«Անհրաժեշտ է վերաիմաստավորել Չինաստանի հետ հարաբերությունները». Մհեր Սահակյան

Աշխարհի տարբեր երկրներում հաստատված հայերն իրենց աշխատասիրության, ստեղծագործ մտքի ու տաղանդի շնորհիվ միշտ աչքի են ընկել ՝ ամենուր «հայկական  հետք» թողնելով: Այսօր էլ մեր հայրենակիցները հայկական համայնքներում ապրում ու գործում են՝ օտար ափերում նպաստելով ազգային արժեքների պահպանմանը:

Այս կարևոր առաքելությանն է ուղղված նաև Չինաստանի հայկական համայնքի գործունեությունը, որի մասին  «Հայերն այսօրը» զրուցել է համայնքի նախագահ Մհեր Սահակյանի հետ:

-Որպես պատմական ակնարկ՝ կնշե՞ք, թե երբ են հայերը հաստատվել Չինաստանում:

-Հայերը տարբեր ժամանակներ եկել ու գնացել են Չինաստան, բայց չեն հաստատվել այստեղ: Այսինքն, ի տարբերություն ուրիշ երկրների, որտեղ հայկական համայնքներն անընդհատ գոյություն են ունեցել կամ մի քանի դարի պատմություն ունեն, այստեղ որոշակի պատճառներով հայերը երկար չեն մնացել. որոշ ժամանակ Չինաստանում բնակվելուց հետո տեղափոխվել են այլ երկրներ:

Այս առումով՝ Չինաստանի հայկական համայնքն ամեն ինչ սկսում է նոր էջից: Մի կողմից սա դժվար է, բայց մյուս կողմից էլ ես շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդ, ինտելեկտուալ, նորարարական սկզբունքների վրա հիմնվող գործադիր մարմինն ազատ է իր որոշումների մեջ և հնարավորություն ունի կերտելու սեփական տեսլականի վրա հիմնված կառույցը, որը պետք է նորարարությամբ ու յուրահատկությամբ տարբերվի մյուսներից, բայց ծառայի միևնույն նպատակին, այն է՝  հայապահպանությունը:

-Քանի՞ հայ է ապրում այսօր Չինաստանում և հիմնականում ո՞ր քաղաքներում: Տեղի հայերն ի՞նչ զբաղվածություն ունեն, ո՞ր ոլորտներում են աշխատում:

-Չինաստանում հայերի թիվը շուրջ 600-ի է հասնում, բնակվում են Հոնկոնգ, Պեկին, Գուանջոու, Շանհայ, Նանջինգ, Չանգչուն, Շենժեն և այլ քաղաքներում: Համայնքը թվով փոքր է, անդամները բնակվում են իրարից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա, բայց նորարական կառավարման մեխանիզմների, աշխարհի լավագույն բուհերում սովորած կառավարիչներից, իրավաբաններից, միջազգայնագետներից, արևելագետներից ու արվեստագետներից կազմված գործադիր մարմնի շնորհիվ՝ որակ է ապահովում, որն էլ հիմք է հանդիսանում չափազանց ակտիվ գործունեության, իսկ որակի դեպքում փոքրաթիվ լինելն էլ որոշ չափով առավելություն է ընձեռում «ՉինաՀային»,  ավելի շարժուն ու մարտունակ դարձնում:

Տեղի հայերին պայմանականորեն կարելի է 4 մասի բաժանել: Առաջինը նրանք են, որոնք ավարտել են աշխարհի լավագույն բուհերն ու չինական կազմակերպությունների հրավերով աշխատում են Չինաստանում: Երկրորդը՝ Հայաստանից և Սփյուռքից ժամանած ուսանողներն են, ովքեր ուժ ու եռանդ են հաղորդում համայնքին ու միշտ շատ ակտիվ են: Երրորդը՝ Հայաստանից Չինաստան աշխատելու եկած մեր հայրենակիցներն են, որոնք մեծ մասը ժամանակին չինական բուհեր են ավարտել: Նրանց թիվն այսօր հասնում է մոտ 120-ից 150-ի:

Հայաստանում աշխատանք չգտնելով՝ նրանք վերադառնում են Չինաստան, զբաղվում են անգլերենի կամ օտար այլ լեզուների դասավանդմամբ, աշխատում են չինական բուհերում ստացած մասնագիտությամբ:  Չորրորդ խմբում կարելի է նշել հիմնականում Սփյուռքից Չինաստան տեղափոխված փոքրաթիվ գործարարներին:

-Կարծում եմ՝ համայնքի ստեղծման գործընթացքում կարևոր ձեռքբերում էր գործադիր մարմնի ու Չինաստանի հայկական ուսանողական միություն ստեղծումը: Պատմե՛ք այդ մասին:

-Այո՛, կարելի է ասել, որ ամեն ինչ սկսվեց գործադիր մարմնից, երբ մի խումբ հայրենասեր մարդիկ միավորվեցին Չինաստանում հայկական համայնք և ուսանողական միություն ստեղծելու նպատակների շուրջ: Հենց այս կառույցները պետք է դառնային հետագա ծրագրերն իրականացնելու լավագույն հարթակները:

Հենրի Արսլանյանն արդեն սկսել էր «ՉինաՀայի» գործադիր մարմնի ստեղծման աշխատանքները, իսկ ես՝ ուսանողական միության, որի մեջ համախմբվում էին թե՛ ուսանողները, թե՛ հետազոտողները: Հետո որոշեցինք, որ Չինաստանում պետք է գործի մեկ հզոր ու միավորված կազմակերպություն:

 Արդյունքում Չինաստանի Հայկական ուսանողական միությունը դարձավ համայնքի անքակտելի մասն ու շարժիչ ուժերից մեկը: 2013 թվականին ստեղծվեց համայնքի գործադիր մարմինը, որը ներկայում կազմված է 15 անդամից: Գործադիր մարմնի անդամները ներկայացնում են Չինաստանի տարբեր քաղաքներում բնակվող հայերի շահերը: Գործադիր մարմինը յուրաքանչյուր ամիս հեռաձայնային ժողով է անցկացնում, որի ընթացքում որոշում և կազմում է տվյալ ամսվա գործունեության պլանները:

Համայնքի գործունեության կշիռն ու կազմակերպվածությունը բարձրացնելու համար՝ Հոնկոնգում գրանցվեց «Չինաստանի հայկական համայնք» կազմակերպությունը, որի տնօրենների խորհրդում ընդգրկվեցին գործադիր մարմնի անդամները: Համայնքն ունի նաև Խորհրդականների խորհուրդ, որտեղ ընդգրկված են բարի համբավ ունեցող հայտնի  հայ մարդիկ:

Գործադիր մարմնի համար կարևոր ձեռքբերում է նաև համայնքի ժողովրդավարական սկզբունքերով անցկացվող ընտրությունները, որտեղ հավասարապես առկա են թե՛տղամարդիկ, թե՛ կանայք: Նրանք Չինաստան են ժամանել Արևմուտքից, Արևելքից, Ռուսաստանից ու Հայաստանից:

«ՉինաՀայի» ուսանողական միությունն իր հերթին միավորում, օգնում ու դեպի համայնք է բերում Հայաստանից ու Սփյուռքից Չինաստան ժամանած հայ ուսանողներին, մասնակցություն ունենում համայնքի ակադեմիական ու մշակութային կյանքի կազմակերպման գործում:

 Ի դեպ, կարևոր է նշել, որ համայնքը կառավարվում է տեղեկատվական հասարակության հայեցակարգի սկզբունքներով: Կառավարումն ամբողջովին իրագործվում է համացանցի միջոցով, որի շնորհիվ  ցանկացած հարց անմիջապես լուծում է ստանում: Թղթաբանություն գրեթե գոյություն չունի. ամեն ինչ կատարվում է  էլեկտրոնային փաստաթղթային շրջանառությամբ:

Այս համակարգը ստեղծվել է թեև կարճ ժամանակում, բայց գործադիր մարմնի անդամների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նպատակը մեկն է՝ «Չինահայը» պետք է տարբերվի ու լավագույնը դառնա 21-րդ դարի նմանատիպ կառույցներից, որպեսզի Հայրենիքից հեռու գտնվող հայ մարդը «Չինահայի» կազմակերպած մշակութային, գիտական և այլ բնույթի միջոցառումների շնորհիվ հնարավորինս հետաքրքիր ու արդյունավետ ժամանակ անցկացնի:

Իսկ «ՉինաՀայը» ի՞նչ ծրագրեր և միջոցառումներ է կազմակերպել  համայնքում:

-Այն միավորել է Չինաստանում հազարավոր կիլոմետրեր իրարից հեռու գտնվող մեր հայրենակիցներին, ակտիվորեն ներկայացրել է հայկական մշակույթն ու արվեստը, կազմակերպել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված անմեղ նահատակների ոգեկոչման միջոցառումները, Պատարագը: Քառօրյա պատերազմի օրերին մասնակցել է Արցախին սատարելու համար անցկացված դրամահավաքին: «ՉինաՀայի» նախաձեռնությամբ՝ ամեն տարի անցկացվում է «Հայ հետազոտողների և ուսանողների առցանց գիտաժողովը», որն իր հերթին միավորել է Չինաստանում առկա հայկական գիտական միտքը: «ՉինաՀայի» և «Գյուլբենկյան» հիմնադրամի մեկ այլ կարևոր նախաձեռնությամբ հայ և չինացի հետազոտողները գիտական աշխատություններ են գրում Չինաստանում հայկական ներկայության պատմության վերաբերյալ: Համայնքը հիմադրել է «Չինահայ» լրագիրը, որը Հեռավոր Արևելքում տպագրվող միակ երկլեզու՝ հայերեն և անգլերեն, լրագիրն է:

4555

Չինահայի հավաքույթը Գուանգջոու քաղաքում

14

Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ղեկավարների ու պրոֆեսորների հետ

-Հայերը կարողացե՞լ են իրենց աշխատանքի, հասած դիրքի շնորհիվ` Չինաստանում ճանաչելի դարձնել Հայաստանն ու հայկական մշակույթը: Ի՞նչ հիմքերի վրա են գտնվում հայ-չինական հարաբերությունները:

-Չինացիները շատ քիչ տեղեկատվություն ունեն Հայաստանի մասին: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ մի քանի տասնամյակ Չինաստանում hայկական համայնք չի գործել. հայերն այնտեղ չեն ապրել:

Հայաստաննն ընդամենը երկու տասնամյակից ավելի է, ինչ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ չինացիները մեծամասամբ հետաքրքրված են արևմտյան երկրներով ու նրանց մշակույթով: Նրանցից շատերի պատկերացմամբ՝ քաղաքակիրթ աշխարհը, որից իրենք սովորելու բաներ ունեն, սկսվում և ավարտվում է անգլախոս երկրներով՝ գումարած Գերմանիան ու Ֆրանսիան:

Այո՛, ներկայումս Չինաստանում հաջողությունների հասած հայրենակիցներ ունենք, որոնք համախմբված են «ՉինաՀայի» դրոշի ներքո ու զբաղվում են բազմաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ՝ Հայաստանը ճանաչելի դարձնելով Չինաստանում:

 Նմանօրինակ ամենամեծ միջոցառումը տեղի է ունեցել Նանջինգում 2015 թվականին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տարբեր քաղաքներում բնակվող հայերով հավաքվեցինք Նանջինգում, այցելեցինք Նանջինգի Ցեղասպանության թանգարան, հարգանքի տուրք մատուցեցինք հայ, չինացի ու մյուս ազգերի անմեղ զոհերի հիշատակին: Որպեսզի Հայաստանը ներկայացնեինք նաև որպես լուսավոր, զարգացող երկիր ու համակրանք առաջացնեինք չինացի ու արտասահմանցի հարյուրավոր մասնակիցների մոտ, որոշեցինք կազմակերպել «Վերածնունդ» կոչվող մշակութային միջոցառումները: Տեղի ունեցավ տաղանդավոր նկարիչ Սևադա Գրիգորյանի ցուցահանդեսը և Թիանջինում բնակվող հայտնի դաշնակահար Միքայել Հայրապետյանի համերգը:

 Մշակութային հաջողված երեկոյից հետո չինացի հանդիսատեսն ավելի կապվեց Հայաստանին: Մենք հայերին ու չինացիներին կապող երկու կարևոր փաստ առանձնացրեցինք: Առաջինն այն է, որ երկու ազգերն էլ զրկանքներ են կրել ու միևնույն ցավն ունեն, որը որոշ չափով նաև միավորում է նրանց: Երկրորդ, որ այդքան տառապանքներից հետո էլ շարունակում ենք ստեղծագործել, ապրել ու հաղթել: «ՉինաՀայը» նմանատիպ միջոցառումներ կազմակերպեց նաև Շանհայում ու Հոնկոնգում:

Խոսելով հայ-չինական հարաբերությունների մասին՝ պետք է կարևորել երկու երկրների մարդկանց շփումները միմյանց հետ: Հե՛նց այս նպատակով 2016թ. «ՉինաՀայի» և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ ջանքերով առաջին չինացի ուսանողը Հայաստան մեկնեց: Այս ծրագիրը կարող է հետագայում լավ խթան հանդիսանալ, որ Հայաստանն էլ Չինաստանում դիտարկվի որպես որակյալ կրթություն ապահովող երկիր: Այս ամենից հետո բազմաթիվ չինացի ուսանողներ կցանկանան կրթությունը հենց Հայաստանում շարունակել: Սա եկամտաբեր կլինի Հայաստանի համար, ինչպես նաև Հայաստանում սովորած չինացի ուսանողները, վերադառնալով իրենց երկիր, կպատմեն ու կներկայացնեն ստացած տպավորությունները, սրտացավ կլինեն Հայաստանի համար, որտեղ ընկերներ ու լավ հուշեր ունեն:

Մեծ հաշվով՝ հայ-չինական հարաբերությունները նոր են ձևավորվել: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է զարգացման նոր ուղիներ գտնել և վերաիմաստավորել հարաբերությունները:

Պետք է հրաժարվել «մշտնջենական» ու «վաղնջական» բառերը որպես հիմնաքար կամ առավելություն օգտագործելու հնացած փորձից. այս բառերն ընդհանրական են ու իրականում ոչինչ չեն տալիս:

 Հիշենք, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունում ժամանակագրության հիշատակումները չեն աշխատում ու ոչ մի նշանակություն չունեն, իսկ արդի ժամանակաշրջանում հին կամ նոր քաղաքակրթություն լինելը, նախկինում եղած կամ իրականում մի մասն էլ հորինված հարաբերությունների մասին պատմությունները ոչ մի դեր չեն խաղում:

Առավելություն կարող է տալ միայն հետևյալ հարցի դրական պատասխանը՝ արդյո՞ք դու քո երկրում արդար ու կայուն տնտեսական իրավիճակ ստեղծե՞լ ես: Միայն այս հանգամանքը  կարող է արտասահմանցի կամ տեղացի գործարարների համար քո երկիրը գրավիչ դարձնել: Այսինքն՝ հայ-չինական հարաբերություններում զգալի փոփոխություններ ի հայտ կգան, երբ Հայաստանին հաջողվի մեր երկրում չինական կապիտալի որոշակի ներկայություն ունենալ: Հենց սա էլ կօգնի Երևանին՝ չինացի գործարարների միջոցով  իր խոսքը լսելի դարձնել ներկայիս միջազգային հարաբերություններում կարևոր խաղացող  դարձած  Պեկինում:

Ամփոփելով նշեմ, որ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի առաջ քաշած «Մետաքսի ճանապարհ՝ տնտեսական գոտի» ծրագիրը լավ համագործակցության հնարավորություններ է ընձեռում, որից, հուսով եմ, կօգտվի նաև Հայաստանը:

 Ի դեպ, եթե անցյալում Հայաստանը կադրեր չուներ, ապա հիմա այդ խնդիրը չկա, քանի որ Չինաստանի բուհերն ավարտած բազմաթիվ մասնագետներ ունենք, որոնք հասկանում են Չինաստանն ու ի վիճակի են կարևոր դեր խաղալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Այս ներուժը ճիշտ օգտագործելու դեպքում արդյունքը նկատելի կլինի:

1111

Սևադա Գրիգորյանի <<Վերածնունդ>> ցուցահանդեսը

16

Միքայել Հայրապետյանի հայկական դասական երաժշտության համերգից հետո

-Մինչ հայկական համայնքի ղեկավարի պաշտոն ստանձնելը, ի՞նչ գործունեություն եք ծավալել Չինաստանում:

-Չինաստանի հետ առաջին անգամ առնչվել եմ 2009 թվականին, երբ բանակից վերադառնալուց հետո համագործակցություն սկսեցի տեղի որոշ գործարարների հետ: 2011 թվականին առաջին անգամ գործերի բերումով ժամանեցի Չինաստան, վերադարձի ճանապարհին գնեցի չինարեն լեզվի դասագիրք ու որոշեցի չինարեն սովորել: Մարդիկ տարբեր են լինում. ոմանք հետաքրքրվում են Արևմուտքով, Ռուսաստանով, իսկ ես միշտ հետաքրքրվել եմ արևելյան երկրներով: Երևի սա էր պատճառը, որ ընտրեցի Արևելագիտությունը որպես մասնագիտություն, իսկ հետո էլ, խորամուխ լինելով միջազգային հարաբերությունների մեջ, գիտական հոդվածներս ու թեզս նվիրեցի արևելյան երկրներում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին: Երևի Արևելքի հանդեպ ունեցած սերն ու մասնագիտական երկրների (Չինաստան, Իրան) հանդեպ հետաքրքրությունը պատճառ  հանդիսացան, որ թե՛ գործարարության, թե՛ գիտության  բնագավառներում հիմնական գործընկերներ հենց այդ երկրներից ընտրեմ:

Իսկ գիտական թեզս վերաբերում էր Միավորված ազգերի կազմակերպությունում Չինաստանի վարած քաղաքականությանը՝ Իրանի ու Հյուսիսային Կորեայի միջուկայնացման հիմնահարցերում: Գիտական պրպտումների ժամանակ կապեր հաստատեցի նաև Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Հայաստանի առաջատար գիտական կենտրոնների  հետ:

Դեպի Չինաստան արշավանքիս հիմնական նպատակը գիտությամբ զբաղվելն է: 2016թ. հաջողությամբ պաշտպանեցի գիտական թեզս, ուստի այս բնագավառում պատերազմը հաղթեցինք ու կշարունակենք առաջխաղացումը:

Հիմա նաև ժամանակն է՝ այդ գիտելիքները ներդնել Չինաստանի հայկական համայնքում, ինչպես նաև իմ կողմից ղեկավարվող՝ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական ու ռազմավարական  հետազոտությունների  խորհրդում:

-Նոյեմբեր ամսին Չինաստանում տեղի կունենա արդեն ավանդույթ  դարձած «Հայ հետազոտողների և ուսանողների» առցանց գիտաժողովը: Ո՞րն է նման գիտաժողովի կազմակերպման շարժառիթը, շոշափելի ի՞նչ արդյունքներ եք գրանցել մինչև այժմ:

-Գիտաժողովը նպատակ ունի աշխարհին ներկայացնել Չինաստանում սովորող ու աշխատող հայ հետազոտողների ու ուսանողների գիտական աշխատանքները: Գիտական կապ է ստեղծվում Չինաստանում գտնվող փորձառու հետազոտողների ու ուսանողների միջև, որի արդյունքում ավագներն օժանդակում են կրտսեր գործընկերներին: Պատրաստվելով ու մասնակցելով գիտաժողովին՝ ուսանողները ոչ միայն հնարավորություն են ունենում սովորել ու հղկել հոդվածներ գրելու, գիտական ելույթներ ունենալու հմտությունները, այլ նաև տպագրվելու ու համագործակցելու առաջարկներ են ստանում տարբեր գիտական ու վերլուծական կենտրոններից:

Գիտաժողովի միջոցով նրանք իրենց ուսումնասիրությունները հասանելի են դարձնում ողջ աշխարհին: Առցանց գիտաժողովը նորարարական տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ միավորեց Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հետազոտողներին ու ուսանողներին: Չինաստանի հայ ուսանողական միության հաջողված փորձը կարող է հնարավորություն ընձեռել Սփյուռքի այլ համայնքների ուսանողներին, որպեսզի նրանք էլ  նմանատիպ գիտաժողովներ իրականացնեն, և աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չհանդիսանա:

Ո՞րն  է «ՉինաՀայի» վերջնական նպատակը:

-Եթե փորձենք այս հարցին ամենակարճ պատասխանը տալ, ապա «Չինահայի» վերջնական նպատակը մարդակենտրոն, հայապահպան, ժողովրդավար ու արդար կառույց դառնալն է:

Գևորգ  Չիչյան

12

2015թ. չինահայերը Ցեղասպանության հիշատակման օրը Նանջինգի կոտորածների թանգարանում

unnamed18

2015թ. չինահայերը Ցեղասպանության հիշատակման օրը Նանջինգի կոտորածների թանգարանում

Scroll Up