2017-ը՝ Արցախի տարի. ՀՀ սփյուռքի նախարարության կոչը համայն հայությանը
Ապրիլյան պատարեզմը շատ դասեր տվեց մեզ, շատ հետևություններ արվեցին, որոնցից մեկն էլ այն ուրախալի փաստը, որ երբ Հայրենիքին վտանգ է սպառնում, Սփյուռքն ի զորու է համախմբվել ու մի բռունցք դառնալ: Այս մասին այսօր՝ տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում, ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Այդ օրերին իսկապես Ժողովուրդը դաձավ Ազգ: Մենք տեսանք այն հզոր ներուժը, կամքը, որ ունի սփյուռքը: 100-ից ավելի հայկական համայնքների հետ աշխատեցինք այդ օրերին»,-նշեց Հրանուշ Հակոբյանը՝ առանձնացնելով այն նյութական, բարոյական, քաղաքական աջակցությունը, որ ապրիլին և հաջորդող ամիսներին ցուցաբերեց Սփյուռքը:
Եվ ահա հոկտեմբեր ամսին՝ Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի ընթացքում, հղացավ «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժման գաղափարը, որն այսօր մեծ թափ է ստանում: Շարժմանն արդեն իսկ միացել են մի քանի տասնյակ հայկական դպրոցներ, համայնքային կառույցներ: Սփյուռքի նախարարի խոսքով՝ ամեն մեկն իր տեղում, իր ուժերի չափով պետք է միանա այս շարժմանը՝ նպաստելով Արցախի ճանաչմանը, տնտեսության զարգացմանը, սահմանում կանգնած զինվորի ապահովությանը, Արցախի մշակույթի հանրայնացմանը և այլն:
«Եկող՝ 2017 թվականին, մեր ծրագրերի հիմնական մասը նվիրելու ենք Արցախին, և կոչ ենք անում համայն հայությանը, որպեսզի 2017-ը նրանք ևս դարձնեն Արցախի տարի»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականում գործում է «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» խորագիրը, որտեղ տեղ են գտնում շարժմանը միացած մասնակիցների, նոր նախաձեռնությունների մասին լրատվություն, հարցազրույցներ: Շարժման ընթացքին կարելի է հետևել նաև՝ միանալով «What Are You Doing For Karabakh?» ֆեյսբուքյան էջին: