Ֆրանսիայի կրթության նախարարը ցեղասպանությունների և զանգվածային ոճիրների հետազոտման առաքելություն է ստեղծել

Ֆրանսիայի ազգային կրթության և բարձրագույն ուսման նախարարուհի Նաժադ Վալո-Պելքասեմը հոկտեմբերի 18-ին կյանքի է կոչել մի առաքելություն, որն ուսումնասիրելու է ցեղասպանությունները և զանգվածային ոճիրները՝ նպատակ ունենալով լավագույնս ըմբռնել դրանք, ինչպես նաև՝ պայքարել ցեղասպանությունների ժխտողականության և դրանց կրկնման դեմ: Այս մասին ըստ «Հայերն այսօրի»՝ հայտնում է «Նոր Հառաջը»:
Այս առաքելությունը, որն ստեղծվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց, վստահված է պատմաբան, Ազգային կրթության ընդհանուր քննիչ Վենսան Տիվքլերին: Այն գլխավորելու է 12 տարբեր երկրների քաղաքացիներից բաղկացած 46 հոգանոց խումբը: Առաքելության անդամները պատմության, հասարակագիտության, մարդաբանության հետազոտողներ, երկրորդական կամ բարձրագույն վարժարանների դաստիարակ-դասախոսներ, իրավաբաններ, լրագրողներ կամ հոգեվերլուծաբաններ են:
Նորաստեղծ խումբը կպատրաստի ցեղասպանությունների և զանգվածային ոճիրների մասին մի տեղեկագիր, որպեսզի դյուրացվի դրանց ըմբռնումը և ուղենշվեն կանխարգելման նոր ձևեր: Առաքելությունն իր եզրակացությունները պետք է հանձնի մեկ տարվա ընթացքում: