2017-ը ՝ Արցախի տարի. «Միայն միասնաբար, բոլոր ուժերը կենտրոնացնելո՛վ կարող ենք սատարել Արցախին». Ֆիրդուս Զաքարյան

ՀՀ սփյուռքի նախարարությունն իր 8-ամյա գործունեության ընթացքում հայանպաստ, հայապահպան բազմաթիվ աննախադեպ գաղափարներ, ծրագրեր է իրականացրել, և այդ ընթացքը շարունակական է: Նախարարությունն իր առջև գերակա խնդիրներ է դնում , և դրանք բոլորն իրականացնում.՝ մեծամասշտաբ աշխատանքներով: 2016թ. հոկտեմբերին Սփյուռքի նախարարության նախաձեռնած Լրագրողների համահայկական համաժողովի ընթացքում ծնված «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» կոչը վերածվեց մի հզոր շարժման, որի արձագանքները չուշացան. Սփյուռքից մեր հայրենակիցները միացան շարժմանը՝ իրենց լուման ներդնելով այդ կարևոր գործընթացում: Օրեցօր շարժումը հզորացավ և ընդգրկեց առավել լայն շրջանակներ: Դրա օրգանական շարունակությունն ասես դարձավ ՀՀ սփյուռքի նախարարի կողմից 2017-ը Արցախի տարի հռչակելու գաղափարը. այդ առիթով «Հայերն այսօր»-ի համար մեր  հարցազրույցի ընթացքում առավել հանգամանալից  խոսեց ՀՀ սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

-Ողջ աշխարհը թևակոխեց նոր՝ 2017 թվական: Սկսվող տարին, բնականաբար, նաև նոր գործերի, նոր ծրագրերի ու գաղափարների մտահղացման ընթացք է ենթադրում. բոլոր երկրները, այդ թվում ՝ նաև մեր Հայրենիքը , 2017-ից ունեն իրենց ակնկալիքները և ծրագրերի  իրականացման տեսլականը: Հարգարժա՛ն պարոն Զաքարյան, այս առումով ՀՀ սփյուռքի նախարարությունն ի՞նչ անելիքներ ունի ՝2017-ը Արցախի տարի հռչակելու հետ կապված:

Ինչպես արդեն հայտնի է, 2016-ի վերջում ՀՀ սփյուռքի նախարարը հանդես եկավ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» նախաձեռնությամբ, որը դարձավ մեծ շարժում, և , ի ուրախություն բոլորի, արդեն տվել է իր առաջին պտուղները, շոշափելի արդյունքները, իսկ 2016-ի վերջում տրված մամուլի ասուլիսի ժամանակ տիկին նախարարը նոր՝ 2017 թվականն, առաջարկեց հռչակել Արցախի տարի: Կարծում եմ, որ բոլոր այն աշխատանքները, որոնք նպատակաուղղված են Արցախի հզորացմանը,  համախմբման կարիք ունեն, դրանց մասին անհրաժեշտ է բարձրաձայնել, ինչպես նաև անհրաժեշտ է տարածել, մոբիլիզացնել հանրության բոլոր ռեսուրսները:

Արդենիսկ բոլոր ուղղություններով այդ թեմային առնչվող նամակներ են պատրաստվել նախարարությունում և առաքվել՝ ըստ հասցեների: Սփյուռքյան տարբեր հատվածներից արդեն բազմաթիվ արձագանքներ կան: Այդ թեմային առնչվող ամեն մի քայլ պետք է լուսաբանվի, տարածվի: Միայն հայտարարել, թե ցանկանում ենք, որ Արցախի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, շատ քիչ է, դա նշանակում է՝ ձեռքերը ծալել ու նստել: Մենք պետք է շարունակ աշխատենք այդ ուղղությամբ, ամեն օր պետք է ինչ-որ բան անել, որ այդ հաղթական, ցանկալի օրը մոտենա, և ցանկությունը իրականության վերածվի:

Հիշու՞մ եք, թե ապրիլին ազերիների կողմից ծավալած քառօրյա պատերազմական գործողություններից հետո համընդհանուր, համահայկական, համաժողովրդական աջակցության ինչպիսի մթնոլորտ ձևավորվեց. ամեն մեկն իր ուժերի ներածին չափով սատար կանգնեց Արցախին, սահմանները պահող զինվորներին, զոհված ու վիրավոր տղաների ընտանիքներին: Մեր ժողովուրդը նման դեպքերում կարողանում է համախմբվել, դառնալ մի բռունցք, մի ընտանիք, մի հզոր ու ամրակուռ ամրոց. նման օրինակներ շատ ունենք մեր պատմության ընթացքում: Այն ամենն, ինչ արվում և արվելու է Արցախի համար, շատ կարևոր է. չկան մեծ ու փոքր գործեր, կա աջակցությու՛ն, ներդրու՛մ, ուշադրությո՛ւն, հոգատարություն ու սեր:

Իմ որդին այս օրերին Արցախի, մեր երկրի դարպասները պաշտպանող զինվորներից մեկն է, նա վերջերս արձակուրդ էր եկել և մի հուզիչ դեպք պատմեց՝ կապված զինվորներին հասցեագրված անուշեղենի հետ ուղարկված նամակների մասին: Այդ նամակներից մեկը գրված է եղել արևմտահայերենով, անուշեղենի հետ նամակներ են ուղարկել նաև Երևանի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտները…Տանից, ծնողներից հեռու, սահմանին կանգնած զինվորի համար նման ուշադրությունը շատ մեծ ոգևորություն է առաջացնում: 2017 թվականն Արցախի հանդեպ առավել մեծ ուշադրության, հոգատարության կենտրոնացման տարի պետք է լինի. իհարկե, մենք միայն 2017 թվականով չենք սահմանափակվելու, այս շարժումը շարունակական ընթացք կունենա, հաջորդ տարիներին ևս կարելի է նման աշխատանքներ տանել:

-Պարո՛ն Զաքարյան, մեր սիրելի Արցախը կարծես թե դարձել է մեր հոգեզավակը, և մենք բոլորս մեր պարտքն ենք համարում աջակցել նրան. իսկ այս՝ Արցախի տարի հռչակված 2017ին, ինչպե՞ս , որքանո՞վ է արձագանքում և մասնակցում Արցախ աշխարհը:

Պատվարժան և հերոսական արցախցիները ևս մասնակիցն են այս շարժման. անգամ մեկ ծառ տնկելը, հող մշակելը, այդ հողում, սահմանամերձ գյուղերում ու շրջաններում ապրելը, ընտանիքներ կազմելն ու զավակներ ունենալն արդեն այդ շարժման հիմնասյուներից են: Անշո՛ւշտ, մենք կունենանք համատեղ ծրագրեր, իսկ աջակցությունները կլինեն տարբեր բնույթի՝ հոգևոր, տնտեսական, նյութական, մշակութային և այլն: Մենք Արցախի իշխանությունների հետ համատեղ և համահունչ կկազմակերպենք այդ աշխատանքները: Մեր նախարարությունում կգրանցվեն կատարված աշխատանքները. մենք կլինենք համակարգող մարմին:

-Պարո՛ն Զաքարյան, Ձեր կարծիքով Սփյուռքի նախարարության այս շարժմանը միանալու ցանկություն ունեցող այլ կազմակերպություններ, գերատեսչություններ ՝ իրենց աշխատանքային խմբերով, կլինե՞ն արդյոք:

-Անշու՛շտ, կլինեն: Բերեմ սիրիահայերի օրինակը. Սփյուռքի նախարարությունն, իհարկե, եղավ առաջամարտիկը, իսկ հետագայում միացան բոլոր գերատեսչությունները, ՀՀ նախագահի համապատասխան հանձնարարականից հետո բոլորը դարձան մի բռունցք և իրենց ռեսուրսներն ուղղեցին նույն կետին: Համոզված եմ, որ 2017-ը Արցախի տարի հռչակելու այս նոր ու համահայկական շարժմանը ևս կմիանան Հայաստանի և Սփյուռքի մեր շատ հայրենակիցներ, կազմակերպություններ, միություններ, պետական ու մասնավոր կառույցներ, գերատեսչություններ: Միայն այսպես միասնաբար կարող ենք սատարել Արցախին ու պաշտպանել մեր սահմանները՝ խոսքի ուժը միշտ դարձնելով նպատակ, իրականություն, գործ, նվիրում:

-Շնորհակալությու՛ն, պարոն Զաքարյան, հուսանք, որ ՀՀ սփյուռքի նախարարի հերթական ազգանպաստ նախաձեռնությունը ևս ողջ տարվա կտրվածքով կպսակվի հաջողությամբ: Սա, հիրավի, դեպի Լույսը տանող ճշմարիտ ճանապարհներից մեկն է, ուր խարսխվում են մարդն ու մարդկայինը, Հայրենիքն ու հայրենասերը, սերն՝ առ զմիմեանս:

 Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի

 

Scroll Up