Սասունի 100-ամյա դիմադրությունը
«Սասունի ինքնապաշտպանություն» ասելով` միանգամից մտաբերում ենք 1894, 1904 և 1915 թվականները: Մինչդեռ Սասունում հայերի դիմադրությունը չի ավարտվել 1915-ով, այլ տևել է մոտ 100 տարի՝ 1890-ականների վերջից մինչև 1990-ականներ:
Սովետական ժամանակաշրջանում տասնամյակներ շարունակ մեզ պարտադրված` «Հայ ազգը ամբողջովին բնաջնջվեց իր պատմական հայրենիքում» տողերը, ցավոք, շարունակում են տեղ գտնել պատմության դասագրքերում նաև Հայաստանի անկախացումից հետո: Սա գուցե բնական է այն պարագայում, երբ 70 տարի շարունակ արհեստականորեն մեկուսացված ու որոշակի շրջանակներում սահմանափակված հասարակությունը Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից ո՛չ գաղափար ուներ, ո՛չ էլ ուսումնասիրելու հնարավորություն: Հայերը այս քաղաքականության զոհն են դարձել հավասարապես և՛ Արևելյան, և՛ Արևմտյան Հայաստաններում: Մինչ Արևելյան Հայաստանում սովետական կառավարությունը քարոզում էր մոռանալ անցյալը, աքսորում և նույնիսկ գնդակահարում էր հայրենիքի մասին անգամ երգեր երգողներին, Արևմտյան Հայաստանում կրկնակի կոտորածների, իրավազրկումների, խտրականության ու ամեն կողմից մեկուսացման ենթարկվող հայերը չէին էլ համարձակվում մտածել, թե ինչ եղան սահմանից այն կողմ գաղթած իրենց ազգականները:
Անկախացումից հետո Հայաստանի բոլոր ջանքերն ուղղված էին ավելի շատ եղածը որպես ցեղասպանություն ապացուցելուն, ինչը շատ բնական էր, և այս ընթացքում պարզապես չհասցրինք մտածել Արևմտյան Հայաստանում մնացածների մասին, մանավանդ որ երկար ժամանակ դեռ համոզված էինք, որ բոլորը «ջնջվել են», ինչպես սովորեցնում էին սովետական դասագրքրեը: Դե, իսկ սփյուռքի տարբեր գաղթօջախներում ջանքերն ուղղված էին հայապահպանությանը և ցեղասպանված ազգի բեկորները ոտքի կանգնեցնելուն, իրենց լեզվի և մշակույթի պահպանման ջանքերի հետ մեկտեղ խնդիր ունեին անցյալի վերքերը նորոգելու, ու դեպի Թուրքիա հայացք գցելը չափազանց դժվար խնդիր էր երկար տարիներ:
Ներկայումս փրկվածների արդեն երրորդ և անգամ չորրորդ սերունդները, երբեմն իրար փնտրելով և գտնելով, բախվում են այնպիսի խնդիրների, որոնք հաղթահարելը չափազանց բարդ ու զգայուն հարց է. տարբեր լեզուներ, այլ մտածողություն ու ապրելակերպ և երբեմն` նաև կրոն:
Ցավոք, ժամանակն աշխատել է ի վնաս մեզ: Այժմ Արևմտյան Հայաստանի և այնտեղ մնացած հայերի մասին ուսումնասիրություն կատարելը թեև ավելի դյուրին է դարձել, սակայն այսքան ժամանակ անց շատ քիչ են մնացել բուն հիշողության կրողները, ովքեր մեզ պիտի ժառանգեին այն, ինչը բաց ենք թողել 100 տարվա ընթացքում:
Հին ու նոր Սասուն
Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո ամբողջ երկրի տարածքում վարչական փոփոխություններ կատարվեցին. կառավարությունը իրեն ավելի հարմար ու անվտանգ ձևով նախընտրեց «վերադասավորել» երկիրը: Պառակտվեց նաև Սասունը: Մշտապես ապստամբության օջախ հանդիսացող ըմբոստ Սասունը միասնական պահելը վտանգավոր էր նաև 1915թ.-ից հետո: Պատճառը ոչ միայն այնտեղ դեռևս դիմադրող բազմաթիվ հայերն էին, այլ նաև 1920-ականների վերջից ծավալվող քրդական ընդվզումները Թուրքիայում, որոնք իրենց հոսանքի տակ առան նաև Սասունը: Այսպիսով` Սասունում դեռևս փրկված ու գոյատևող մի քանի հազար հայեր նույնպես իրարից բաժանվեցին բռնի կերպով: Սասունի պատմական գավառներից միայն Փսանքի, Խաբըլջոզի, Խիյանքի, Խութի, Խարզանի, Տալվորիկի մի հատվածի տարածքները նախ կցվեցին Սղերդի նահանգին (1927): Կենտրոնը Խաբըլջոզի շրջանի մի հատված հանդիսացող գյուղաքաղաքը եղավ՝ դառնալով Սասուն քաղաք: Հետագայում (1935) այդ նույն տարածքը վերանվանվեց Սասոն: Այնուհետև Սասոնը Սղերդից տեղափոխվեց Բաթմանի նահանգ և այժմ էլ Բաթման նահանգի հյուսիսային մարզն է: Բուն Սասունը, այսինքն` Բոզկանը, կցվեց Մուշին: Մուշին է կցվել նաև Շատախը: Խուլբը Դիարբեքիրի նահանգի կազմում հայտնվեց: Մոտկանը մինչ այդ արդեն Բիթլիսին էր կցված, իսկ Հազզոյի շրջանը, Քոզլուք անվանափոխվելով, նախ Սղերդի առանձին մարզ էր կազմում, իսկ հիմա էլ Բաթմանի կազմում կրկին առանձին մարզի կարգավիճակ ունի:
Որքա՞ն հայ մնաց Սասունում
1915թ.-ի ցեղասպանությունից հետո Սասունից գաղթեց մոտ 10-15 հազար հայ: Նրանց մի մասը հաստատվեց Արևելյան Հայաստանում, մի մասը` Սիրիայում և Լիբանանում, որոշներն էլ հասան մինչև Եվրոպա և անգամ Ամերիկա (վերջիններս հիմնականում արտասահմանցի միսիոներների կողմից փրկված որբերն էին) : Ինքնապաշտպանության և կոտորածի ընթացքում սպանվածների թիվը տարբեր աղբյուրներում տատանվում է 40 000-ից մինչև 60 000 : Սակայն գրեթե ոչ մի գրական աղբյուր (ո՛չ գիտական, ո՛չ էլ գեղարվեստական) առհասարակ տեղեկություն չի տալիս այն մասին, թե որքան հայ մնաց Սասունում: Հայ պատմագրության մեջ Արևմտյան Հայաստանում մնացած ծպտյալ կամ իսլամացված հայերը հիմնականում դասվել են մահացածների շարքին կամ հիշատակվել են ընդհանրական և կարճ ձևակերպումներով` որպես ոչնչացված կամ թուրք և քուրդ ազգի մի մասնիկը դարձած, ինչը հավասարազոր էր մեռածների շարքին դասվելուն:
Անշուշտ, բացի կարծրատիպերից, անցյալում մեծ դեր էր խաղում որպես հայ Թուրքիայում ուսումնասիրություն կատարելու դժվարությունները, նաև հենց ծպտյալ հայերին հասնելու դժվարությունը, էլ չենք խոսում թվաքանակ պարզելու մասին: Ներկայումս` 3-4 սերունդ անց, նման հաշվարկ կատարելը բավականին բարդ խնդիր է, և ներկայացվում են բավականին հակասական ու երբեմն էլ իրարամերժ կարծիքներ Թուրքիայի ամբողջ տարածքում 100.000-ից մինչև անգամ 6 միլիոնի հասնող ծպտյալ հայերի մասին: Չմոռանանք նաև, որ այլ բան է պարզապես հայկական ծագում ունեցողների մասին խոսելը, և բոլորովին այլ բան, երբ խոսքը իրենց հայկական ծագման մասին տեղյակ եղողների, տեղյակ լինելուց հետո էլ այդ ծագումը չհերքող կամ հայկական ինքնությամբ ապրողների մասին է: Այս պարագայում բոլորովին այլ թվեր կարելի է ստանալ:
Թուրքիայում ազգային պատկանելության վերաբերյալ պաշտոնական մարդահամար չի անցկացվում, քանի որ, ըստ երկրի օրենսգրքի, բոլոր քաղաքացիները թուրք են, և համայնքերը տարանջատվում են միայն կրոնով: Ահա թե ինչու իսլամացած հայը Թուրքիայում նույնպես չի ընկալվում որպես հայ, և որպես հայկական համայնք է ներկայացվում միայն Կ.Պոլսի հայկական քրիստոնյա համայնքը: Սակայն հարկ է նշել, որ, անկախ կրոնական պատկանելությունից` բոլոր հայերը Թուրքիայում պետական վերահսկողության տակ են: Թյուր կարծիք է, թե իսլամ ընդունելով` հայերը ձերբազատվելու էին խտրականություններից: Թուրքական պետությունը պարբերաբար գաղտնի մարդահամրներ է անցկացրել իսլամացած հայերի թիվը և բոլոր անձնական տվյալները պարզելու, այս խմբերին վերահսկողության տակ պահելու համար:
Այլ խնդիր է նաև այն, որ թյուրիմացաբար քրիստոնյա են ընկալվում միայն Կ.Պոլսի հայերը, սակայն Արևմտյան Հայաստանում ապրող քրիստոնյա հայերը, լինելով ցրված տարբեր բնակավայրերում և չունենալով միասնական գրանցված համայնք, դուրս են մնում այս շրջանակից: Այս խնդիրը առավել քան արդիական է եղել հենց Սասունի համար, որտեղ Ցեղասպանությունից հետո տասնյակ տարիներ ծպտյալ և մեկուսի կյանք վարելով` բարձրադիր լեռնային գյուղերում բնակվում էին մի քանի հազար քրիստոնյա հայեր, որոնց կապը Կ.Պոլսի և մյուս քրիստոնյա հայերի հետ բավականին ուշ է հաստատվել:
Սասունում գործող եկեղեցի չլինելու պատճառով շատերը ո՛չ պաշտոնապես կնքվել են, ո՛չ էլ հաշվառվել են որպես քրիստոնյա: Նրանցից շատերը միայն Ստամբուլ գալուց հետո են պաշտոնապես փասթաթղթերում նշել քրիստոնյա բառն ու կնքվել: Չնայած դրան` տասնամյակներ շարունակ իրենց գյուղերում պահել են քրիստոնեական ավանդույթներն ու եկեղեցի են այցելել տոն օրերին: Սակայն այդ եկեղեցիներում ո՛չ հոգևորական կար, ո՛չ էլ կրոնական արարողություններ: Տարիներ շարունակ լեռներում ծպտված այս մարդկանց մասին չեն իմացել անգամ Կ.Պոլսի հայերը և Պատրիարքարանը:
1915թ.-ից հետո փրկված և Սասունում մնացած հայերը հիմնականում ապաստանեցին Մարաթուկ լեռան փեշերին գտնվող գյուղերում: Դրանք ոչ միայն այդ գյուղերի բնակիչներն էին, այլ նաև Սասունի այլ գյուղերից փախած և այդտեղ ապաստանածները, քանի որ մեծ նշանակություն ուներ, թե ո´ր գյուղը ո´ր քրդական կամ արաբական աշիրեթի իշխանության տակ էր: Մարաթուկի մոտ գյուղերի մեծ մասում իշխում էր Շիգո-Շեկո աշիրեթը, որոնց ցեղապետերը ծագումով հայ էին և բազմաթիվ հայերի են փրկել: Բացի այդ, Մարաթուկը ինքնապաշտպանության կենտրոն էր, նաև անառիկ աշխարհագրական դիրք ուներ, կարճ ասած` դարձել էր փրկված հայերի հավաքատեղին: Այստեղ ապաստանածների մի մասը ժամանակի հետ իսլամացավ, մի մասն էլ պահպանեց կրոնը մեծ դժվարություններով: Ցեղասպանության ընթացքում նաև տարբեր այլ արաբական և քրդական աշիրեթների մեջ ներառվեցին շատ հայեր` հայ կանայք, որբեր, նաև ամբողջական ընտանիքներ: Զգալի մասը բռնի իսլամացվեց, մի մասն էլ պաշտպանություն գտավ հայերին աջակցող աշիրեթներում:
Սասունում մնացած հայերը կարողացան փրկվել 3 հիմնական պատճառով.
1. Աշխարհագրական անառիկ դիրք:
2. Ինքնապաշտպանության կազմակերպում:
3. Քրդերի հետ ունեցած հարաբերությունները (հայերին օգնել են նաև արաբական աշիրեթների մեծ մասը):
Այստեղ հարկ է նշել, որ Սասունում տեղի քրդերի հետ հայերի հարաբերությունները բավականին սերտ էին, շատերը պաշտպանել են հայերին: Սասունի քրդերից միայն չորս աշիրեթ է մասնակցել կոտորածին: Հիմնական կոտորողները այլ վայրերից բերված վարձկան քրդերն էին, ովքեր ակտիվորեն մասնակցում էին կոտորածին ու զավթում էին հող և ունեցվածք: Դրանք էլ հայերի կոտորվելուց և գաղթելուց հետո հաստատվեցին հայկական գյուղերում: Նրանց գյուղերում դեռևս հայտնի են հին հայկական տեղանունները, ավերված եկեղեցիներն ու հայկական հին գերեզմանատները: Անշուշտ, հայերին պաշտպանելու նպատակով թաքցնող մահմեդականներից ոչ բոլորի նպատակներն էին բարի. որոշ ժամանակ անց պաշտպանության նպատակով թաքցված հայերը դառնում էին նրանց ծառաները՝ հովիվ, սպասուհի և այլն, շատերին էլ, ամուսնացնելով մահեմդականների հետ, ձուլեցին:
Մահեմդական հայերի թիվը հստակ չէ. նրանց մեծ մասը Խաբըլջոզի տարածքում դեռ Մարաթուկի փեշերին է բնակվում, նաև՝ Խաբըլջոզի այլ հատվածներում: Մահմեդական հայերի գյուղեր կան Հազզոյում, Մոտկանում, Խուլբում, Փսանքում: Նրանց մի հատվածը 1915թ.-ից հետո շարունակել է խոսել հայերեն, սակայն ներկայիս սերունդը արդեն արաբախոս և քրդախոս է:
Բնականաբար, մահմեդական հայերի կարգավիճակը, ըստ վայրի և իշխող աշիրեթի,տարբեր է: Անշուշտ, տարբեր կարգավիճակ ունեն այն հայերի թոռները, ովքեր ամբողջական գերդաստաններով են իսլամացել և շարունակել իրենց կյանքը նույն տեղանքում, «փոքրիկ համայնքեր» ստեղծել՝ հնարավորություն ունենալով իրենց երեխաներին ամուսնացնել մյուս մահմեդական հայերի, այլ ոչ թե քրդերի կամ արաբների հետ: Սա, օրինակ, ավելի շատ հատուկ է Շեկո աշիրեթի մեջ ապաստան գտած, Մարաթուկի փեշին գտնվող մահմեդական հայերի մի շարք գյուղերի բնակիչներին: Նրանք ավելի երկար տարիներ հնարավորություն ունեցան հայերենը պահպանելու, հայկական որոշ տոների ավանդույթները շարունակելու:
Բոլորովին այլ կարգավիճակ ունեն այն հայերը, որոնց պապիկներին կամ տատիկներին անհատապես որդեգրել, փախցրել, բռնի իսլամացրել կամ թաքցրել էին տարբեր աշիրեթների մահմեդականներ: Այս հայերը, բնականաբար, ավելի մեկուսի և լքված կարգավիճակ ունենալով, ժամանակի ընթացքում պետք է հաշտվեին սեփական կրոնը, լեզուն ու մշակույթը իրենց կյանքից ջնջելու մտքին, քանի որ, իրենց կամքից անկախ, ծառայում էին մահմեդականներին, երեխաներ պարգևում ցեղասպան ազգին և, անշուշտ, հաճախ լռում իրենց իսկական ինքության ու ապրած ցավերի մասին: Լռության պատնեշը որոշ չափով հաջովել է քանդել միայն մի քանի սերունդ անց, և սովորաբար դա արել են այս մարդկանց թոռները: Վերջիններիս դեպքում հաճախ իրենց՝ հատկապես հայ տատիկների հանդեպ սերն ու կապվածությունը առիթ է հանդիսացել նրանց ցավը կիսելու, իսկ հետագայում դա ուրիշներին պատմելու համար:
1915թ.-ին բռնի ուժով մահմեդական ընտանիքներ տարված (կամ էլ պաշտպանության տակ առնված և հետագայում մահմեդականացած) հայ որբերի, կանանց և աղջիկների ժառանգներն անհաշվելի են: Սասունում գրեթե չկա այնպիսի մի գյուղ, որտեղ գոնե մեկ ընտանիք չունենա հայերի հետ որևէ առնչություն: Նրանց շրջանում շատ են ինչպես դա հերքողները, այնպես էլ հաստատողները: 1915-ին, հայերից մնացած ավարի հետ միասին, իրենց բաժին հասած բազմաթիվ հայ կանանց և երեխաների բռնի ուժով իսլամացրել են հատկապես Խիյանքի քրդերը, Բադըկան, Հեվեդան, Նեդերան աշիրեթների քրդերը Խուլբում, նաև՝ Կենդո և Կեկո աշիրեթները Փսանքում:
Արաբների և քրդերի կողմից պաշտպանության նպատակով թաքցված ու հետագայում մահմեդական դարձած հայեր կան Խաբըլջոզի կենտրոնում, արաբախոս Քորամ աշիրեթում և այլուր:
Իսլամացումը Սասունում և ամբողջ Արևտմյան Հայաստանում չի ավարտվել 1915թ.-ով: Փրկված հայերի հանդեպ ճնշումները շարունակվեցին 1920-30-ական, 1950-ական և 1970-80-ական թթ.-ին: Այս ընթացքում 1915-ից հետո բավականին մեծ թվով հայեր իսլամացան, որոնք 1915 թ.-ին հաջողեցին պահպանել կրոնը և ապաստան գտան տարբեր գյուղերում, սակայն տարիների ընթացքում մահմեդական բնակչության և պետության կողմից ճնշումների պատճառով ստիպված կրոնափոխ են եղել. ոմանք դա արել են ձևականորեն՝ ընտանիքի ներսում պահպանելով հայկական ինքնությունը, ոմանք էլ, ընդհանկառակը, վերածվել են մոլեռանդ մահմեդականների:
Ի դեպ, շատ ժամանակ չանցած` Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո, թուրքերը իրենց նախկին բարեկամ քրդերին ցույց տվեցին, որ այլևս չեն պատրաստվում հովանավորել վերջիններիս, (չէ՞ որ այլևս նրանց կարիքը չունեին հայերին ցեղասպանելու համար) և հայերից առնված թալանն էլ կամաց-կամաց սպառվում էր, եկվոր քրդերն էլ սովոր չէին սեփական աշխատանքով վաստակել: Նրանք, մշտապես մի վայրից մյուսը անցնելով, թալանի միջոցով էին գոյատևում: Բնականաբար, թուրքական կառավարության կողմից խիստ հարկերի հավաքագրումը, ինչը տարածվում էր նաև արդեն արտոնություն չվայելող քրդերի վրա, մեծ բախումների և անգամ զինված ապստամբության առիթ դարձավ: Հետաքրքրական է, որ այս ընթացքում Սասունի այն հայերը, ովքեր հիմնականում արաբական աշիրեթների մեջ էին ծպտված, արաբների հետ միասին մասնակցեցին քրդական ընդվզումների ճնշմանը և ինչ-որ իմաստով իրենց հաշվեհարդարը տեսան վերջիններիս հետ: Նրանց թվում էին և´ իսլամացած, և´ քրիստոնյա հայեր:
1980-ականներին քրդական շարժման ժամանակ նաև արաբացած հայերի զգալի հատվածն է ակտիվորեն օգնել արաբներին ու թուրք զինվորներին Սասունում քրդական շարժումը ճնշելու հարցում: Սակայն չմոռանանք նաև, որ ճակատագրի հեգնանքով երբեմն քրդացած հայը և արաբացած հայը միմյանց դեմ էին դուրս գալիս:
Այստեղ, բացի հայերի անձնական վրեժխնդրությունից, մեծ դեր խաղաց նաև թուրքական պետական հակաքրդական քարոզչությունը:
Ծպտյալսասունցիներիառաջին «հայտնությունը»
1930-ականներին Շնորհք պատրիարք Գալուստյանը Արևմտյան Հայաստանի տարբեր անկյուններ մարդիկ ուղարկեց և ամենախուլ գավառներից անգամ բազմաթիվ հայեր դարձի բերեց (այդ թվում նաև հայ որբերի): Բազմաթիվ հայ երեխաներ այդ ժամանակ Կ.Պոլիս բերվելով՝ փրկվեցին իսլամացումից և ձուլումից, մկրտվեցին ու ստացան հայեցի կրթություն: Ահա հենց այդ ժամանակ էր, որ ցեղասպանությունից հետո առաջին անգամ «արտաքին աշխարհից» հայեր ոտք դրեցին Սասուն և տեսան 1915-ից հետո 15-20 տարի շարունակ լեռներում ծպտված հայերի, որոնց մի մասը դեռ լեռներից գյուղեր չէր իջել անգամ: Շնորհք պատրիարքի այս մեծագույն գործը, անշուշտ, թուրքական կառավարության կողմից անընդհատ խոչընդոտվելով, բազմաթիվ արգելքների էր հանդիպում: Բացի այդ, Սասունն իր անառիկ դիրքով, անանցանելի լեռնային ճանապարհների պատճառով երբեմն անհասանելի էր նաև պատրիարքի ուղարկած մադրկանց համար: Սակայն, այնումանայնիվ, որոշակի թվով հայեր այդ ժամանակ տեղափոխվեցին Կ.Պոլիս:
Նոր գաղթի մի քանի փուլ
1930-ականների քրդական ապստամբություններն ու դրանց հետևանքով առաջացած արյունահեղությունը, նաև տեղի մահմեդական բնակչության` քրիստոնյաների հանդեպ իրականացրած ճնշումները հայերի մի հատվածին ստիպեցին լքել Սասունը՝ մտավախությամբ, թե կարող են վերապրել ևս մեկ 1915: Այդպես, օրինակ, Բուն Սասունի շրջանում հայեր գաղթեցին Գելիգյուզանից, Սեմալից, Աղբիկից և այլ վայրերից: Նրանք գաղթեցին Ստամբուլ, Սիրիա, այնտեղից էլ ոմանք` Արևելյան Հայաստան, ոմանք էլ՝ Եվրոպա:
1980-ականների քրդական շարժման ժամանակ որոշ քրդացած հայեր լքեցին Սասունը` բախումներին մասնակցելուց խուսափելու պատճառով:
Սասունի քրիստոնյա հայերի համար փորձությունների մեծ չափաբաժինը դեռ առջևում էր: 1950-ականներից Թուրքիայում վերադարձան իսլամը քաղաքականության մեջ օգտագործելու իրենց հին ու սիրված ավանդույթին: Իսլամացման նոր ալիքը իր կործանարար հարվածը հասցրեց նաև Սասունին: Իսլամիստական մոլեռանդ քարոզչությունը, քրիստոնյաների հանդեպ բռնությունների սաստկացումը, 1950-ականներից սկսվելով և մի քանի փուլ անցնելով, տևեց մինչև 1980-ականների վերջը: Իմամները, գյուղեգյուղ շրջելով, քարոզում էին իսլամ: Հաճախ խաբեությամբ անգրագետ գյուղացիներին համոզում էին հայ մանուկներին մկրտել իսլամական ավանդույթներով: Շատ դեպքերում հարցը լուծվում էր սպառնալիքներով և ֆիզիկական բռնությամբ: 1950-ականներին քրիստոնյա հայերի որոշ խմբեր սկսեցին դուրս գալ Սասունից: Դրան զուգահեռ` մեծ թափով շարունակվում էր իսլամացումը: Հայերը իսլամանում էին թե՛ բռնի ուժով կամ խաբվելով իմամների քարոզչությանը, թե՛ կամավոր` ճնշումներից խուսափելու կամ նյութական շահանխնդրությունից դրդված: Սասունի քրիստոնյաների մեծ մասը ստիպված եղավ հայրենիքը լքել հիմնականում 1980-ականներին: Դա ցեղասպանությունից հետո Սասունի հայերի դեմ ուղղված ամենաուժգին և վերջին հարվածն էր:
Փաստորեն, 1890-ականների վերջից սկսած` 1904, 1915թ-ին շարունակություն ստացած բռնի իսլամացմանը, կոտորածներին, գաղթին, հետագայում սոցիալական և կրոնական տարբեր ճնշումներին դիմակայել կարողացած և քրիստոնյա մնացած սասունցիները ի վերջո 1950-ականների վերջից մինչև 1990-ականները «էթնիկ զտման» արդյունքում ստիպված արտագաղթեցին Ստամբուլ և Թուրքիայի այլ արևմտյան քաղաքներ: Այսօր Ստամբուլի հայ համայնքի մեծ մասը հենց այդ թվականներին գաղթածներն են: Սասունը հայաթափելու ջանքերը, փաստորեն, 19-րդ դարի վերջից սկսվելով, հաջողվեցին միայն 20-րդ դարի վերջին: Հետաքրքրական է, որ Սասունի տարբեր շրջաններում տարբեր ուժեր են օգտագործվել հայերին վտարելու համար: Օրինակ` մի հատվածում քրդական որոշ աշիրեթների և հայերի միջև բախումների հրահրում, իսկ Մարաթուկի մոտ գտնվող գյուղերում, որտեղ քրդեր գրեթե չկային, անգամ մահմեդական հայերն են օգտագործվել քրիստոնյա հայերի դեմ: Սակայն մի բան պարզ է. որքան էլ տարբեր լինեն դերակատարները, տարբեր գյուղերում գրեթե միաժամանակ սկսված հակահայկական գործողությունները չէին կարող պարզապես մի քանի աշիրեթի ձեռքի գործ լինել: Նման պատկեր առկա էր ոչ միայն Սասունում, այլև Արևտմյան Հայաստանի մի շարք այլ շրջաններում, որտեղ դեռ մնացել էին հայեր:
Շատ ուշագրավ է հատկապես հետևյալ հանգամանքը. ձեռագիրը նույնն է, ինպես 1894-ին և 1915-ին՝ կրոնական հողի վրա բախումների հրահրում: Մզկիթներում կրկին հակաքրիստոնեական քարոզներ ընթերցվեցին: Այս անգամ իմամները թիրախ դարձրին հայկական եկեղեցիները և գերեզմանները` ասելով, թե 1915-ին գաղթած հայերը բոլորը թաղել են իրենց ոսկին այնտեղ, և հայկական եկեղեցիների պատերը լի են ոսկով: Ասյպիսով, սասունցի հայերի գրեթե բոլոր պատմամշակութային կոթողները ենթարկվեցին ավերման, իսկ քրիստոնյաներն այլևս չէին համարձակվում մոտենալ եկեղեցիներին և սեփական պապերի գերեզմաններին անգամ: Ձեռագիրը նույնն է նաև այն իմաստով, որ կառավարությունը կրկին ինքն իր ձեռքով չկատարեց հայաթափման ծրագիրը, այլ օգտագործեց մահմեդական բնակչությանը` կրոնական սուր զգացումներ գրգռելով ու հեշտությամբ խուսափելով պատասխանատվությունից: Սակայն ցեղասպանություն վերապրած և ամեն գնով դիմադրած այս հայերը ինչու՞ հեռացան Սասունից 1970-80-ականներին: Ի տարբերություն 1915թ.-ի` այդ ժամանակ ինքնպաշտպանություն կազմակերպելը նման կլիներ մանկական արկածախնդրության: Սասունն այլևս նախկին Սասունը չէր: 1915թ.-ից ի վեր շատ բան էր փոխվել: Սասունը չուներ հայերի նախկին թվաքանակը, պառակտված էր վարչականորեն և չորս կողմից սեղմված էր մահմեդականների օղակով: Սասունցիներն այդ ժամանակ չունեին նաև զենք: Չունեին աջակիցներ մյուս հայերի կողմից ևս: Ո՛չ սփյուռքում, ո՛չ էլ Կ.Պոլսում հայերը պարզապես տեղյակ չէին Սասունի հայերի վիճակի մասին: Սովետական միությունից կախված Արևելյան Հայաստանի մասին խոսելն ավելորդ էր, մանավանդ որ, բացի անտեղյակ լինելուց, ի վիճակի չէին լինի այդ տարիներին որևէ օգնություն ցուցաբերել, եթե անգամ շատ ցանկանային: Թուրքիայում ապրող քրիստոնյաները, մշտապես իրավազուրկ վիճակում գտնվելով, ամգամ իրենց ձայնը բարձրացնել չէին կարող, էլ չենք խոսում Սասունին զենք հասցնելու մասին: Սասունում, որոշ հայեր, տեղի տալով ճնշումներին և իսլամ ընդունելով, էլ ավելի մեծ հուսահատության մեջ դրեցին քրիստոնյա հայերին: Նրանց շուրջ սեղմվող օղակն օրեցօր ավելի էր նեղանում, իսկ առաջին բախումների ժամանակ Սասունից գաղթածների ազգականները, բնականաբար, միայնակ մնալ չցանկանալով՝ նույնպես որոշեցին գաղթել Ստամբուլ և միանալ տեղի հայկական համայնքին: Այսպիսով, հասկանալով, որ այս անգամ դիմադրելու դեպքում արդեն ամբողջովին կոչնչանան, նախընտրեցին գաղթել և շարունակել իրենց գոյությունը Սասունից դուրս՝ պահպանելով ինքնությունն ու կրոնը: Այսօր սասունցիները Ստամբուլում կարողացել են ստեղծել բավականին բազմաքանակ ու միասնական «ներքին համայնք», ունենալ հաջողություններ տնտեսական և մշակութային ոլորտներում: Ներկայումս Սասունի (Սասոն) տարածքում 4 քրիստոնյա ընտանիք է մնացել, սակայն Սասունից առանձնացված մյուս գավառներում (Մոտկանում, Հազզոյում) նույնպես դեռ ապրում են քիչ թվով քրիստոնյա ընտանիքներ: Նրանք բոլորն էլ կրում են մահմեդական անուններ և ազգանուններ, հիմնականում արաբախոս են: Ավագ սերունդը գիտի հայերեն, ինչն արդեն ավելի քիչ են օգտագործում, բայց պահում են քրիստոնեական ավանդույթները: Այս քրիստոնյա ընտանիքները կարողացել են Սասունում մնալ` միայն ժամանակավորապես մահմեդական ձևանալու շնորհիվ: Միայն վերջին տարիներին է, որ Սասունում մարդիկ սկսեցին ավելի ազատ խոսել հայության մասին: Այժմ արդեն մի քանի տարի է` վերականգնվել է Մարաթուկի մատաղի ավանդույթը, և դրան մասնակցում են և՛ քրիստոնյաները, և՛ մահմեդականները, բազմաթիվ սասունցիներ արտասահմանից ու Հայաստանից:
Հ.Գ. Այս ուսումնասիրությունը կատարվել է 2011 թ.-ի հուլիսից մինչև 2014 թ.-ի մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում բազմաթիվ հարցազրույցներ են անցակցվել ինչպես ներկայումս Սասունում ապրող, այնպես էլ Սասունում ծնված և հետագայում Թուրքիայի տարբեր քաղաքներ (Ստամբուլ, Իզմիր,Էսքիշեհիր, Մերսին,Ադանա, Բաթման, Մուշ, Դիարբեքիր, Բիթլիս, Սիիրթ) և Եվրոպա (Նիդերլանդներ,Ֆրանսիա,Ֆինլանդիա,Գերմանիա) կամ ԱՄՆ արտագաղթած սասունցիների շրջանում: Որոշ հարցումներ են անցակցվել նաև սփյուռքի ավելի հին գաղթօջախների (Լիբանան,Սիրիա, Հունաստան) և Հայաստանի (Երևան,Թալին, Մարտունի և Էջմիածնում բնակվող) սասունցիների շրջանակներում:
Սոֆյա Հակոբյան
Տեղեկանք. Սոֆյա Հակոբյանը Հայաստանում բնակվում է 2004 թ-ից: Ծնվել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում 1993-ին, ստացել է նախ ուկրաինական,հետագայում ( Երևանում )ռուսական միջնակարգ կրթություն: Այժմ սովորում է ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի Թյուրքագիտության բաժնում: 2009 թ.-ին մասնակցել է «Հույսի կամուրջ» կազմակերպության լրագրողական դասընթացին: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, թուրքերեն, անգլերեն լեզուներին, նաև հասկանում է Սասունում խոսվող արաբերենի բարբառը:
Հայերեն սովորել է Հայաստան տեղափոխվելուց հետո :
Սոֆյայի հետաքրքրությունների շրջանակը գլխավորապես իսլամացած, նաև Արևմտյան Հայաստանի տարածքում մինչ օրս բնակվող արդեն իսկ փոքրաթիվ քրիստոնյա հայերն են, ինչի մասին հայ պատմագրության մեջ շատ քիչ է խոսվել ու ուսումնասիրվել: հեղինակի ուսումնասիրությունները հիմնականում կենտրոնացել են Սասունի հայերի վրա:
www.sasun.org թուրքերեն կայքի համահեղինակն է, որը Թուրքիայում Սասունի մասին պատմող առաջին կայքն է: Կայքում տպագրվում են Սասունի մասին և´ պատմական, և´ այժմեական նյութեր , ցուցադրվում լուսանկարներ և տեսահոլովակներ` ինչ է կատարվում Սասունում այսօր, և ինչպիսին է եղել Սասունն անցյալում: Կայքը բացառիկ է նրանով, որ Սասունում բնակվող և հայերենին չտիրապետող հայերը , նաև այլազգիները (քրդեր,արաբներ) հնարավորություն ունեն կայքի միջոցով ծանոթանալ Սասունի անցյալին և պատմությանը, նաև կապ պահպանել իրար միջև և կիսվել տեղեկատվությամբ:
Ս. Հակոբյանի հեղինակած նյութերը նաև տպագրվել են www. akunq. net կայքում (Արևմտահայերի և Արևմտահայաստանի ուսումնասիրության կենտրոն) , << www. asbarez. com >> , << www. Hristyangazete.com>>, > , <<www.turnusol.biz.>> կայքերում, նաև « Ձայն համշենական» թերթում :