«Հայրենիքն իմ կյանքի առանցքն է միշտ եղել».Շաքե Արծիվյան
Հայրենիքում հաստատաված շատ սփյուռքահայեր շարունակում են իրենց հայրենավեր գործունեությունը տարբեր ոլորտներում. նրանց համար ի շահ Հայրենիքի ու հայրենակիցների արված ամեն մի աշխատանք մտքի, հոգու և սրտի ներդաշնակության յուրօրինակ նվիրում է: Այդպիսի նվիրյալ մի հայուհու՝ 2011-ին Իրաքից հայրենադարձված հրաշալի մտավորականի՝ Շաքե Արծիվյանի հետ էլ ծավալվեց «Հայերն այսօր»-ի համար իմ հարցազրույցը:
-Տիկի՛ն Արծիվյան, ծանոթանալով Ձեր բազմաբովանդակ կենսագրությանը՝ զարամացած եմ Ձեր անցած ճանապարհների ծավալուն, հայրենավեր գործունեությամբ. դժվար չէ՞ր ընտանիք ունենալով հանդերձ՝ այդքան շատ բազմազբաղ լինել:
– Ես վաղուց եմ հետաքրքրված եղել հայությամբ և իմ Հայրենիքով, նրա արժեքներով, փայլուն ու ցավալի պատմությամբ: Քաջալերվել եմ ծնողներիցս, իսկ հետագայում՝ ամուսնուս կողմից: Երբեմն դժվար էր այդ բոլոր հետաքրքրություններիս գոհացում տալ, սակայն ուժեղ կամքով և նվիրվածությամբ կարողացել եմ հասնել հետաքրքրություններիս բավարարմանը, որովհետև դրանք հոգեպես ու գաղափարապես գոհացրել են ինձ, և ես զգացել եմ, որ կյանքս արժեք ունի, որից կարող եմ բաժին հանել նոր սերնդին, իմ շրջապատին:
-Սովորել եք Բաղդադի համալսարանում, մասնագիտացել անգլերեն լեզվի և գրականության գծով, ստացել մագիստրոսի կոչում, դասագիրք գրել, դասավանդել, անգլերեն լեզվով կատարել մի շարք ուսումնասիրություններ, ասմունքել, բանախոս եղել, անդամկցել Իրաքի հայ տիկնանց մշակութային միությանը, իսկ 1982-ից մինչև 2011-ը եղել այդ միության ատենապետուհին. այս բոլոր աշխատանքներից ո՞րն է եղել ամենից հոգեհարազատը Ձեզ համար:
-Իմ բոլոր հետաքրքրություններին ես ամուր կապված եմ եղել և մեծ սիրով ջանացել եմ դրանց գոհացում տալ: Թերևս Տիկնանց մշակութային միությունն ամենից շատ է ինձ ոգևորել, որովհետև համոզված եմ, որ հայ ընկերության զարգացման կենտրոնը հայ կինն է, ում մտավոր և հոգևոր մակարդակը բարձրացնելը հայության լուսավոր ապագայի գրավականն է:
-Պատվարժա՛ն հայուհի, Դուք նաև Իրաքահայ թեմի Հայաստանյայց առաքելական եկեղեցու կիրակնօրյա հավաքի հիմնադիրն եք եղել, հայոց լեզու եք դասավանդել. կարծեմ՝ այդ դպրոցն այսօր չի գործում, ի՞նչն է հիմնական պատճառը:
-Ազգային վարժարանը տարիներ շարունակ փորձել է Իրաքի հեռավոր գաղութում սերմանել հայ լեզվի իմացություն, հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն և, ընդհանրապես, հայ մշակույթ: 1974-ին, երբ ազգային և մասնավոր դպրոցներն Իրաքում պետականացվեցին, գաղութի զավակները զրկվեցին այդ ամենից: Առաջնորդ Սրբազան Հոր մտահղացմամբ Կիրակնօրյա հավաք ստեղծելը լավագոյն լուծումն էր այս ցավալի վիճակի: Իրաքի հայ տիկնանց մշակութային միությունը ստանձնեց այս հսկա գործը և ծրագիր մշակելով ՝անցավ նպատակի իրականացման աշխատանքներին: Ձեռնարկը շատ հաջող էր, ժամանակի ընթացքում աշակերտության թիվը (նախնական օրերին՝ 25) հասավ շուրջ 400-ի, և երեխաների հայերեն ու հայեցի գիտելիքների մակարդակը զգալիորեն բարձրացավ:
Դժբախտաբար, 2003-ի պատերազմից հետո, 17 տարվա բեղուն գործունեությունից հետո Կիրակնօրյան դադարեց գործել՝ երկրում տիրող ահավոր անապահովության, վտանգի պատճառով, և այդ վտանգի արդյունքում սկսվեց հայության զանգվածային արտագաղթը:
-Ե՞րբ եք տեղափոխվել Հայաստան և ի՞նչ աշխատանքով եք զբաղված այժմ:
Հայաստան եմ տեղափոխվել 2011-ին՝ Բաղդադի համալսարանում թոշակի անցնելուց հետո: Այսօր մասնավոր, պետական աշխատանք չունեմ: Անդամագրվել եմ ՀՕՄ-ին, որի՝ Արաբկիրի «Մգրո» մասնաճյուղի ատենապետուհին եմ:
-Ի՞նչ պարգևների եք արժանացել տարիների՝ Ձեր հայրենանվեր գործունեության համար և ի՞նչ խուրհուրդ ունեն դրանք Ձեզ համար:
-Եղել եմ Գալուստ Գյուլբենկյան հաստատության երկրորդական վարժարանի սան, գերազանցությամբ ավարտել եմ Բաղդադի համալսարանի անգլերեն բաժինը, ուսումս շարունակել եմ Գալուստ Գյուլբենկյան հաստատության հաշվին: AUB-ում մագիստրոսի ուսումնասիրությունս պաշտպանել եմ գերազանցությամբ, եղել եմ AUB-ի անգլերեն բաժնում graduate assistant, Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվել եմ «ՍահակՄեսրոպ» կոնդակ շքանշանով:
Ահա և այն ամենն, ինչը ես համարում եմ ճակատագրից ստացած պարգևներ, որոնք խթան են հանդիսացել, որպեսզի ավելի մեծ ոգևորությամբ և նվիրվածությամբ շարունակեմ ազգային գործունեությունս՝ մինչև կյանքիս վերջ:
-Տիկի՛ն Արծիվյան, ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը, Հայաստան ասելիս՝ ի՞նչ զգացումներ են համակում Ձեզ:
-Հայրենիքն իմ կյանքի առանցքն է միշտ եղել ու այն սիրելը, նրան ծառայելը՝ բացարձակ արժեք ու նպատակ է ինձ համար:
Զրուցեց Կարինե Ավագյանը