«Դուդուկի միջոցով ես ճանաչեցի Հայաստանը». գերմանացի դուդուկահար

2012 թվականից ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Դուդուկի փառատոնն իր ազդեցությունն է ունեցել հայկական ծիրանափողն ավելի հանրահռչակելու գործում: Այն նաև հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ և օտար կատարողներին իրենց արվեստը ներկայացնելու Հայաստանում: Այս տարի ևս փառատոնին մասնակցում էին ինչպես հայ, այնպես էլ՝ օտար կատարողներ աշխարհի տարբեր երկրներից: Գերմանիայից ժամանել էին երաժիշտներ Գրեգոր Շուլենբուրգը, Ուվե Ֆիշերը, Աքսել Լորենցը, Սորեն Բիրկեն և կոմպոզիտոր Դիրք Միքայելիսը, որոնց ուղեկցում էր Ռուզաննա Այզնմենգեր-Կարապետյանը

Ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի թղթակցի զրույցը դուդուկահար Սորեն Բիրկենի և Ռուզաննա Այզնմենգեր-Կարապետյանի հետ:

Ռուզաննա ԱյզնմենգերԿարապետյան

– Երաժիշտները միասին երկրորդ անգամ են մասնակցում ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին, իսկ դուդուկահար Սյորեն Բիրկեի հինգերորդ այցելությունն է Հայաստան: Սյորենի դուդուկի  ուսուցիչներն են եղել նաև Ջիվան Գասպարյանը և Գևորգ Դաբաղյանը: Բեռլինում կազմակերպել ենք նաև տարբեր համերգներ Ջիվան Գասպարյանի և Գևորգ Դաբաղյանի մասնակցությամբ: Փառատոնի շրջանակներում ներկայացրեցինք գերմանացի հայտնի երգիչ-երգահան Դիրք Միքայելիսի ստեղծագործությունները: Վերջինիս և դուդուկահար Սյորեն Բիրկենի շնորհիվ՝ հայկական դուդուկը մեծ ճանաչում է ստանում Եվրոպայում, հատկապես՝ Գերմանիայում:

Երբ համերգների ժամանակ հնչում է դուդուկի թախծոտ մեղեդին՝ հանդիսատեսին հետաքրքրում է, թե ինչ գործիք է: Եվ մեր երաժիշտները սիրով պատմում են դուդուկի մասին՝ ներկայացնելով պատմություններ նրա հայրենիքի մասին: Դուդուկը գերմանացի երաժիշտներին հետաքրքրել է Սորեն Բիրկենի շնորհիվ, երբ մոտ տասը տարի առաջ նա առաջին անգամ դուդուկի մեղեին լսել է  «Գլադիատոր» ֆիլմում: Հետո մեր ընդհանուր ընկերների շնորհիվ ես հանդիպեցի Բիրկեին և առաջարկեցի գալ Հայաստան:

Մեր առաջին այցելության ժամանակ նրա համար դուդուկ գնեցինք,  այցելեցինք դուդուկի վարպետներին: Այդ ժամանակ էլ որոշեցինք դուդուկի մասին ֆիլմ նկարել, որը դեռ ընթացքի մեջ է. ֆիլմը կոչվում է «Դառը ծիրան»: Խմբում միակ հայ ներկայացուցիչը ես եմ և փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի իրենց մոտեցնեմ մեր մշակույթին և երաժշտությանը:

Բացի երաժիշտների հետ աշխատելուց, ես նաև զբաղվում եմ լուսանկարչությամբ: Անցյալ տարի Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ իմ անհատական ցուցահանդեսը: Իսկ հերթական ցուցահանդեսը տեղի կունենա նոյեմբեր ամսին՝ Բեռլինում:

Սորեն Բիրկե

-Դուդուկ նվագարանը ես առաջին անգամ ճանաչեցի մոտ տասը տարի առաջ, երբ դիտեցի «Գլադիատոր» ֆիլմը: Այդ օրվանից դուդուկի ձայնն իմ սրտից դուրս չի գալիս: Հիշում եմ, թե առաջին անգամ ինչպես էի հոզվել դուդուկի մոգական ձայնից: Մինչև  2000 թվականը ես Հայաստանի մասին ոչինչ չգիտեի: Զբաղված էի  իմ առօրյա լարված աշխատանքով. շրթհարմոն էի նվագում  փոքրիկ երաժշտական խմբում: Այդ ժամանակ հիմնականում բլյուզ էի նվագում: Երաժշտական առումով լրիվ ուրիշ աշխարհում էի, երբ իմ կյանք «ներխուժեց» դուդուկը: Լարված աշխատանքից հետո, երբ փորձում էի հանգստանալ, փակում էի աչքերս ու դուդուկի մոգական մեղեդին լսում: Քանի որ ինձ այդքան գրավել էր դուդուկի ձայնը, ես որոշեցի փնտրել ու գտնել այդ գործիքի հայրենիքը: Ինձ համար դժվար էր, ես չգիտեի՝ ինչի՞ց սկսել, որտե՞ղ փնտրել, ինձ ծանոթ էր միայն նրա մեղեդին:

Մի անգամ պատահական ձեռք բերեցի Ջիվան Գասպարյանի ձայնասկավառակը, որի միջոցով ծանոթացա հայկական ժողովրդական, ազգային երաժշտությանը: Հենց այդ ժամանակ էլ դուդուկ նվագել սովորելը դարձավ իմ ամենանվիրական երազանքը: Այդ փնտրտուքի ճանապարհին էլ ես հանդիպեցի Ռուզաննային, որն ինձ համար ճանապարհ հարթեց դեպի դուդուկի մոգական աշխարհը:

2006 թվականին մենք առաջին անգամ եկանք Հայաստան: Շնորհիվ Ռուզաննայի՝ ես ծանոթացա հայկական մշակույթին, լսեցի իրական հայկական երաժշտություն: Ռուզաննան ինձ համար դարձավ ամենալավ գիտակը Հայաստանը բացահայտելու ճանապարհին: Միասին ուսումնասիրել ենք նաև հայկական խաչքարերը: Նա ինձ ծանոթացրել է կոմիտասյան երաժշտությանը: Կոմիտասն ու դուդուկն ինձ համար դարձան մի յուրահատուկ աշխարհ: Իսկ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը կամուրջ է ստեղծել Գերմանիայի և Հայաստանի միջև:

Տաթև Դավթյան

դուդուկդուդուկ1 դուդուկ2դուդուկ3 դուդուկ5

 

Scroll Up