«Լեզուն ազգի ինքնության պահպանման առաջին գրավականն է». Մարտին Գիլավյան

Մայրենիի տոնի՝ Փետրվարի 21-ի առիթով չէ միայն, որ լեզվի խնդիրներով մտահոգ մասնագետները,  մեր հասարակության ոչ այնքան ստվար մի զանգված, տպագիր մամուլում, համացանցային կայքերում, սոցցանցերում իրենց  վրդովմունքն են արտահայտում լեզվի աղավաղումների դեմ, փորձում ինչ-որ լուծումներ առաջարկել, ելքեր գտնել, պատկան մարմինների դռները բախել՝  մեր ինքնության ու գոյատևման հույժ կարևոր  սյուներից մեկի՝ հայերենի աղճատումների հետ կապված հարցերով: Այս թեմայի շուրջ էլ «Հայերն այսօր»– ի համար ծավալվեց իմ զրույցը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարտին Գիլավյանի հետ:

-Պարո՛ն Գիլավյան, մեր զրույցն սկսենք Ձեր անցած գիտական ճանապարհից:

-Իմ գիտական ուղղությունը Նորագույն շրջանի հայ պոեզիան է՝ սկսած 60-ական թվականներից մինչև մեր օրերը, զբաղվել եմ նաև գրական կապերով, իմ թեկնածուական ատենախոսության թեման եղել է «Ռուսական սիմվոլիզմը և արևելահայ պոեզիան», դոկտորական աշխատանքիս թեման եղել է«50-60-ական թվականների հայ պոեզիայի զարգացման միտումներն ու օրինաչափությունները», հիմնականում այժմ զբաղվում եմ նորագույն շրջանի հայ բանաստեղծներով: Բավականին շատ հոդվածներ ունեմ Ակսել Բակունցի, Սերո Խանզադյանի,Վարդգես Պետրոսյանի, Սուրեն Այվազյանի մասին, ամենավերջինը եղել է Գոնսալո Գուանչի «Հայկական տոհմածառ» վեպի մասին, որը տպագրվել է «Գարուն» ամսագրում. դա Հայոց եղեռնի մասին օտար գրողի հրաշալի ստեղծագործություն է, որն ընդգրկել եմ բառացիորեն վերջերս լույս տեսած իմ գրքում:

-Դուք բանասեր եք, գրականագետ, ով նաև գեղեցիկ խոսքի, գեղեցիկ մայրենիի  ջահակիրներից մեկն  է և, բնականաբար, մտահոգված եք հայոց լեզվի աղավաղումների հարցով:  Փետրվարի 21-ին նշում ենք Մայրենիի օրը, որն, ինչպես գիտեք, ՀՀ սփյուռքի նախարարի նախաձեռնություններից մեկն է. ի՞նչ կասեք այդ տոնի առիթով:

-Օրվա խորհուրդը, հիրավի, մեծ է, նշանակալից: Այժմ նշվող բազմաթիվ ու բազմապիսի տոների շարքում այն առանձնանաում է իր բովանդակությամբ, շահեկանությամբ, կարևորությամբ. մեր լեզվի վիճակը ներկայում շատ բարդ է…

-Կարելի՞ է աղետալի համարել լեզվի արդի վիճակը…

-Նույնիսկ՝ շատ աղետալի. կարդում ես ցանկացած գիրք, ունկնդրում և ակնդրում ռադիոհեռուստահաղորդումներ, նույնիսկ՝ մեր պատգամավորների ելույթները, իսկ սերիալների լեզվի մասին էլ չեմ խոսում և հիասթափվում, դառնանում, զայրանում ես…Տպավորություն է, թե ինչ-որ մեկն ուզում է վրեժ լուծել մեր լեզվից. կորել է մեր գեղեցիկ հայերենի համնուհոտը, քաղցրությունը, Բակունցի, Համո Սահյանի լեզուն…Ազգային ժողովի որոշ պատգամավորների խոսքը լսելիս՝ ակամայից մտածում ես, թե արդյոք նա դպրոցում սովորե՞լ է հայերեն…Գուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց ամենուրեք գերիշխում է երթուղային (մարշրուտնու) վարորդների լեզուն,    և ամենացավալին այն է, որ դա նաև տեղափոխվում է ընտանիք, դպրոց, մամուլ, հեռուստատեսություն, Ազգային ժողով…Ես աղետալի եմ համարում հայոց լեզվի վիճակը և ողջունում եմ Սփյուռքի նախարարի նախաձեռնությունն ու շատ օգտակար եմ համարում այն, հայանպաստ: Այդ տոնը պետք է ավելի լայն տարածում գտնի, մտնի յուրաքանչյուր դպրոց, յուրաքանչյուր տուն, Հայաստանի ցանկացած անկյուն: Մենք պետք է վերականգնենք մեր ժողովրդական լեզվի համնուհոտը, սակայն դա  չի նշանակում, թե յուրաքանչյուրը պետք է խոսի իր բարբառով. բարբառներն, անշուշտ, լեզվի հարստացման աղբյուր են, ոսկեղեն գանձ են, որոնցից մենք պետք է կարողանանք օգտվել:

-Պարո՛ն Գիլավյան, ի՞նչ մեթոդներով կարելի է հասնել հայոց լեզվի  աղավաղումների՝ եթե ոչ ամբողջապես վերացմանը, ապա՝ գոնե նվազեցմանը:

-Իմ կարծիքով պետք է որոշակիորեն ուժեղացնել Լեզվի պետական տեսչության դերը, նրան ինչ-որ լծակներ տրամադրել. կլինի դա տուգանքների ձևով, թե՝ այլ մեթոդներով, միայն թե ՝լինի: Ասենք, եթե մեկն իր խանութի վրա տեղադրել է միայն օտար լեզվով ցուցանակ, պետք է փակել տվյալ խանութը,ընկերությունը, որը դաս կլինի մյուսների համար, թեև սա իրատեսական չեմ համարում: Շատերն են գրում միայն անգլերեն լեզվով. կարծես թե միայն անգլիացիներն ու անգլախոսներն են այդտեղից առևտուր անելու կամ էլ՝ բոլոր հայերը տիրապետում են անգլերենին: Եվ, ի վերջո, մեր պետական լեզուն հայերենն է: Կարելի է կիրառել նաև տուգանքներ, որոնք զգալի չափով  կխփեն  մայրենիի դեմ մեղանչողի գրպանին, եկամուտին: Գուցե գտնեն նաև ուրիշ լծակներ: Գուցե կարելի է մայրենիի ուսուցիչներին հավելավճարներ տալ. սա էլ է մեթոդներից մեկը: Անդրադառնամ   գրահրատակչություններին. ազատություն է, չկա գրաքննչություն, սակայն դա չի նշանակում, որ գումար ունեցող յուրաքանչյուրը կարող է գիրք հրատարակել և հրամցնել հասարակությանը: Մեզանում չկա խմբագիր հասկացությունը կամ էլ՝ զուտ  ձևական բնույթ է կրում: Հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել մանկական  գրականությանը. չի՛ կարելի երեխաներին հրամցնել՝ ինչ պատահի: Գոնե երեխաների համար տպագրվող գրքերը ինչ-որ մի խողովակով պետք է անցնեն, պետք է զգույշ լինել ու վերահսկել այդ դաշտը. չմոռանանք, որ մենք գործ ունենք երեխաների հետ: Լեզվի համար շատ բան պետք է անել, չպետք է խնայել ոչինչ ՝ այդ ոլորտը անաղարտ պահելու համար: Լեզուն ազգի ինքնության պահպանման առաջին գրավականն է: Պատահական չէ, որ օտար նվաճողներն առաջին հերթին  մեր դպրոցները, մամուլն են փակել: Պատահական չէ, որ Մաշտոցի գրերի գյուտից հետո Հայաստան աշխարհի սահմանամերձ շրջաններում, նահանգներում ոչ թե եկեղեցիներ սկսեցին կառուցել, այլ՝ բերդեր ու դպրոցներ: Դպրոցը բերդի, ամրոցի դեր է կատարել, դպրոցի հայոց լեզվի ուսուցիչներն ու աշակերտները բերդապահ սահմանապահներ են եղել. մենք չպե՛տք է մոռանանք պատմության դասերը: Պարույր Սևակն է հրաշալի ասել.«Աշխարհի առաջադեմ ժողովուրդների համար պատմությունը  անցնելիք ճանապարհը լուսավորող հզոր լուսարձակ է, իսկ մենք շատ հաճախ պատմությունը մեզ համար դարձնում ենք վահան ու վախվորած քայլում ենք նրա ետևից»: Լեզուն զենքից հզոր է: Հրաշալի է ասել Համո Սահյանը.«Ժողովուրդների ուժը, հզորությունը չափվում է ոչ թե ունեցած զենքի, զորքի քանակով այլ՝ հոգևոր մաքառումների խորությամբ ու լայնությամբ», Գևորգ Էմինն էլ գրել է.«…Բառը արճիճի պես զգու՛յշ գործածիր,Նույն արճիճից են ձուլում, իմացիր, գնդակն ու տառը»:

-Ի՞նչ կասեք «է»  օժանդակ բայը ա-ով փոխարինելու հաճախադեպության մասին:

-Դա չարիքի փոքրագույնն է. եթե մեր պատգամավորները կարողանում են իրենց միտքը ճիշտ, մաքուր, գրական հայերեն բառերով արտահայտել, ոչինչ, որ ա-երով խոսեն, բայց երբ շատ մարդիկ Գողգոթայի փոխարեն  ասում են ՝ Գողագոթա, հյուսնի փոխարեն՝ հույսնը և նման այլ զավեշտալի արտահայտություններ, այ, դա՛ է սարսափելի:

-Ի՞նչ կասեք գրքերի մասին, որոնց կարդացողը չկա:

-Խորհրդային տարիներին գրքերի տպաքանակը ՝50 հազարով, 100 հազարով էր, դա էլ ճիշտ չէր. Ֆրանսիայի  ամենամեծ բանաստեղծներից մեկը՝ Ապոլիները,  իր կենդանության օրոք  հրատարակվել է 500 տպաքանակով և զարմացել է՝ասելով՝ մի՞թե 70 միլիոնանոց Ֆրանսիայում  500 հոգի պոեզիա հասկացող կա…3 միլիոնանոց Հայաստանում 100 հազար տպաքանակով գրքեր էին հրատարակվում, գրականությունը մի տեսակ շատ էր էժանացել. հիմա, իհարկե, չկա նման տպաքանակ, գուցե սա՛ է ճիշտը: Միայն գրքեր կարդալով չէ, որ երեխաները պետք է   լավ լեզու սովորեն: Մեր օրերում մեծ է հեռուստատեսության, համացանցի դերը.եթե տվյալ հեռուստաընկերությունը  ինչ–որ մեկի սեփականությունն է, դա չի նշանակում, որ ամեն տեսակի աղբ կարող են հրամցնել եթերից: Լավ կլինի, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն հայոց լեզվին  վարպետորեն տիրապետող, մասնագիտական մեծ փորձառություն ունեցող խմբագիր ունենա: Պետք է ստեղծել ու շատացնել գրական-գեղարվեստական հաղորդաշարերը: Էժանագին հեռուստասերիալների փոխարեն պետք է  հեռարձակել  հայոց լեզվին, պատմությանն ու գրականությանը նվիրված հաղորդումներ՝ ինչպես Խորհրդային տարիներին:

-Պարո՛ն Գիլավյան, այսօր բանասիրական կրթություն ստանալու ցանկություն ունեցողների թիվը, որքանով տեղյակ եմ, չունի իմ տարիների վարկանիշային ցուցանիշը, և, կարծեմ, ուսանողության մեծ մասը աղջիկներ են. այդպե՞ս է: Հայերենի ապագա մարտիկների տեսնու՞մ եք Ձեր ուսանողների շարքերում:

-Ասեմ, որ ես միշտ բարձր կարծիքի եմ եղել երիտասարդության մասին. յուրաքանչյուր հաջորդ սերունդ անպայմանորեն ավելի խելոք է նախորդից, ավելի զարգացած է: Չի կարելի ասել, թե հիմա ուսանողների մեծ հոսք կա դեպի բանասիրական ֆակուլտետ, դա պայմանավորված է հիմնականում դպրոցներից շրջանավարտներ քիչ լինելու պատճառով: Բանասիրական ֆակուլտետ հիմնականում գալիս են նվիրյալները: Մեր մանկավարժական համալսարանի  ուսանողների 90-95 տոկոսը գյուղական վայրերից է, հիմնականում՝ մանկավարժների ընտանիքներից: Գերակշռող մասը աղջիկներ են, ասպիրանտական տեղերը գրեթե թափուր են մնում: Տղաների համար հետագայում ընտանիք պահելու խնդիր կա: Մեր ֆակուլտետի ուսանողների շարքերում կան  հայերենի ապագա լավ ուսուցիչներ, հատուկենտ՝ ունենք նաև գրողներ, ստեղծագործող ուսանողներ: Չմոռանանք, որ մեր ֆակուլտետից են եղել նշանավոր գրողներ Սերո Խանզադյանը, Հրանտ Մաթևոսյանը, Ռազմիկ Դավոյանը…

-Ժողովրդի խոսքն այսօր համեմված է բարբառներով, առօրյա խոսակցական բառուբանով. ո՞րն է դրանցից ամենավտանգավորը՝ լեզու կորցնելու, աղավաղելու առումով:

-Ժարգո՛նը: Բարբառներից ոչ մի վտանգ չկա, դրանք մեր լեզվի համեմունքն են: Խիստ գրասենյակային, գրական լեզուն  ամեն տեղ  չէ, որ կարելի է գործածել:

-Ձեր բարեմաղթանքը Մայրենիի  օրվա առիթով:

-Մայրենին պետք է մի՛շտ հիշել, ոչ թե՝ տոնից տոն. Հեմինգուեյի բառերով ասած՝ տոն, որը միշտ մեզ հետ պետք է լինի:  Մենք պարտավոր ենք պահպանել մայրենին, ապրել մայրենիով:

-Պարո՛ն Գիլավյան, մեր զրույցն ամփոփենք հայոց լեզվի մասին Ձեր սիրած ասույթով:

–  Կրկին դիմեմ Սևակին, ով իր «Թրի դեմ գրիչ» հոդվածում մի այսպիսի միտք է արտահայտում. «Մեր զորավարների տարած փառավոր հաղթանակներից և ոչ մեկը չի կարող իր նշանակությամբ համեմատվել այն հաղթանակի հետ, որ տարավ Մաշտոցն իր 36 հոգանոց փոքրիկ ջոկատով»:

-Շնորհակալությո՛ւն, պարո՛ն Գիլավյան. հուսանք, որ Մայրենիի օրն այսուհետ շատ ավելի մեծ հնչեղություն ձեռք կբերի և կնպաստի նաև մեր  ոսկեղենիկ մայրենիի պահպանմանն ու անաղարտությանը:

Կարինե Ավագյան

 

Scroll Up