Հալեպահայ ռեժիսորի ֆիլմն արժանացել է Տորինիոյի միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/11/271116-1.jpg)
Հալեպահայ բեմադրիչ Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների» ֆիլմն արժանացել է իտալական Տորինոյի 34-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին:
«Հայերն այսօր»-ը հղում կատարելով «Գանձասար» պարբերականին հայտնում է, որ փառատոնի ժյուրին բարձր է գնահատել Ավոյի հեղինակած այս աշխատանքը՝ որպես լավագույն միջազգային վավերագրական ֆիլմը, հատկապես նկատի ունենալով, որ Ավոն պատերազմական պայմաններում հաջողել է իր տան պատշգամից տեսախցիկով աշխարհին ներկայացնել պատերազմի ողբերգությունն ու շեշտել, որ Սիրիայի հայ և արաբ բնակչությունը հավասարապես զոհն են բարբարոսական արարքների:
Փառատոնին ներկայացված էին 10 հեղինակային ֆիլմեր՝ թուրքական, գերմանական, հունական, հոլանդական, արգենտինյան և այլն:
Ավոն այս շարժանկարը նվիրում է Հալեպին՝ նշելով, որ. «Հալեպն իր մոր` Սիրիայի գրկում արյունում է»,-ավելցնելով, որ այս մրցանակը պարզապես մի քայլ է հասնելու այն արդարությանը, որին ձգտում է հայ ժողովուրդը հարյուր տարի շարունակ:
Ավոն նաև հաստատում է. «Հայերը հաճախ շեշտում են, որ երկրորդ Ցեղասպանություն այլևս չեն ապրելու, սակայն, ցավոք, այսօր Ցեղասպանության է ենթարկվում ո´չ միայն Սիրիան, այլև` Իրաքի ու Պաղեստինի ժողովուրդը»: