի մասին տեղեկացա մանկապարտեզում, խորհրդակցեցի ամունուս՝ Արտակ Միքայելյանի հետ, եկանք ընդհանուր հայտարարի և որոշեցինք ընդունել մեր սփյուռքահայ երեխաներին: Անշու՛շտ, դժվար էր, սակայն ես սիրով, ջերմությամբ, գրկաբաց ընդունեցի նրանց և ջանում էի, որպեսզի մեր տանը, մեր ընտանիքի հետ անցկացրած ժամանակը հաճելի ու հիշարժան լինի նրանց համար: Իմ բալիկները՝ 6 և 3 տարեկան, սիրով շփվում էին այդ երեխաների հետ, հատկապես՝ ֆրանսիայից եկած երկու քույրիկների՝ 16-ամյա Անահիտ Սիլահալի և նրա քրոջ՝ 13-ամյա Անի Սիլահալի հետ: Նալչիկից մեր տանը հյուրընկալված Նելին այդքան շփվող չէր, ավելի ինքնամփոփ էր: Բոլորս շատ կապվեցիք այդ երեխաների հետ, մինչև այժմ կապը պահում ենք. փա՛ռք Աստծո, սոցիալական ցանցերն այդ հարցում մեծ օգնություն են:

-Կարո՞ղ եք հիշել, թե երեխաները Հայաստանի տեսարժան վայրերից որո՞վ էին առավելապես հիացած, տպավորված:

-Նրանք էքսկուրսիաներից տուն էին վերադառնում հարուստ տպավորություններով, հիացած, զարմացած…Հիշում եմ, որ առավելապես տպավորված էին Գառնի, Գեղարդ, Խորվիրապ և զորամաս կատարած այցելություններով: Նրանք այնքա՜ն ոգևորված էին Հայաստանով, որ որոշել էին իրենց ծնողներին խնդրել մի տուն գնել Հայրենիքում:

-Արմինե՛, իսկ Ձեր ընտանիքի հետ ի՞նչ միջոցառումների են մասնակցել:

-Մասնակցել են մկրտության արարողության, որից հատկապաես շատ տպավորված էին ֆրանսահայ քույրիկները: Նրանց տարել ենք սրճարան, զվարճանքի վայրեր, կարուսելներ են նստել , զանազան հետաքրքիր խաղեր խաղացել: Շատ սիրում էին շրջել Երևանի փողոցներով, լինել Հանրապետության հրապարակում:

-Համոզված եմ, որ նաև համեղ կերակրատեսակներով եք հյուրասիրել նրանց…

Այո՛, համեղ ու հայկական: Հաճախ նրանք՝ իրե՛նք էին պատվիրում, թե ինչ պատրաստեմ: Ամեն ինչ ախորժակով էին ուտում: Մե՛նք էլ նրանցից ինչ-որ բան սովորեցինք. սովորության համաձայն՝ մենք առաջին հերթին առավոտյան սուրճ էինք խմում և նրանց նույնպես մատուցում սուրճ, սակայն այդ խելացի երեխաներն ստիպեցին ու սովորեցրին մեզ սուրճից առաջ անպայման թեթևակի նախաճաշել:

-Արմինե՛, ի՞նչ կասեք «Արի տուն» հայրենաճանաչողական ծրագրի մասին:

-Լավ ծրագիր է, ուսուցողական. այն ընկերության, մարդասիրության և հյուրամեծարության յուրօրինակ դասեր է տալիս երկուստեք: Ես մի հետաքրքիր  միտք եմ առաջարկում, այն է՝ բոլոր տարիների հյուրընկալ ընտանիքներին մի օր հավաքել, զրուցել, ավելի մոտիկից ծանոթանալ: «Արի տուն»-ը առիթ է, որպեսզի Սփյուռքում ապրող երեխաները ծանոթանան իրենց Հայրենիքի պատմամշակութային հուշարձաններին, գեղատեսիլ վայրերին, շփվեն Հայաստանում ապրող իրենց հասակակիցների հետ: Թեև այս ծրագիրը հայրենաճանաչողական է, սակայն այն տունդարձի սկզբնական փոքրիկ արահետներից մեկն է:

-Այս տարի հյուընկալելու մտադրություն ունե՞ք…

-Սրտանց կուզեի, սակայն մեծ բալիկիս նախապատրաստական դասընթացների պետք է տանեմ, որովհետև այս տարի դպրոց է գնալու. երևի ժամանակ չունենամ:

Զրուցեց Կարինե Ավագյանը

unnamed

Scroll Up