Նամակ իմ հայ զինվորին՝ «փոքր» և միևնույն ժամանակ «մեծ»
Բարև անծանոթ, բայց շատ հարազատ հայ զինվոր։
Ես Մերին եմ։ Ապրում եմ Ղազախստանի Պետրոպավլովսկ քաղաքում։ Սովորում եմ վեցերորդ դասարանում։ Ունեմ փոքր քույր և եղբայր։ Ես, բացի հանրակրթական դպրոցից, հաճախում եմ նաև հայկական դպրոց և հպարտ եմ, որ կարող եմ նամակ գրել մայրենիով։
Իմ հայ զինվոր՝ «փոքր» և միևնույն ժամանակ «մեծ»։ Այսպես եմ գրում, որովհետև տատիկս ձեր մասին խոսելիս ասում է «այդ փոքր երեխեքը…», իսկ պապիկս՝ «ապրեն մեր մեծ ու քաջ տղաները»։ Սկզբում ես չէի հասկանում, թե ինչու են նրանք այդպես ասում։ Հիմա, երբ հայոց լեզվի ուսուցչուհիս պատմեց ձեր սխրագործությունների մասին, ես հասկացա այդ խոսքերի իմաստը։
Իմ քաջ ու անվախ զինվոր, չնայած որ դու տարիքով «փոքր» ես, պաշտպանում ես մեր հայրենիքը «մեծի» պես։ Դու գիշեր ու ցերեկ, անձրևին ու ձյանը, կանգնած քո դիրքերում պահպանում ես մեր անդորրը։ Մենք անհոգ ապրում ենք խաղաղ երկնքի տակ, որովհետև դու կաս: Դու «փոքր» ես, բայց գրոհի ես ելնում թշնամու դեմ «մեծի» պես։ Մենք քեզնից սովորում ենք լինել հայ:
Իմ հարազատ զինվոր, դու մեր հայրենիքն ես, մեր ուժն ու ապագան: Ես հպարտանում եմ քեզնով, քո քաջությամբ, քո արիությամբ, քո նվիրվածությամբ, քո սիրով հայրենիքի հանդեպ։ Դու իրավունք ունես բարձր ու հպարտ կրելու «Հայրենիքի հերոս» կոչումը։
Ես շնորհավորում եմ քեզ, բոլոր հայ զինվորներին, ձեր հարազատներին և ողջ հայությանը Հայկական բանակի օրվա առթիվ և ցանկանում խաղաղ ու ջինջ երկինք, քաջ առողջություն ու բարձր տրամադրություն։
Թող հայ մայրերի աչքերում միայն ուրախության արցունքներ լինեն։ Թող հայ հայրերը հպարտանան իրենց զավակների սխրագործություններով, տատիկներն ու պապիկները հաղթական քոչարի պարեն, իսկ մեր հայրենիքը բարգավաճի և էլ ավելի հզորանա։
Աստված պահապան քեզ հայ զինվոր։
Հարգանքներով՝ Մերի Պետրոսյան
ՂՀ, Պետրոպավլովսկ
Ազգային վերածննդի №17 դպրոց
Ուսուցիչ՝ Ասլանյան Սիլվա