Պետք է ամեն բան անել Հարավային Ամերիկայի երկրների համար Հայաստանը ճանաչելի և հրապուրիչ դարձնելու ուղղությամբ. Էդուրարդո Նեստոր Բալյան

Երևանում և Ստեփանակերտում ավարտվեցին ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշխատանքները:

Համաժողովի ընթացքում հնչեցին բազմաթիվ կարծիքներ, ելույթներ աշխարհի տարբեր ծագերից հայաստան ժամանած հայ լրագրողների, խմբագիրների կողմից: Արգենտինայում լույս տեսնող «Նոր դարաշրջան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդուրարդո Նեստոր Բալյանի ելույթը աշխարհում Հայաստանի ճանաչելիությանն ու վարկանիշի բարձրացմանն էր վերաբերում: Ելույթի ամփոփ սղագրութությունը «Հայերն այսօրը» ներկայացնում է իր ընթերցողներին:

Արգենտինայում քչերը գիտեն՝ որտեղ է Հայաստանը: Գրեթե ոչ ոք չգիտի, որ Հայաստանը քրիստոնյա պետություն է, և որ քրիստոնեությունը որպես պետական  կրոն ընդունած առաջին երկիրն աշխարհում հենց Հայաստանն է եղել: Երևանը, դժբախտաբար, Հարավային Ամերիկայի երկրների համար տուրիստական առումով նախընտրած ուղղություններից մեկը չէ, այնինչ աշխարհի ամենաինքնատիպ և գեղեցիկ քաղաքներից մեկն է:

Արգենտինայում տեղացիները, բացի 120 հազարանոց հայկական համայնքից, տեղյակ չեն  մեր պատմությանը… 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանում Ֆրանցիսկո Պապի մատուցած պատարագն էր, որ լույս սփռեց այս իրողության վրա, երբ Պապը հայտարարեց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերը հայերն են եղել:

 Գրեթե 6 հազար տարվա պատմություն ունեցող երկիր ենք՝ հարուստ մշակույթով, երգարվեստով, պարարվեստով, գրականությամբ, ձեռագործությամբ: Մեր թանգարաններն ապշեցուցիչ են: Մեր պատմությունը, եկեղեցիներն ու վանքերը, ճաշատեսակների յուրահատուկ համն ու ժողովրդի հյուրասրիությունն առաձնահատուկ են դարձնում մեր երկիրը:

Որպես հայ և որպես լրագրող՝ մեր նպատակը պետք է լինի ամբողջ աշխարհով  տարածելու ոչ միայն հայ ժողովրդի ցավը՝ Հայոց Ցեղասպանության  ու  դրա՝ առ այսօր Թուրքիայի կողմից ժխտողականության, Ղարաբաղյան հակամարտության փաստերը,  այլև՝  մեր ունեցած լավը, մեր հարստությունը:

Պետք է հնարավոր ամեն բան անել Հարավային Ամերիկայի երկրների  համար Հայաստանը ճանաչելի և տուրիստական առումով հրապուրիչ դարձնելու ուղղությամբ:

Scroll Up