Նամակ հայ զինվորին՝ Աբխազիայից
Բարև սիրելի հա՛յ զինվոր: Այս նամակը գրում է Աբխազիայի Հանրապետության Սուխումի շրջանի Գումիստայի Հ. Չաքրյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Ասլանյան Ելենան:
Սիրելի՛ զինվոր, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ : Ցանկանում եմ Ձեզ և բոլոր մարտիկներին կապույտ երկինք, քաջ առողջություն և անփորձանք ծառայություն:
Ես սովորում եմ հայկական դպրոցում: Մենք ուսումնասիրում ենք հայոց լեզու,հայ գրականություն և հայոց պատմություն: Մենք ծանոթ ենք մեր բազմաչարչար ժողովրդի պատմությանը, գիտենք նրա վերելքների և վայրէջքների մասին: Գիտենք Վարդանանց քաջերի մասին, ծանոթ ենք Սարդարապատի հերոսամարտին: Գիտենք Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ Ֆաշիզմի դեմ կռվող հարյուրից ավելի հայ հերոսների մասին:
Մեր դպրոցը կրում է Սովետական Միության հերոս Հարություն Չաքրյանի անունը: Նա սովորել և ավարտել է մեր գյուղի դպրոցը, դարձել է զինվորական , բազմիցս պարգևատրվել է, դարձել է հրամանատար և ղեկավարել է Սևաստոպոլի Սապուն-Գարայի ազատագրումը, զոհվել է և հետմահու պարգևատրվել Սովետական Միության հերոսի կոչմամբ:
Գիտեմ, թե ինչպիսին է վիճակը սահմաններում, որ այնտեղ ամեն գիշեր կրակոցներ են լինում: Գիտեմ , թե ինչ դժվար է Ձեր գործը և հպարտ եմ, որ մեր սահմանները պաշտպանում են Ձեզ նման քաջարի մարտիկները: Գիտեմ, որ Դուք առաջնորդվում եք .«Ոչ մի քայլ ետ» կարգախոսով:Կա այդպիսի մասնագիտություն՝ պաշտպանել հայրենիքը: Փառք ու պատիվ Ձեզ, որ անտեսելով ամեն վտանգ ,կյանքի գնով ապահովում եք հայրենիքի անկախությունը:
Իհարկե պատերազմի մասին ես գիտեմ միայն հեռուստացույցից, թերթերից և ուրիշ աղբյուրներից: Կարդալով և տեսնելով այդ ամենը՝ հասկանում եմ, որ սարսափելի է, երբ պայթում են ռումբեր, երբ շուրջդ ավերվածություն է և ամեն վայրկյան կարող ես զրկվել կյանքից:
Ես չեմ ուզում, որ պատերազմներ լինեն: Այնպես որ, հայոց բանակի սիրելի՛ զինվորներ, խնդրում եմ, որ քաջի պես ծառայեք: Եվ իմացեք,որ տանը ձեզ միշտ սպասում են ձեր հարազատները:
Անցյալ ամառ ես մասնակցում էի «Արի տուն» ծրագրին: Մենք այցելեցինք հայկական զորամասերից մեկը:Եվ ես հնարավորություն ունեցա ծանոթանալ հայ զինվորի առօրյային:Լավ է, որ այժմ հայոց բանակը զինված է ժամանակակից տեխնիկայով և բարձր պատրաստվածություն և հմտություն ունեցող զինվորներով:
Ձեր բարձր պատրասվածությունը երևաց հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ նենգ թշնամին խախտեց հրադադարը: Մենք՝բոլորս, այդ աղետալի օրերին սրտի դողով էինք հետևում ճակատից եկող լուրերին և խոր վիշտ ապրեցինք յուրաքանչյուր զոհված զինվորի համար:
Հուսանք, որ այլևս երբեք այդպիսի բան չի կրկնվի և ոչ մի մայր չի սգա իր սիրասուն զավակի կորուստը:
Դուք մենակ չէիք: Ձեզ անմիջապես օգնության հասան նախկինում կռիվների թոհ ու բոհի միջով անցած մեր ազատամարտիկները, կանգնեցին Ձեր կողքին, թև ու թիկունք եղան այդ ծանր օրերին:
Ես հպարտ եմ, որ հայոց բանակում կռվում են քաջարի մարտիկներ, որոնք անկոտրում կամքով և համառ համարձակությամբ անսասան են պահում մեր հայրենիքի սահմանները:
Եվ հիմա ես կանգնած աստվածամոր պատկերի առջև, աղոթում եմ Ձեզ համար՝ Աստված Ձեզ պահապան:
Հարգանքներովով՝ Ելենա
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Մարդոյան Ազնիվ