Բոլոր երեխաները հպարտ են հայ զինվորով, ով երկիրը տանում է դեպի խաղաղություն. ամերիկահայ աշակերտներ

Փաստ է, որ շատ հաճախ  օտար ափերում  ծնված ու հասակ առած հայ երեխաների անմեղ հոգիներից բխող անմիջական ու անկեղծ խոսքերը զինվորների համար առավել անհրաժեշտ են քան՝ սնունդն ու տաք հագուստը։

Ամերիկայի ՀԲԸՄ Մանուկյան-ԴԵմիրճյան վարժարանի աշակերտների նամակներից պատառիկներ բառացիորեն լսելով, դուք ևս  կհամոզվեք, որ այդ խոսքերը մեծապես ոգևորում են սահմանին կանգնած հայ զինվորին։

12 -ամյա Դանիելը  գրում է. «Զինվո՛ր, քո քաջությունը, ուժը, սերը մեր սքանչելի երկրի հանդեպ ինձ շատ է հուզում, ես շատ շնորհակալ եմ, որ դու ամեն օր կյանքդ վտանգի մեջ ես դնում մեր Հայաստանի համար, չեմ կարող բացատրել թե որքան  հպարտ եմ քեզնով»:

Փոքրիկ Լիլին հայ զինվորի կողքին է իր ամենօրյա աղոթքներով. «Բարև՛, զինվոր, ես  մի հայ աղջիկ եմ, ով ամեն օր աղոթում է, որ դու ապահով ու անվտանգ ծառայես։ Դուք՝ բոլոր հայ զինվորներդ, մեր հայրենիքի և ժողովրդի պաշտպաններն եք։ Ամեն մարդ հանգիստ, ուրախ  և ապահով է ապրում,  քանի որ հայ զինվորն իր կյանքի գնով գիշեր ու ցերեկ,  սառնամանիքի ու փոթորիկի մեջ  անգամ, զենքը ձեռքին,  մեր սահմաններն է պաշտպանում: Այս մասին մտածելով՝ շատ անհանգիստ եմ. ուզում եմ, որ աշխարհում միշտ խաղաղություն լինի, որ  ոչ մի թուրք ոչ մի հայ զինվորի չսպանի։ Ես աղոթում եմ, որ բոլոր հայ զինվորները վերադառնան իրենց ընտանիքներ։ Հայ զինվորն աշխարհի ամենակարևոր, ամենահավատարիմ և ամենաքաջ զինվորն է»:

Փոքրիկ Առնեի կարծիքով Հայաստանի գոյությունը պայմանավորված է հայ զինվորի գոյությամբ: «Դուք Հայաստանի համար ամենակարևոր մարդիկ եք, եթե դուք չլինեք, Հայաստանն էլ չի լինի։ Բոլոր հայերը ձեզ գնահատում են և ցանկանում են, որ հաղթանակով տուն՝ ձեր մայրերի մո՛տ վերադառնաք:  Ես էլ  եմ ուզում, որ մի օր  Հայոց բանակի զինվոր դառնամ  և օգնեմ հայ ժողովրդին, երբ վտանգի մեջ լինի»:

Օտար ափերում անգամ փոքրիկ Մարկի մեջ արմատավորված է հային բնորոշ հյուրընկալությունը. «Զինվո՛ր, շատ շնորհակալ եմ և հպարտ, որ քեզ նման զորավոր զինվորը  ծառայում է մեր երկրին։ Երբ վերադառնաս ծառայությունից, մեր տան դռները բաց են քեզ համար»:

Իսկ փոքրիկ Ալեքսանդրան որոշել է հայ զինվորի և հայրենիքի պատիվը բարձր պահել՝ իր մայրենին լավ սովորելով. «Շատ բան գիտեմ հայոց քաջ հերոս զինվորների ու բանակի մասին։ Օտար երկրում ապրելով՝ աշխատում  եմ լավ սովորել, մնալ հայ և բարձր պահել մեր հայ զինվորի ու Հայրենիքի պատիվը»:

 Մի ուրիշ երեխա էլ, հավատալով զինվորի գերբնական ուժին, ասում է. «Զինվո՛ր, թույլ տուր, որ արևը նորից բարձրանա։ Դու այն պտուղն ես,  ով ծառայում է իր ազգին, ամեն մի շարժումով նոր սերմ ես ցանում, և ցանածդ յուրաքանչյուր սերմ ինչ-որ մեկի կյանքն է փրկում: Դու Հայաստանի նուռն ես՝ քաջ և զորավոր՝ ինչպես  նռան կեղևը, սիրտդ անուշ է՝ ինչպես նռան սիրտը»:

Փոքրիկ Նատալին ասում է. «Կյանքիս ամենահիշարժան  օրերն անց եմ կացրել Հայաստանում, բայց երբ լսում եմ, որ Մայր Հայրենիքը վտանգված է, ինքնակառավարումս կորցնում եմ։ Գիտեմ, որ դժվար է բանակում ծառայելը, սակայն վստահ եմ, որ հաճելի է, երբ Հայաստանն եք պաշտպանում այնպես, ինչպես կպաշտպանեք ձեր երեխային։ Ձեզ բարի ծառայություն եմ մաղթում»:

Դիանան հպարտ է Ղարաբաղի առաջնագծում ծառայող իր երկու զարմիկներով, շնորհակալ է նրանց և բոլոր հայ զինվորներին, ովքեր այդքան մեծ գործ  են անում  հայ ժողովրդի համար։

Սփյուռքահայ փոքրիկ աղջնակներից մեկը ցանկանում է զորակոչվել և հայ զինվորի կողքին լինել. հետո ի՞նչ, որ աղջիկ է։

Փոքրիկ Մայքլն իրեն մտահոգող հարցեր ունի՝«Զինվո՛ր, չգիտեմ, թե ինչպես ես  ճաշ ուտում, երբ ես քնում, եթե գրեթե միշտ ծանր հրետանու կրակի տակ ես լինում: Դուք բոլորդ շատ քաջ եք, որ կարողանում եք Ղարաբաղի ռազմադաշտերում կռվել ու հաղթել:

Բոլոր երեխաները հպարտ են հայ զինվորով, ով երկիրը տանում է դեպի խաղաղություն։

Փա~ռք  ու պատիվ հայ զինվորին…»:

%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af1%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af2%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af3 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af4%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af5%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af6 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af7%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af8%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af9 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af10%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af11 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af12%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af13

Scroll Up