Սփյուռքի նախարարն ընդունեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության, 5 տարի անընդմեջ Հայաստանում հաստատված սիրիահայերի ինտեգրման, նրանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ  համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Նախարարը Լենա Հալաջյանին հանձնեց ՀՀ ազգային ժողովի նախագահի հուշամեդալը, որին սիրիահայ հասարակական գործիչն արժանացել է Հայաստան տեղափոխված սիրիահայերի ինտեգրման գործընթացում ցուցաբերած մեծ ջանքերի, իրականացրած բազմաթիվ բարեսիրական, հումանիտար, սոցիալական, մշակութային և այլ ծրագրերի, սկզբունքային հետևողական իրականացման և նվիրումի համար:

Շնորհավորելով բարձր պարգևի համար՝ նախարարը նշեց, որ Լենա Հալաջյանը, մինչ Հայրենիք տեղափոխվելը եղել է Սփյուռքի նախարարի խորհրդականը Հալեպում, ակտիվ գործունեություն է իրագործել համայնքում: «Ինձ հիացմունք է պատճառում տիկին Լենայի մարդկային նկարագիրը, չորս որդիների մայրը կարողանում է իր ժամանակի մեծ մասը տրամադրել դժվար կացության, ծանր հոգեվիճակի մեջ հայտնված իր հայրենակիցներին՝ ամոքել նրանց ցավը, լուծել նրանց խնդիրները՝ իր կառույցում ստեղծելով ջերմ ու հարազատ միջավայր: Շուրջ ինը տասնյակ տարաբնույթ ծրագրեր է իրականացրել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը» Լենա Հալաջյանի գլխավորությամբ, բոլորը պատշաճ մակարդակով, բարեխղճորեն, որովհետև ոչ ոք այնքան մոտիկից ու խորը չի ճանաչում ու հասկանում սիրիահային, ինչպես նա: Առավել զարրմանալի ու հիացմունքի է արժանի տիկին Լենայի    համագործակցությունը Սփյուռքի նախարարության աշխատակազմի, միջազգային, համահայկական կառույցների ներկայացուցիչների հետ, և, որ ամենակարևորն է՝ այն առանձնահատուկ սերն ու կապվածությունը  Հայրենիքին, որ Լենա Հալաջյանը փոխանցում է բոլոր Սիրիահայերին»,- հավելեց Սփյուռքի նախարարը:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Լենա Հալաջյանը ասաց.    «Ես ավարտել եմ Հալեպի Արվեստի և հումանիտար գիտությունների պետական համալսարանը, սովորել եմ Լոս Անջելեսի Pierce քոլեջի լրագրության բաժնում, համայնքային կառույցներում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, սակայն Սփյուռքի նախարարության, մասնավորապես նախարարի հետ համագործակցության հինգ տարիները ինձ համար յուրահատուկ դպրոց էին, որ ինձ տվեցին մեծ փորձ ու հմտություններ:

Կարծում եմ, կարևորը գործն է, ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին օգնելուն, ձեռք մեկնելուն և նրանց հոգսերը թեթևացնելուն ուղղված մեր առաքելությունը, սակայն, ինչ խոսք, հաճելի է նաև գնահատված լինելը, շնորհակալ եմ, ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ մեր աշխատանքը գնահատելու համար: Այս պարգևը պարտավորեցնում է առավել մեծ ջանքեր գործադրել Հայաստանում սիրիահայերի ինտեգրման գործընթացում»:

Scroll Up