Սիրիայի խորհրդարանի նիստին պատգամավոր Նորա Արիսյանը Հայոց ցեղասպանությանը նվիրված նամականիշ թողարկելու առաջարկ է արել

Հոկտեմբերի 19-ին Սիրիայի խորհրդարանի նիստին, որին ներկա էր Կապի և ճարտարագիտության նախարար Ալի ալ-Զաֆիրը, ելույթ է ունեցել Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանը և Հայոց ցեղասպանությանը նվիրված նամականիշ թողարկելու պաշտոնական դիմում ներկայացրել:
Հայերն այսօրը, հղում կատարելով Perio news-ին, հայտնում է, որ իր դիմումում Նորա Արիսյանը նշել է. «Առաջարկում եմ Փոստային հաստատությանը թողարկելու հատուկ թեմաներով նամականիշեր, որոնք նվիրված կլինեն Օսմանյան կայսրության ժամանակ իրագործված Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև՝ ասորիների Սեյֆոյին»:
Նախարար ալ-Զաֆիրը համաձայնություն է տվել ընթացք տալու պատգամավոր Նորա Արիսյանի դիմումին:
Հավելենք, որ նամականիշեր թողարկելու պատասխանատու մարմինը՝ Փոստային հաստատությունը, պատկանում է Կապի և ճարտարագիտության նախարարությանը: