Բաբկեն արք. Չարյանի հովանավորությամբ տեղի է ունեցել երիտասարդական դասախոսությունների շարքի առաջին հանդիպումը

Մոնրեալ (Նորանոր) — Քրիստոնեական դաստիարակության խորհուրդը, Գերաշնորհ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանի հովանավորությամբ, ուրբաթ՝ հունվարի 20-ին, կազմակերպել էր Առաջնորդարանի երիտասարդական դասախոսությունների շարքի առաջին հանդիպումը՝ խորհրդի վարիչ Հոգեշնորհ Տ. Վարդան վրդ. Թաշչյանի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկացնում է Կանադայի Հայոց թեմի ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջը:

Դասախոսությունների շարքի առաջին նյութն էր «Երիտասարդությունը, Հայ եկեղեցին և հասարակական կյանքի ամենօրյա փոփոխությունները»: Ներկայացնելով թեման՝ Հայր Վարդանը խոսել է Աստվածաշնչի մասին և թե ինչո՞ւ է կարևոր ընտանիքներում կարդալ Աստծո խոսքը, ի՞նչն է մեզ հետ պահում եկեղեցի գնալուց, հայ հասարակության մեջ ինչպիսի՞ առավելություններ կամ թերություններ կան, ի՞ նչ է երիտասարդ, ընտանիք և եկեղեցի գաղափարները միացնող կապը, ինչպես նաև մի շարք այլ հարցերի մասին:

Դասախոսության մասնակից երիտասարդները հետաքրքրությամբ լսել են Հայր Սուրբին, ապա տեղի է ունեցել խմբային զրույց և կարծիքների փոխանակում, ինչպես նաև հնչել են հետաքրքրական և գործնական առաջարկներ:

Դասախոսության ավարտին տեղի է ունեցել խանդավառ և մտերմիկ հավաք:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ՝ փետրվարի 3-ին, ժամը 19:30-ին, Առաջնորդարանի դահլիճում:

 

Scroll Up