ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանն ընդունեց Ախալքալաքի և Գումուրդոյի միտրոպոլիտին
Դեկտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանն ընդունեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Գումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզին` ուղեկցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանի:
Բարի գալուստ մաղթելով Նիկոլոզ միտրոպոլիտին Հայաստան, մասնավորապես՝ Սփյուռքի նախարարություն, Սերժ Սրապիոնյանը բարձր գնահատեց հայ-վրացական դարավոր բարեկամությունը՝ ընդգծելով հատկապես մշակութային սերտ կապերն ու առնչութունները:
Գերաշնորհ Նիկոլոզ միտրոպոլիտն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ թեև սա իր առաջին այցը չէ Հայաստան, սակայն, իբրև պաշտոնական այցելություն, առաջինն է: «Ճիշտ է՝ առաջին անգամը չէի Երևանում, բայց ձեր քաղաքն ինձ ապշեցրեց բոլոր առումներով, հատկապես՝ հավատքի կենտրոնների: Ինձ զարմացրեց Մարիամ Աստվածածնի հանդեպ ձեր ժողովրդի պաշտամունքը և նրան նվիրված եկեղեցիների առատությունը»,-նշեց Նիկոլոզ միտրոպոլիտը:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ Ախալքալաքում մշակութային, հոգևոր կյանքն առավել ակտիվացնելու ուղղությամբ: Սրբազան հայրն առաջարկեց Ախալքալաքում մշտական ցուցադրություն կազմակերպել, որտեղ կներկայացվեն հայ և վրացի ժամանակակից նկարիչների ստեղծագործությունները՝ նշելով. «Իմ երազանքն է Ախալքալաքում երկու ժողովուրդների մշակութային բարեկամությունը խորհրդանշող մի թանգարան ունենալ»:
Վերջում ՀՀ սփյուռքի փոխնախարարը, բարձր գնահատելով Նիկոլոզ միտրոպոլիտի ջերմ վերաբերմունքը Հայ Եկեղեցու և Սամցխե-Ջավախքի հայության հանդեպ հույս հայտնեց, որ այս հանդիպումը հիմք կդնի գործուն և արգասաբեր փոխգործակցության: