Բարսելոնայի հայկական մշակութային միության 2017 թվականի ծրագրերը նվիրված են լինելու Արցախին
Բարսելոնայի հայկական մշակութային միության անդամները, մեկօրյա դպրոցի աշակերտները և «Հայորդիք» պարախմբի սաները միացել են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը։
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, ընդառաջելով ԼՂՀ կառավարության կոչին, Միության անդամները Հայ բարեգործական ընդհանուր միության միջոցով նյութական օժանդակություն ցուցաբերեցին, ինչպես նաև՝ զորակցական հավաքներ նախաձեռնեցին Բարսելոնայում։
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ 2017 թվականի ընթացքում Միությունը նախատեսել է տարբեր բնույթի մշակութային և քարոզչական միջոցառումներ, որոնք նվիրված են լինելու Արցախին և արցախահայության խնդիրներին:
Միությունը, որ հիմնադրվել է 2006 թվականին, մշտապես ակտիվ նախաձեռնություններով է հանդես գալիս՝ կանգնելով արցախահայության, Արցախի ու Հայաստանի սահմաններին կանգնած զինվորների կողքին, ինչպես նաև՝ կազմակերպում է հայաճանաչության ու հայապահպանությանը նվիրված ծրագրեր Բարսելոնայում։
Միությունը, նաև, ԻԹ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ կազմակերպում է միջոցառումներ, ինչպես նաև՝ կարողության չափով սատարում դեսպանության կողմից տարվող աշխատանքներին: