Որևէ արգելք չկա, որ սիրիահայերը մնան Հալեպում և չգաղթեն. Լենա Հալաջյան

Ամեն ընտանիք ինքն իր ազատ որոշումը պետք է ունենա՝ լքել Հալեպը, թե մնալ և ապրել համայնքում. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հալաջյանը:

Ենթադրությունները, թե ներքին արգելք կա սիրիահայերի նկատմամբ Հալեպը լքելու, որի հետևանքով հայկական մայր գաղթօջախը կարող է փոշիացվել՝ ՀԿ նախագահը սփյուռքի ազգային իշխանությունների հասցեին անարգանք համարեց:

Ըստ նրա՝ տեղի հայկական կազմակերպությունները, իշխանություններն ու հյուպատոսարանը թիկունք են համայնքին և որևէ  արգելք չեն դնում, որ մնան և չգաղթեն: «Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու՝ մնան, թե գաղթեն, ազատ են: Ընդհակառակը, որ ասում են, եթե պետք է գաղթեք, ուղարկում են Հայաստան»,- հրավիրված ասուլիսին ասաց նա:

Միաժամանակ նա պատմական անդրադարձ կատարեց, թե Լիբանանը 25 տարի քաղաքացիական պատերազմի մեջ է եղել, բայց ունեն ակտիվ համայնք, կաթողիկոսություն, որը մինչև այսօր գոյատևում է: «Խնդիրն այն է, որ մի քանի հայ ընտանիքի այսպես թմբկահարելով տեղափոխելով, մենք  վնաս կտանք մեր հայ ազգի զավակներին»,- ասաց նա:

Ըստ նրա, սիրիահայերն ազատ են, ոչ ոք իրավունք չունի պարտադրելու, բայց նշեց, որ  եթե անգամ պետական ռազմավարություն էլ լինի տեղափոխելու, ինչը չկա, ապա դա գոնե պետք է արվի լռելյայն, որպեսզի մնացողը չտուժի:

Հարցին, թե ով պետք է վնաս հասցնի համայնքին, երբ այնտեղ  պատերազմ է, հայ համայնքը վերջին երկու շաբաթում 9 զոհ է ունեցել, պատասխանեց, թե նախ հայկական համայնքը ամենից քիչ տուժած համայնքներից մեկն է, ու բացի այդ, հայաբնակ թաղամասերը պետական պահպանության տակ են ու  գրոհայիններն էլ չեն ուզում փոքրամասնությունների հետ թշնամանալ:

Նա իրականությանը չհամապատասխանող լուր համարեց այն, որ 600 հայ ցանկանում է տեղափոխվել Հայաստան՝ որակելով դա տվյալ կազմակերպության PR: Լենա Հալաջյանն ասաց, որ կենտրոնի տվյալներով՝ այս տարվա տասը ամսվա ընթացքում ՀՀ է տեղափոխվել  428 սիրիահայ, որոնց մեջ հաշվվել են նաև նրանք, ովքեր եկել են իրենց հարազատներին տեսակցելու և վերադարձել են:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահը նշեց, թե նրանք, ովքեր ցանկանում են գալ, բայց գումար չունեն կարող են դիմել պաշտոնական խողովակներին՝ դեսպանությանը,  շտապօգնության մարմնին, հայկական կազմակերպություններին, տեղի հայ իշխանությանը:

«Սիրիահայերի միություն» ՀԿ նախագահ Ներսես Քիվոյին նշեց, թե իրենց  կազմակերպությունը թիրախավորված է սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը: «Փորձում ենք սիրիահայերի տնտեսական վիճակը բարելավել, խորհրդատվություն ենք տրամադրում՝ իրավաբանական, մաքսային, հարկային, հաշվապահական, որպեսզի սիրիահայ ներգաղթողները կարողանան հաստատվել և չարտագաղթեն»,- ասաց նա:

Ըստ նրա՝ հայտարարությունները, թե դժգոհություններ կան հարկերից, ճիշտ չեն: «Սիրիահայերի համար խնդիր չէ հարկ վճարելը։ Հաստատվողներ շատ են, զանազան ծրագրեր ունենք, նոր ծրագրեր կան»,-tert.am-ի փոխանցմամբ՝ ասաց նա և նշեց, որ իհարկե կան դեպքեր, որ փակում գնում են բիզնեսը, բայց բոլորի նպատակը ՀՀ-ում հաստատվելն է:

Scroll Up