«Հայաստան ասելիս՝ պապերիս արյան կա´նչն եմ զգում».Հանրիետ Անդրեասյան
Աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներից շատերն սփյուռքյան համայնքներում զբաղված են հայապահպան, ազգանպաստ գործունեությամբ, որի արձագանքները ՀՀ սփյուռքի նախարարության մշտական ուշադրության ներքո են և անպայմանորեն արժանանում են նախարարի բարձր գնահատանքին: Իրենց ծավալած գործունեությամբ Սփյուռքում ապրող հայերը կարողանում են նաև օգտակար լինել Հայաստանին ու Արցախ աշխարհին, և նրանցից ոչ բոլորն են բարձրաձայնում իրենց գործերի մասին: Այս և նման այլ հարցերի շուրջ էլ «Հայերն այսօր»-ի համար իմ զրույցը ծավալվեց Ավստրալիայից ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված հրաշալի հայուհու՝ Հանրիետ Անդրեասյանի հետ:
-Տիկի՛ն Հանրիետ, Ձեր հնչերանգից արդեն հասկացա, որ պարսկահայ եք. ասացեք խնդրեմ, թե Իրանի ո՞ր քաղաքում եք ծնվել, որտե՞ղ եք մեծացել և ինչպե՞ս եք հայտնվել Կանաչ մայրցամաքում:
-Այո՛, ճիշտ եք զգացել. ես ծնվել եմ Սողոմոն և Օվսաննա Գորգինյանների ընտանիքում, Իրանի հարավային Մասջիդ Սուլեյման քաղաքում, ուր ապրել ենք շուրջ 12 տարի, այնտեղ եմ սկսել հաճախել ամենօրյա հայկական դպրոց, այնուհետև ընտանիքով տեղափոխվել ենք մոտակա Ահվազ քաղաք, որը մոտ էր Իրաքի սահմանին: Այդ քաղաքում ապրել եմ շուրջ 23 տարի, որից հետո ամուսնուս՝Հայրիկ Անդրեասյանի հետ, տեղափոխվել ենք Ավստրալիա: Հաջորդ տարի կլրանա Ավստրալիայում ապրելու 30 տարին:
-Ի՞նչն էր Ավստրալիա տեղափոխվելու հիմնական դրդապատճառը, ինչու՞ ճանապարհները Ձեր ընտանիքին չբերեցին Հայասատան՝ Հայրենիք. այդ հարցն արդյոք քննարկվե՞լ է Ձեր ընտանիքում:
-Անկեղծ կասեմ, որ այդ հարցը չի քննարկվել մեր ընտանիքում, որովհետև այդ հարցը այնքան էլ ընդհանրացած չէր այն ժամանակ և, դժբախտաբար, այդ մասին բոլորովին չմտածեցինք: Մեր ապագան կառուցեցինք Ավստրալիայում, որտեղ հարազատներ ունեինք. այնտեղ էին ապրում մեծ հայրս ու մեծ մայրս, ամուսնուս քույրը: Երեք զավակներ ունեցանք՝ 2 աղջիկ, մի տղա, ովքեր մանկուց մեծացել ու դաստիարակվել են մեր հայեցի ընտանիքի ազգային արժեքներով հագեցած մթնոլորտում, հաճախել են հայկական ամենօրյա դպրոց: Ես մենեջմենթի և մարքեթինգի գծով եմ մասնագիտացել, ամուսինս էներգետիկ- տեխնոլոգ է. նա շատ առաջ գնաց իր մասնագիտության գծով: Շուրջ 23 տարի առաջ մենք ստեղծեցինք մեր սեփական բիզնեսը: Ամուսինս Սիդնեյում գործող բարձրավոլտ էլեկտրականությունն ապահովող մասնագետներից մեկն է. հետագայում, մեր երեխաները մեծանալով, միացան մեր բիզնեսին:
-Տիկի՛ն Հանրիետ, ես ականատես եղա Ձեր պարային գեղեցիկ կատարմանը. Դուք Ավստրալիայում Համազգայինի «Սասուն» մասնաճյուղի փոխնախագահն եք, համակարգում եք պարախմբի միջոցառումները ՝վարչական մարմնի գլխավորությամբ՝ Հարմիկ Հակոբյանի հետ և սերտորեն կապված եք մասնաճյուղի հայտնի «Սիդնեյ» պարախմբին. ինքներդ ընդգրկվա՞ծ եք այդ կազմում:
-Դեռևս փոքր հասակից շատ եմ սիրել պարել. Պարսկաստանում ապրածս տարիներին տարբեր քաղաքներում փոքր պարախմբերի կազմում եմ եղել, սակայն հետագայում չեմ շարունակել պարել, բայց պարի հանդեպ ունեցած սերս երբեք չի մարել իմ հոգում: Ես արդեն ընտանիք ունեի, երեք երեխաներ, որոնց մեծացնելն ու կրթելը պակաս արվեստ չէ, բացի այդ՝ բազմազբաղ եմ միութենական խնդիրներով, պարախմբի համերգների բոլոր պարագաների ապահովման հարցերով եմ զբաղված: Փոխարենը՝ երեք երեխաներս էլ պարախմբի անդամներ են, մանավանդ տղաս արտակարգ արդյունքներ է ցույց տալիս, աղջիկներս էլ ետ չեն մնում:
-Ի՞նչ հաճախականանությամբ եք լինում Հայաստանում և ի՞նչ առիթներով:
-Արդեն 6-րդ անգամ եմ Հայաստանում, առաջին անգամ եկել ենք ընտանիքով, որպեսզի երեխաներս տեսնեն, զգան Հայրենիքը: Հետագայում հարսանիքների և այլ միջոցառումների առիթով եմ եղել Հայրենիքում, իսկ 2008-ին եկանք Հայաստան «Սիդնեյ» պարախմբի ելույթի առիթով: Անցյալ տարվա հուլիս ամսին ՀՀ սփյուռքի նախարարության հրավերով եկա Հայաստան և մասնակցեցի «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին: Շատ ջերմ և հաճելի վերաբերմունքի եմ արժանացել նախարարության կողմից: Անչափ շնորհակալ եմ նաև Երևանի պետական համալսարանին. մեր ժողովուրդն, իսկապես, լա՛վն է:
-Իսկ Ձեր ծննդավայր երբեմն այցելու՞մ եք…Ի՞նչ եք թողել այնտեղ:
-Անշու՛շտ. ամեն անգամ, երբ եկել եմ Հայաստան, անպայման այցելել եմ ծննդավայր, որտեղ թանկ շիրիմներ ունենք: Երեխաներիս էլ ենք տարել այնտեղ՝ խնկարկելու մեր բոլոր հարազատների շիրիմների մոտ. դա մեր ընտանեկան, ավանդական դաստիարակության կարգուկանոնի կարևորագույն մասերից է: Ինչ եմ թողել այնտե՞ղ…բարեկամների, ծանոթների և ամենաքաղցր տարիներս՝ մանկության ու պատանեկության անուրջներս:
-Տիկի՛ն Հանրիետ, այս անգամ ի՞նչ առաքելությամբ եք Հայրենիքում:
-Այժմ ես Երևանի պետական համալսարանում հեռակա կարգով Հայոց պատմության 12 շաբաթվա սկզբնական դասընթացներին եմ մասնակցում և այդ առիթով եմ այստեղ: Մեծ սիրով ու հաճույքով եմ առնում այդ դասերը, որոնց կարիքն ունեի և շատ եմ կարևորում Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տված բարձրակարգ գիտելիքները: Մեծ պատիվ ունեմ, որովհետև այս ընթացքում նշանակվել եմ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականը Ավստրալիայում:
-Մեր զրույցի ընթացքում Դուք ասացիք, որ սեփական բիզնես ունեք Սիդնեյում, և Ձեր ամուսինը բոլոր գործերում, Ձեր բոլոր հայանպաստ ձեռնարկներում հովանավորում և աջակցում է Ձեզ. երևի տեղյակ եք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը 2016-ի հոկտեմբերից կյանքի է կոչել «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական մի հզոր շարժում, որին Սփյուռքից արձագանքել են մեր բազմաթիվ հայրենակիցներ. Դուք միացե՞լ եք այդ շարժմանը:
-Ես չէի ցանկանա խոսել արած գործերի մասին, որովհետև ամեն մարդ Աստծուց պետք է ստանա իր բարի գործի վարձքը և հնարավորինս չարտահայտվի այդ մասին: Ասեմ, որ հիացած եմ Սփյուռքի նախարարության՝ նախադեպը չունեցող նախաձեռնություններով. Հրանուշ Հակոբյանի անխոնջ աշխատանքը հայապահպանության հարցում շատ բարձր եմ գնահատում: Նախարարությունում ես ինձ շատ հոգեհարազատ միջավայրում եմ զգում, որովհետև բոլորից ստանում եմ դրական լիցքեր: Արցախի հետ կապված՝ մենք մասնակցում ենք հեռուստամարաթոների և բարեգործական բոլոր կազմակերպությունների աշխատանքներին: Հոգով ու սրտով մենք ամբողջ ընտանիքով Արցախի հետ ենք:
-Տիկի՛ն Անդրեասյան, դժվար չէ՞ Ավստրալիայում հայ մնալ և հայանպաստ գործունեություն ծավալել:
-Դյուրին չէ, սակայն դա անձնական մտածելակերպ է. եթե կա ցանկություն, կգտնես նաև հնարավորություն:
-Ի՞նչ է Հայրենիքը Ձեզ համար, ի՞նչ եք զգում Հայաստան ասելիս:
-Հայաստան ասելիս ՝ հզո՛ր եմ զգում ինձ, պապերիս արյան կա՛նչն եմ զգում. տու՛ն եմ զգում Հայաստան ասելիս, արևի ջերմությո՛ւն եմ զգում, անուշահամ մրգերի բույրն եմ առնում, մեր աղբյուրների պաղ ու քաղցրահամ ջրերի համն եմ զգում ու կարոտին ընկերանում:
-Շնորհակալությու՛ն, տիկին Հանրիետ. նաև ընդունեք բոլորիս շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Ավստրալիայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական նշանակվելու առիթով:
Զրուցեց Կարինե Ավագյանը