Արգենտինայի խորհրդարանի պատգամավորը և Արգենտինայի հայկական համագումարի ներկայացուցիչը Սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Արցախի Հանրապետության սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Արգենտինայի խորհրդարանի պատգամավոր, Քաղաքացիական ռադիկալ միության անդամ Բրենդա Օստինին և Արգենտինայի հայկական համագումարի ներկայացուցիչ Նիկոլաս Սաբունջյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին` նախարարը կարևորեց հեռավոր Արգենտինայի պատվիրակության մասնակցությունը ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական Արցախի պետականության կայացման գործընթացին: Նա նշեց, որ այցելելով Արցախ և անձամբ տեսնելով, առնչվելով ստեղծագործ, ազատատենչ ու տաղանդավոր ժողովրդին, նրանք կհամոզվեն, որ իրենց հողի վրա հազարամյակներ ապրող ու արարող ժողովուրդը ընդամենը իրացրել է իր ինքնորոշման իրավունքը: «Ուրախ եմ, որ դուք` դիտորդներդ ներկա եք գտնվելու ժողովրդի կամքի արտահայտմանը: Դուք կվայելեք Արցախի հրաշալի բնությունն ու ղարաբաղցու բացառիկ հյուրասիրությունը: Կտեսնեք, որ միջազգային ընդունված կանոններին համապատասխան, ձեր անմիջական մասնակցությամբ ինչպիսի արդար ու թափանցիկ հանրաքվե է իրականացվելու, ինչպիսի բարձր իրավագիտակցություն ունեցող ժողովուրդ է ապրում Արցախում»,- հավելեց նախարարը:

Նա նշեց, որ Արգենտինայի և Հայաստանի հարաբերությունները շատ սերտ ու բարեկամական են. «Մենք շատ հեռու ենք Արգենտինայից, բայց 120 հազար «դեսպան» ունենք` հրաշալի և կայացած հայկական համայնք, որը ակտիվորեն է մասնակցում համազգային ձեռնարկներին, ի դեմս Էդուարդո Էռնեկյանի, նաև նպաստում են Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Բրենդա Օստինը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ իր կուսակցության կողմից առաջադրված նախագահն է, որ առաջին անգամ Արգենտինայում արտասանել է Հայոց ցեղասպանություն եզրույթը և օրինակ ծառայել ուրիշների համար, ինչպես նաև ճանաչել է Հայաստանի Առաջին Հանրապետությունը: «Իսկ այսօր, վստահ եմ, որ մենք կկատարենք մեր Առաքելությունը` Արցախում ճանաչելով և հարգելով մարդու իրավունքները»:

Նախարարը ևս վստահություն հայտնեց, որ տարբեր երկրների և միջազգային կառույցների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի սահմանադրական բարեփոխման գործընթացին, կլինի ևս մեկ քայլ դեպի Հանրապետության միջազգային ճանաչումն ու Արցախյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը:

77 78

Scroll Up