«Հայոց զարթոնքի ժամանա՛կն է». Վահան Բաբախանյան

Աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցներից շատերը սեփական կամքով նվիրվում են հասարակական աշխատանքների, որոնց հիմքում Հայաստանն ու հայությանը դրսում ճիշտ ներկայացնելը, հայի  իրավունքների, շահերի պաշտպանությունն ու հայ ինքնությունը պահպանելու միտումն է: Նրանցից մեկի՝ Սանկտ Պետերբուրգի «Հայկական ընկերակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, ֆեյսբուք սոցցանցում ArmPeterburg  www. facebook.com/ groups/ armpeterburg  խմբի մոդերատոր, «Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքը» խորագրով երկու գիտաժողովների մասնակից, հասարակական- քաղաքական ակտիվ գործիչ Վահան Բաբախանյանի հետ  էլ ծավալվեց «Հայերն այսօր»-ի համար իմ զրույցը:

-Պարո՛ն Բաբախանյան ներկայացրեք, խնդրեմ ձեր ընկերակցության ստեղծման նախապատմությունն ու շարժառիթը:

Ընկերակցության ստեղծմանը մասնակցել են հայտնի գրող Լևոն Ադյանը, մի քանի հայտնի հայ ակադեմիկոսներ, շատ ակտիվ, հայրենասեր ու հայասեր երիտասարդներ: Ընդամենը 5 տարվա պատմություն ունի մեր ընկերակցությունը: Ես ծնվել եմ Թիֆլիսում, տեղափոխվել եմ Հայաստան, 10 տարի ապրել եմ այստեղ, մոտավորապես 7-8 տարի ապրել եմ արտասահմանում, շփվել եմ հայկական համայնքների հետ, տեսել եմ նրանց ապրելակերպը, ծանոթացել նրանց մտահոգություններին: Հետագայում տեղափոխվել եմ Սանկտ Պետերբուրգ և մինչ այժմ ապրում եմ այնտեղ: Արտերկրում ՝ Կալիֆորնիայում ձևավորված իմ կարծիքները, ձեռք բերած փորձն ինձ շատ օգնեց՝ համեմատելու այնտեղի և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքների կյանքն ու ծավալած գործունեությունը: Ես զբոսաշրջիկի  կարգավիճակով ու  հոգեբանությամբ չեմ ապրել Կալիֆորնիայում. ապրել եմ համայնքային կյանքով, մոտիկից շփվել ներհամայնքային իրադարձություններին, ունեցել իմ նկատառումներն ու մտորումները: Վերջերս «Հայկական սփյուռքը Ռուսաստանում» երկու գիտաժողով  տեղի ունեցավ. որոնցից մեկը՝ Մոսկվայում, որին 100-ից ավելի մարդ մասնակցեց, նույն թեմայով  երկու շաբաթ առաջ գիտաժողով տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում, որի ընթացքում ելույթ ունեցան հասարակական գործիչներ, մտավորականներ, պատմաբաններ, զեկույցով հանդես եկա նաև ես:

– Որո՞նք են այդ ընկերակցության հիմնական խնդիրներն ու ծրագրերը:

-Կարող ենք մեծ-մեծ խոսել, ասել որ վատ ծրագիր չկա, որ ո՛չ մի համայնք, ո՛չ մի կազմակերպություն սխալ մտքեր, սխալ թեզեր չունի…Սակայն շատ բաներ կան հայտարարագրի ձևով, երկրորդը՝ ես իմ զեկույցի ընթացքում ասացի, որ Ռուսաստանում կա համայնք և դիասպորա, և դրանք նույնը չեն. իհարկե, տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն: Իմ կարծիքով կա ինքնություն հասկացությունը, և մենք այդ բառի ներքո հասկանում ենք ազգի թվաքանակի աճ, համայնքի մեծացում դպրոցների, եկեղեցիների, մշակութային օջախների ստեղծում ու  ակտիվ գործունեություն, հայոց լեզվի պահպանության  հարց: Իհարկե, դա շատ լավ է, անհրաժեշտ է, սակայն  մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մեր սահմանների անառիկության համար պայքար է մղվում, պատերազմական գործողություններ ծավալվեցին ապրիլին, մեր երիտասարդ զինվորներն են զոհվում, վիրավորվում…Անհատներն ու համայնքները, ողջ հասարակությունը, հասարակական կազմակերպությունները հստակ, ճիշտ դիրքորոշում և հասարակական կարծիք պետք է ունենան: Ապրելով դրսում, պատերազմական գործողությունների հետ կապված, մարդիկ հաճախ չեն բարձրաձայնում ճշմարտությունը, չեն ընդդիմանում սուտ լուրերին, կեղծիքին, որոնք  սփռվում են եթերի միջոցով՝ թյուր կարծիքներ ձևավորելով ազգությամբ ոչ հայերի մոտ:  Պատրիարք Կիրիլը 2016-ի հունվարի 7-ին հարցազրույւց է տվել  Դմիտրի Կիսելյովին, որը  հեռարձակվել է«Ռոսիա-1» հեռուստաընկերությամբ:Խոսելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, քրիստոնյաների և մահմեդականների հարաբերությունների մասին՝ նա ասաց, որ Օսմանյան Թուրքիայում եղել են քրիստոնյա փոքրամասնություններ, սակայն նրանց ոչ ոք չի ոչնչացրել, և միլիոնավոր մարդիկ լսեցին. մա՛րդ է, կարող էր  և սխալվել, դա ուղիղ եթեր չէր, կարելի էր վերանայել, շտկել, սակայն  Կիսելյովի ոչ շրջահայացության «շնորհիվ» այդ ամենը  տարածվեց: Հայաստանում բոլորն արձագանքեցին այդ ելույթին, սակայն Ռուսաստանում 3 միլիոն հայերից ոչ մեկը չարձագանքեց, ինչու՞…լեզու գիտեն, խելք ունեն, պատմություն գիտեն,հավատք ունեն, իրադարձություններին քաջածանոթ են: Մեր ընկերակցությունը հունվարի13-ին 15 էջի սահմաններում  այդ առիթով  գրեց իր կարծիքը: Մենք ունենք ֆեյսբուքյան էջ (նաև՝ փակ էջ ունենք), որն ունի 3.700-ից ավելի գրանցված ընկերներ, սկզբում այդ էջում  ենք քննարկում մեր ծրագրերը, անելիքը, կարդում ենք կարծիքներ, լսում նաև ոչ մեր ընկերների ասելիքը, ամբողջացնում դրանք, ապա տեղադրում ենք մեր կարծիքը և հայտնում, որ  նրանք, ովքեր համակարծիք են մեզ հետ և ցանկություն ունեն, կարող են ստորագրել: ՌԴ-ից ստորագրել է 150 մարդ, ԱՄՆ-ի մի փոքր համայնքից՝ մոտավորապես 150, ընդհանուր առմամբ՝ 300 մարդ: Դա մեր նախաձեռնությունն է, սակայն այն դառնում է հասարակական  նախաձեռնություն, որովհետև միանում են և ուրիշները: Մենք գործում ենք նախագծերով: Մենք չունենք մեր կուսակցությունն այնտեղ, ես ոչ մի կուսակցության անդամ չեմ և ասեմ, որ նախաձեռնություն սկսելու համար բոլորովին  պարտադիր չէ  անպայման լինել որևէ կազմակերպության անդամ: Նա, ով ուզում է ազգօգուտ գործ անել, կանի: Ես չեմ ուզում ստվեր գցել որևէ կազմակերպության, անհատի աշխատանքի վրա. թո՛ղ աշխատեն, դա միայն մեր հայկական շահերից է բխում: Ապակառուցողական ոչինչ չկա: Պարզապես լռած վիճակն է անհանդուրժելի: Մենք պետք է կարողանանաք ամենուր և միշտ պաշտպանել մեր ազգային արժեքները, մեր շահերը, ճշմարտությունը:

-Լա՛վ է ասված. պարո՛ն Բաբախանյան, ասացեք, թե ձեր ընկերակցությունն ինչպե՞ս է դա կազմակերպում:

Մենք բազմիցս ապրիլի 24-ին ցույցեր ենք կազմակերպել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով, այս տարի ևս ապրիլի 24-ին հիշատակեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, պատրաստել էինք 9-ը մետրանոց պաստառ, որի վրա հոլոքոսթը, Սիրիայի պատերազմը խորհրդանշող նկարները կային, իսկ կենտրոնում՝ Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող նկար էր ցուցադրված. այդ պաստառը 6-7 հոգի  էին ետևից պահում, այդպիսի մեծ պաստառ երբևէ չէր եղել, արդեն նախապատրաստվում ենք՝ 2017-ին նշելու 101-րդ տարելիցը. Սանկտ Պետերբուրգում կանգնեցրել էին Հեյդար Ալիևի մեծ հուշապաստառը, մեր ընկերակցությունը բողոքի ձայն բարձրացրեց՝ ինչու՞, ո՞ր արժանիքի համար. գտա ազգությամբ ռուս, նշանավոր  գիտնականի 30 տարի առաջ հրապարակված հոդված, ուր հեղինակը գրել էր Ալիևի դասալիք լինելու մասին, թե ինչպես նա, կեղծելով իր ծննդյան տարեթիվը, խուսափել է Հայրենական մեծ պատերազմին մասնակցելուց. ես  այդ փաստն օգտագործեցի որպես հաղթաթուղթ և ասացի, որ Ալիևը պատերազմի ժամանակ դասալիք է եղել և չի կարելի նրա մեծարման հուշատախտակը կանգնեցնել Լենինգրադի նման հերոս-քաղաքում: Մեր ընկերակցությունը Սանկտ Պետերբուրգում բողոքի միտինգ է կազմակերպել Թուրքիայի  գլխավոր հյուպատոսության շենքի մոտ, Հայաստանի առաջին հանրապետության օրվա առիթով ևս կազմակերպել ենք երթ, Ռամիլ Սաֆարովի վերահանձնման առիթով՝ բողոքի ցույց…Առանձին  նշել ենք Արցախի անկախության տոնը և Հայաստանինը՝ ևս առանձին: Հանդիպումներ ենք ունեցել քաղաքական նշանավոր գորչիծների հետ, լսել նրանց դասախոսությունները: Մենք մեզ համարում ենք ինֆորմացիոն ֆիդայիներ: Ապրիլին պատերազմ սկսվեց, հայությունը պետք է հավաքվեր քաղաքի որևէ կենտրոնում, խորհրդակցեին, քննարկեին, որոշում կայացնեին՝ ինչ անել…Օգնություններ շատ են եղել, խոսք չկա, սակայն շատ կարևոր է պայքարել Ադրբեջանի ստահոդ լուրերի ու ագրեսիվ քարոզչության դեմ, և դա պետք է սփռել աշխարհով մեկ: Մենք պետք է առաջնորդվենք  այսպիսի  սկզբունքներով՝ «Ուժը ծնում է իրավունք» (Նժդեհ), «Միասնությունը ծնում է ուժ» (Մոնթե), պետք է վեր հանենք պատմական ճշմարտությունն ու նաև կարողանանաք այն ներկայացնել աշխարհին:

Պետք է ակտի՛վ և միասնական լինենք հայապահպանության, ազգանպաստ գործերում. ժամանակն է՝ փոխվելու, Հայոց Զարթոնքի՛ ժամանակն է:

-Դուք այս օրերին , ինչպես տեղեկացա, եղել եք նաև Արցախում. ի՞նչ առաքելություն ունեիք:

-Մենք Սանկտ Պետերբուրգից  30 հոգով ենք եկել Հայաստան. այո՛, եղել ենք նաև Արցախում, որտեղ մեր բարերարներից մեկը՝ Մաքսիմ Աթայանը, ով ծնվել է Ռուսաստանում, իր արմատների Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղում կառուցել է նոր եկեղեցի, այս տարի վերանորոգեց հինը, երկու տուն կառուցեց, ամենակարևորը՝ երկու սարերի հեռավորությունից ջուր բերեց գյուղ…Հսկայական աշխատանքներ, որոնց մասին ոչ բոլորը գիտեն: Հայրենասիրությունը սկսվում է նաև հայրենի տան, արմատների ծննդավայրի հանդեպ ունեցած այսպիսի սիրուց:  Լրագրողները պետք է ծանոթ լինեն օրվա կտրվածքով հայաստանյան կարևոր իրադարձությունների, մամուլի, համացանցի, էլեկրտրոնային կայքերի, ֆեյսբուքյան պաշտոնական էջերի բոլոր նորություններին, արձագանքեն, հարկ եղած դեպքում՝ ընդդիմանան, գրեն կեղծ լուրը հերքող պատասխան նյութը, գրեն աշխարհի մակարդակով հայկական համայնքների, մեծ հայերի, արցախյան գոյամարտի ազատամարտիկների և նորօրյա հերոս տղաներիր մասին, ովքեր իրենց  ջահել կյանքի գնով ետ շպրտեցին թշնամուն,  Հայաստանում և Սփյուռքում հայկական հարցի համար պայքարողների, նրանց նախաձեռնությունների մասին…Կայքեր կան, որոնց վերջին նորությունները նույնիսկ 3 տարվա վաղեմություն ունեն, տարբեր երկրներում Հայաստանի որոշ  դեսպանատների կայքերում նորություններ կան, որոնք 3-4 ամսվա վաղեմություն ունեն, կամ էլ՝ նորությունն ընդամենը 5-ից 10 տող է կազմում: Մենք պետք է միշտ արթուն, զգոն լինենք տեղեկատվական դաշտում, որը պակաս կարևոր չէ իրական մարտադաշտից ու սահմանից. մեր տղաները սահմանների զինվորներն են, մենք էլ՝ Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերս, գաղափարի, տեղեկատվական դաշտի զինվորներ պետք է լինենք: Ես ճշմարտության բարեկամն եմ. եթե պետք է այն տեղ հասցնելու համար քարեր նետեն, թո՛ղ ինձ  վրա նետեն:

-Շնորհակալությու՛ն, պարո՛ն Բաբախանյան, մաղթում եմ Ձեզ հայանպաստ արգասավոր գործունեություն:

Կարինե Ավագյան

Scroll Up