ԼՂՀ պաշտպանության բանակը շնորհակալություն է հայտնում Սփյուռքի նախարարությանը
«Հայերն այսօր»-ը նախապես պատմել էր 80-ամյա հայրենադարձ Սիրան Միսակյան-Բասմաջյանի մասին, ով ղարաբաղաադրբեջանական շփման գծում Ապրիլյան քառօրյայի դեպքերից անչափ ազդված, ցանկացել էր ինչ- որ կերպ իր մայրական սրտի գորովանքը հասցնել սահմանները պաշտպանող մեր զինվորներին՝ հագուստի կտորներից բաղկացած կապոցներ ուղարկելով:
Մոտ մեկ ամիս առաջ, երբ Սիրան Միսակյան-Բասմաջյանը հյուրընկալվել էր ՀՀ սփյուռքի նախարարությունում (ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրեց նախարարության պատվոգրով), նա մի քանի կապոցներ հանձնեց նախարարությանը՝ Հայոց բանակի զորամասեր ուղարկելու խնդրանքով: Այդ կապոցները Սփյուռքի նախարարության աջակցությամբ հասցվեցին սահմանամերձ զորամասեր:
Օրերս ՀՀ սփյուռքի նախարարությունը ԼՂՀ ՊԲ N զորամասի հրամանատար Ա. Հայրիյանից ստացել է նախարար Հրանուշ Հակոբյանին հասցեագրված նամակ, որը «Հայերն այսօր»-ը ներկայացնում է առանց խմբագրման.
Հարգելի´ տիկին Հակոբյան
Հայտնում եմ Ձեզ, որ մեզ են հասցրել տիկին Սիրան Միսակյան-Բասմաջյանի մեր զորամասի ժամկետային զինծառայողների համար նախատեսված 60 փաթեթ հագուստեղենը:
Թույլ տվեք մեր շնորհակալական խոսքը հայտնել Ձեզ և տիկին Սիրան Միսակյան-Բասմաջյանին՝ սահմանամերձ զորամասերի զինվորների համար նման հայրենանվեր գործի՝ որակյալ հագուստեղեն ուղարկելու համար:
Ձեր ուղարկած հագուստեղենը բաժանվել է մեր զորամասի զինվորներին, որոնք պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները:
Հարգանքներով՝
ԼՂՀ ՊԲ N զորամասին հրամանատար, փոխգնդապետ Ա. Հայրիյան