Անի այցելողները GSM օպերատորից ստանում են «Բարի գալուստ Հայաստան» հաղորդագրությունը

Հայատյաց քարոզչությամբ զբաղվող թուրքական «ASİMDER» կազմակերպության ղեկավար, Էրզրումում Աթաթուրքի անվան համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Սավաշ Էղիլմեզը բողոքել է միջազգային  GSM-ի բջջային օպերատորներից մեկի գործողություններից: Ըստ նրա՝ Անիի ավերակներ այցելող զբոսաշրջիկների հեռախոսներին օպերատորի կողմից ուղարկվել է հաղորդագրություն, որտեղ հայ-թուրքական սահմանամերձ ավերակ քաղաքի տարածքը համարում է Հայաստանի մաս:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Էղիլմեզը հայտարարել է, որ GSM օպերատորի ուղարկած հաղորդագրությունում նշվում է «Բարի գալուստ Հայաստան»:

«Այդ օպերատորը պատմական Անի քաղաքը ներառել է Հայաստանի սահմանների մեջ և կատարել է հայերի երազանքը»,- դժգոհել է հակահայկական կազմակերպության նախագահը:

Ըստ ermenihaber.am-ի` վերջինս հայտարարել է, որ պատրաստվում են դիմում ներկայացնել Էրզրումի նահանգային դատախազություն այդ սխալն ուղղել տալու պահանջով:

Scroll Up