ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՋԱՎԱԽՔԻ ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

ՀՕՖ-ը կազմավորվել է 1988 թվականին, ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք.եպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ և անմիջական աջակցությամբ՝ Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո կարիքի մեջ հայտնված ժողովրդին անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ներկայումս ՀՕՖ-ը զբաղվում է մարդասիրական օգնությամբ, սոցիալական և տնտեսական օգնության զարգացմամբ և կրթական ծրագրերի աջակցությամբ:
Հայ Օգնության Ֆոնդի CASP ծրագիրն ուղղված է ծնողազուրկ երեխաներին սոցիալական աջակցություն ցուցաբերելուն: Այն գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Ջավախք լեռնաշխարհում: Ծրագիրն սկսվեց Ախալքալաքով և տարածվեց տարածաշրջանի գյուղերով մեկ, ծրագրում ներառված են թվով 76 երեխաներ, որոնք այս նպաստի շնորհիվ կարողանում են լուծել որոշ սոցիալական և կենցաղային խնդիրներ:
Մոտ 10 տարի է՝ բարեխնամ այս կազմակերպությունը, իր շրջանակները լայնացնելով, օգնության ձեռք է մեկնել Ջավախք աշխարհում ծնված և որբության դառնությունը զգացած երեխաներին:
Այսօր երեխաներն աղոթքներում հիշեցին իրենց բարերարներին, ծրագրի կազմակերպիչներին և բոլոր այն մարդկանց, որոնք ապրելով հեռավոր Միացյալ Նահանգներում՝ չեն մոռանում իրենց արդար քրտինքի վաստակից մասնաբաժին հանել որբության դառնությունը ճաշակած երեխաներին:
Առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանը եկեղեցոմ հավաքվածների շնորհակալությունը հայտնեց ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք.եպիսկոպոս Պարսամյանին, Ամերիկայի ՀՕՖ-ի գրասենյակի վարիչ-տնօրեն Պարոն Գառնիկ Նանագուլյանին, ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Էդիկ Կարապետյանին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում այս հայրենանվեր ու ազգանվեր գործում: