ՀՀ Սփյուռքի նախարարության նվիրատվությունը Բաթումիի Ալ. Մանթաշով կենտրոնին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/Վիրահայ.jpg)
ՀՀ Սփյուռքի նախարարությունը, հետևելով վերջին տարիներին ձևավորված ավանդույթին, կրկին իր օգնությունը տրամադրեց վիրահայոց համայնքներին՝ այդ թվում Բաթումիի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթության, մշակութային և երիտասարդության կենտրոնին: Նախարարության կողմից կենտրոնին հատկացվեցին տեսա-լսողական սարքավորում, բարձրախոսներ, համակարգիչ, տպիչ և տեխնիկական այլ միջոցներ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Վիրահայոց թեմից:
Նվիրված տեխնիկան հասցեատիրոջը փոխանցվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից: Այս առիթով Թեմակալ առաջնորդը 2016 թվականի դեկտեմբերի 2-4-ը գտնվում էր Բաթումիում: Սրբազան հայրը հանդիպեց «Ալ. Մանթաշով» կենտրոնի ուսուցչական կազմի հետ՝ տնօրեն Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ, ականատես եղավ կատարված աշխատանքներին, գնահատանքի արժանացրեց անձնակազմի իրականացրած աշխատանքները և առաջնորդարանի կողմից մանկավարժներին փոխանցեց նվերներ:
Այցի շրջանակներում Սրբազան Հայրը հանդիպեց նաև ծխական խորհրդի անդամների հետ: Սրբազանն իր օրհնությունը փոխանցեց Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանին՝ կատարված աշխատանքների համար և խրախուսեց շարունակել այդ աշխատանքները համայնքի և կենտրոնի հետ համատեղ՝ ի նպաստ եկեղեցու շուրջ հայության կենտրոնացման և հավատացյալների թվի ավելացման:
Տեր Վազգեն եպիսկոպոսը նաև մասնակցեց եկեղեցական արարողություններին: Դեկտեմբերի 3-ին Գերաշնորհ առաջնորդն իր մասնակցությունը բերեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակին նվիրված առավոտյան ժամերգությանը և հավատացյալներին փոխանցեց օրվա խորհրդի մասին հոգևոր պատգամը:
Դեկտեմբերի 4-ին, Բաթումիի «Սուրբ Փրկիչ» հայոց եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Հընթացս Սուրբ Պատարագի, Վազգեն Սրբազանը Հայրական օրհնություն և հոգևոր խոսք փոխանցեց հավատացյալներին և իր ուրախությունը հայտնեց հոգևոր հովվի, կենտրոնի մանկավարժների և ծխական խորհրդի անդամների համատեղ աշխատանքների արդյունքում տեսնելով եկեղեցում բազմաթիվ հավատացյալների ներկայությունը:
Հավարտ Սուրբ Պատարագի, թեմակալ առաջնորդն իր խոսքում երախտագիտություն հայտնեց ՀՀ Սփյուռքի նախարարությանը՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, ով մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում վիրահայ համայնքի երիտասարդության կրթա-մշակութային հարցերը: Թեմակալ առաջնորդն իր գնահատանքը բերեց Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովվին, ծխական խորհրդի անդամներին և «Ալեքսանդր Մանթաշով» կենտրոնի աշխատակազմին՝ հոգենվեր և ազգապահպան աշխատանքների համար:
Բաթումի կատարած ուղևորության ժամանակ Վիրահայոց թեմի առաջնորդին ուղեկցում էին Թեմի վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը և Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովվի օգնական Գևորգ սարկավագ Անտոնյանը:
Վիրահայոց թեմի Բաթումիի Ալ. Մանթաշովի անվան կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի շենքը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության, ի մասնավորի Սփյուռքի նախարարության նյութական աջակցությամբ, վերանորոգման աշխատանքները կատարվել են Ջինիշյան հիմնադրամի հովանավորությամբ, իսկ ներքին հարդարումը և գույքը ձեռք է բերվել Վրաստանի կառավարության տրամադրած միջոցներով և Վիրահայոց թեմի առաջնորդարանի ու Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի աջակցությամբ: