Սիրով ու սիրո մեջ պահենք մեր Հայրենիքը

Պատմության գիրկն է անցնում ևս մեկ տարի՝ Հայոց համար ծանր ու փորձություններով,  շրջադարձային իրադարձություններով լի մի ընթացք, որի

սահմանաբաժանին կանգնած հայ մարդը, Հայաստան ու Արցախ աշխարհները, աշխարհասփյուռ հայությունն իրենց միահամուռ ջանքերի շնորհիվ դիմակայեցին թշնամյաց նենգ ու զավթողական, նվաճողական քաղաքականությանը, և մեր երիտասարդ տղաների կամքի ու արիության շնորհիվ, նրանցից շատերի կյանքի գնով մեր սահմանները մնացին անառիկ: Շուրջ 6 տարի հրթիռակոծվող Սիրիան, սիրիական մարգարիտներից թերևս ամենատառապյալներից ու ավերակվածներից՝ Հալեպը, հալածյալ դրախտավայր Քեսաբը մեր բաց ու արյունող վերքը դարձան, որոնց խաղաղության սպեղանի դրվեց Տիրոջ ամենակարող ձեռքով:

…Աստծո կամոք մեր սուրբ հողին ոտք դրեց Հռոմի ֆրանցիսկոս Պապը, ում առաքելությունն առ Հայաստան հետո պետք է իր խորհուրդն ու դրոշմը թողներ մեր պատմության ու կյանքի գրքի էջերին: Հայաստանում մեկնարկեց <<Ավրորա>> մարդասիրական մրցանակաբաշխությունը, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց Լրագրողների համահայկական համաժողովը, սկիզբ դրվեց <<Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար>> համահայկական շարժմանը, և համահայկական բազմաթիվ ծրագրեր իրականություն դարձան: Հայաստանն ապրեց վայրէջքի ու վերելքի աստիճանական շրջաններ, որոնք հետո պետք է իրենց ուրույն դրոշմը թողնեին մեր դարի ծանր ու մեծ՝ 2016-ի տարեգրության մեջ:

…Անցնող տարին իր հետ բերեց ու տանում է թե՛ տխրության, թե՛ ուրախության բազմաթիվ պահեր, որոնցից մեր հիշողության մեջ անջինջ են ապրիլյան քառօրյա պատերազմի հետքերը…Մեր նորօրյա հերոսների անուններով շատ երեխաներ լույս աշխարհ եկան, ու դեռ ծնվելու են լուսաչվի բազում հայորդիներ, Երկիր-մոլորակն իր առեղծվածային շրջապտույտում, մարդկային մտքի գալարներում չտեղավորվող ու չտարրալուծվող խորհուրդներ ունի՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ համար պահված. մեզ մնում է ապրել միայն մեր մկրտության խորհրդով ստացած ՝ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ ՈՒ ՍԵՐ երկնային ու երկրային հոգևոր արժեքներով, սուրբ գաղտնաբառերով:Թող՛ 2017-ը համայն աշխարհի հայության համար խաղաղության, առողջության, բարության, գիտական, մշակութային, մարզական, արվեստի, տնտեսության և այլ ոլորտներում լինի միայն նվաճումների ու ձեռքբերումների տարի, թո՛ղ հայ մարդը՝ ծանոթ ու անծանոթ իմ քույրերն ու եղբայրները, իմ գրչակից ընկերներն ապրեն բարեկեցիկ կյանքով, հայրենանվեր գործերով իմաստավորեն մեր կյանքը, և բոլորս սիրո՛վ ու սիրո մեջ պահենք մեր նշխար Հայրենիքը: Թող 2017-ն իր թվաբանական, աստղագիտական, մաթեմատիկական բոլոր հաշվարկների բանաձևումով ու վերջնահաշվարկով բազմապատկի հայի ու Հայաստանի ուրախությունները և կարողանանք դառնալ ու բարեբանել բարիք տվողին ու բարու սերմնացաններին:

Բանաստեղծուհի, լրագրող Կարինե Ավագյան

Scroll Up