Հունգարիայի հայկական մշակութային կենտրոնը միացավ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը
Դեկտեմբեր 2-ին Բուդապեշտի հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը նվիրված երեկո:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները՝ Հունգարիայի հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը երեկոյին ընթացքում շեշտեց, որ Հունգարիայի հայ ազգային ինքնավարության գլխավոր նպատակն է նախ հունգար հասարակությանը ներկայացնել ԼՂՀ քաղաքական իրադարձությունները, այնուհետև աշխատանքներ տանել պատմությունը ճիշտ տարածելու ուղղությամբ: «Հունգար հասարակությունը պետք է նախ իմանա ԼՂՀ պատմությունը, ներկա իրավիճակը: Մշակութային կենտրոնում մենք հաճախակի տարբեր միջոցառումներ ենք կազմակերպելու և ներկայացնելու ենք Արցախին վերաբերյալ բոլոր խնդիրները»,-նշել է Ալեքս Ավանեսյանը:
Երեկոյի վերջում Հունգարիայի հայկական ռադիոժամի կազմը, Հունգարիայում հայտնի արվեստագետ Երմոնե Զապել Մարթայանն ու բարեխոս հունգարացիներ միանալով շարժմանը՝ լուսանկարվեցին «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման կոչի պաստառով:
Շարժման նպատակն է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի և նրա ժողովրդի տնտեսական, սոցիալական բարելավման գործին և բարեկեցությանը: