«Մամուլն ու համացանցը մեծ անելիք ունեն պատմական տեղեկությունների սրբագրության հարցում».Սիլվա Փանոյան-Կարավարդանյան

«Հայերն այսօր»-ը իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում հատվածներ՝ ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակից Լիբանանի պետական լրատվական գործակալության հայերեն կայք-էջի ներկայացուցիչ և «Ազդակ» օրաթերթի թղթակից Սիլվա Փանոյան-Կարավարդանյանի «Լրատվական համահայկական գործելաոճի հիմնահարցեր»-ը թեմայով ելույթից:
-Կասկած չկա, որ մամուլն առանցքային դեր ունի հատկապես հայության համար, իսկ վերջին տասնամյակներում մամուլն ու հաղորդակցության միջոցները հսկայական զարգացումներ ապրեցին: Հայ ժողովուրդը ՝Սփյուռքում և Հայաստանում վերջին մի քանի տասնամյակներում ներքին և արտաքին ճակատներով ապրեց և ապրում է մի քանի հիմնական իրադարձությունների հոլովույթում: Արտաքին ճակատի վրա, հատկապես՝ Միջին Արևելքում ծավալված այսպես կոչված՝«արաբական գարունը», 2011-ից ի վեր ցնցեց հայրենամերձ մեր գաղութները:
Նմանապես կրոնական արմատական շարժումների արտաքին պիտակի տակ գործադրված ահաբեկչական արարքները որոշ չափով հիշեցնում են Հայոց ցեղասպանության արհավիրքի օրերը, մերօրյա ենիչերիներին, որն իր ժխտական ազդեցությունն ունի հայության վրա, վկա՝ Սիրիայի, հատկապես՝ Հալեպի և Իրաքի հայկական գաղթօջախները: Ներքին ճակատի առումով նշենք 1918թ.28-ին մեր պետականության ստեղծումը, վերակենդանացումն ու 1991-ի սեպտեմբերի 21-ին նորանկախ Հայաստանի հռչակումն ու դրան հետևող պետականաշինության գործընթացը, ՀՀ սփյուռքի նախարարության կազմավորումը, որը 2008-ից ի վեր կամրջող դեր է կատարում հայության զանազան թևերի միացման իմաստով:
Այս առումով մամուլը, հաղորդակցության միջոցներն, հատկապես՝ համացանցը, առանցքային դեր ունեն: Լրատվական համահայկական գործելաոճը ուղղակիորեն թե՝ անուղղակիորեն, ազդեցություն է կրել վերոնշյալ ազդակներից: Հարկ է նշել, ճշտել և վերաթարմացնել, բարեփոխումներ կատարել՝ դիմագրավելու և հաղթահարելու օրեցօր ավելացող մարտահրավերները, որոնցից ամենալուրջը , թերևս, ընթերցողների նահանջն է: Այս շրջանակներում հարկ է նշել մեր աշխատելաոճը՝ ներքին ու արտաքին ճակատների հիմնահարցերի շուրջ: Ներքին ճակատով լեզվական հարցն է՝ լրատվական ճշգրիտ, մաքուր ուղղագրական ոճով հաղորդելու խնդիրը, հատկապես՝ արևմտահայերենի մասով, ինչպես նաև՝ թիրախի ճշտումը, որը նախ՝ ժողովուրդն է ու հանրային կարծիքը, որը չպետք է թերագնահատել: Կարևոր ու էական հրամայականն է երիտասարդների ներգրավումը Հայ դատի պահանջատիրությանն առնչվող լրատվության մեջ: Արտաքին ճակատի վրա մեր թիրախը միջազգային հանրության կարծիքն է, ներառյալ՝ մեր թշնամիներինը: Այստեղ ցանկանում եմ նշել նաև քրդերի պարագան ոչ թե որպես թշնամի, այլ զգուշությամբ անհրաժեշտ է հակազդել նրանց մի շարք տեղեկատվությունների վրա, օրինակ,եթե ի նկատի ունենանք նրանց հայտարարած անկախ Քյուրդիստանի քարտեզը կամ լրատվությունը, ուր հայկական գրավյալ տարածքները ներգրավում են իրենց քրդական ապագա պետության մեջ, որն ապագա պատերազմի ենթահողն է. թուրքը կուրախանա և կմտածի՝ երբ քուրդն անկախանա, հայերի ու քրդերի միջև սահմանային վեճեր կծագեն:՚ Ասելիքս այն է, որ մամուլն ու համացանցը մեծ անելիք ունեն այս պատմական տեղեկությունների սրբագրության հարցում: