Հայ-ուրուգվայական քաղաքական խորհրդակցություններ Երեւանում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/11/624.-Political-consultations-between-Armenia-and-Uruguay-13.11.2013.jpg)
Նոյեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ: Հայկական կողմը խորհրդակցություններում գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, իսկ ուրուգվայական կողմը` արտաքին գործերի նախարարի տեղակալ Լուիս Պորտոն:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ առկա ջերմ բարեկամական հարաբերությունների եւ քաղաքական երկկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ:
Կարեւորվեց առեւտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջային, մարզական եւ այլ բնագավառներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, գործարար համաժողովների եւ մշակութային օրերի անցկացումը: Քննարկվեցին տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ընդգծվեց միջազգային կառույցներում փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ամբողջացման կարեւորությունը: Երկուստեք ընդգծվեց, որ Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ մուտքի արտոնագրերի պահանջի վերացումն էապես կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը:
Խորհրդակցությունների շրջանակում ՀՀ եւ Ուրուգվայի ԱԳ փոխնախարարները փոխանակեցին Հայաստանի Հանրապետության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության կառավարությունների միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ վավերագրերը: Այս մասին «Հայերն այսօրին» հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: