ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Չեխիայի «Ուրարտու» հայ-չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանին

Հոկտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Չեխիայի «Ուրարտու» հայ-չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Ա.Սարգսյանի կողմից Չեխիայի հայ համայնքում իրականացվող հայապահպան գործունեությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Սարգսյանը ներկայացրեց Չեխիայում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումները և պատրաստակամություն հայտնեց առավել համակողմանի և լայն գործակցության:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը: Քննարկվեցին հատկապես «Արի տուն» ծրագրին, «Սփյուռք» ամառային դպրոցին Չեխիայի հայ համայնքի մասնակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվեց Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը միտված նախաձեռնությունների իրագործումը Հայրենիքում և Սփյուռքում: