Աշխարհի կանանց մեջ բացառի՛կ են հայուհիները

«Հայերն այսօր»-ի խմբագրության դռնից ներս մտնող հյուրերը՝ բարեհամբույր, հմայիչ տիկինն ու նրան ուղեկցող գեղեցկուհին ինձ անծանոթ էին. հարցազրույցի ընթացքում անգամ տիկին Ջեսիկան համեստորեն լռեց իր հանրաճանաչ լինելու մասին, և մեր զրույցը հիմնականում ծավալվեց նրա արմատների, Հայոց ցեղասպանությունից փրկված հարազատների, հայերի ու Հայաստանի, մարդկանց սոցիալական վիճակի, Երևանի, Անկախության հռչակման 25-ամյակի տոնակատարության մասին, իսկ հետո… մնացյալը՝ հարցազրույցից հետո:

-Բարո՛վ եք եկել Հայաստան և Սփյուռքի նախարարություն՝ հա՛յի տուն: Տիկի՛ն Ջեսիկա, զրույցը սկսենք Ձեր արմատներից. որտե՞ղից են Ձեր նախնիները, ծնողները:

Իմ ամբողջական անունը Ժասմին-Ջեսիկա Վարդուղյան է, արմատներս Արևմտյան Հայաստանից են, իմ ծնողները Որրֆայից են եղել: Մեծ հայրս պատմել է, թե ինչպես են ջարդի ժամանակ կորցրել շատ հարազատների, մայրս էլ ջարդի ժամանակ կորցրել է իր երկու քույրերին, մորս կողմից մնացել է միայն նրա հայրը. նրանք Բուրսայի կողմերում զբաղվել են մետաքսագործությամբ, լավ ապրուստ են ունեցել. ընդհանրապես, Պատմական Հայրենիքում մեր նախնիները շատ լավ են ապրել, շատ աշխատասեր և  հարուստ են եղել: Դառն ու դաժան ճակատագիր է բաժին հասել մեր նախնիներին. ցաքուցրիվ են եղել աշխարհով մեկ, և  նրանց սերունդներն են կազմել այսօրվա Սփյուռքը: Մեծ  մորս  երկու քույրերը  գնում  են  Փարիզ, մեծ հայրս  ու  մեծ մայրս հաստատվում  են Ռումինիայում, որն այն ժամանակ շատ հարուստ երկիր է եղել, ուր հայերին շատ լավ են ընդունել: Հայրս  կոշիկի դիզայներ էր, ֆաբրիկա ուներ, մենք շատ գեղեցիկ տուն ունեինք, լավ ապրուստի տեր էինք: 1957- 58-ին այն մարդիկ, ովքեր ռումինական փաստաթուղթ, անձնագիր չունեին, նրանց տեղահանում էին: Թողնելով մեր հարստությունը, մեր գեղեցիկ տունը՝ հայրս, առանց որևէ ինչքի, դուրս եկավ իր տանից…այսօրվա նման հիշում եմ մեր գեղեցիկ տունը, որը  բոլորը շատ էին հավանում, և տեղի ամենամեծ բանտի տնօրենը գնեց այն:  Մենք  մի քանի տարի ապրեցինք Բեյրութում. հայրս բալետի ճկուն կոշիկներ էր  նախագծում, որի շնորհիվ բավականին դրամ վաստակեց ու այդ միջոցով տեղափոխվեցինք Ամերիկա՝ Լոս Անջելես:  Երկու տարի ապրեցինք  Beverly Hills-ում, հայրս 16-18 ժամ աշխատում էր, երեք երեխա էինք ընտանիքում, ապրե՛լ էր պետք: Թեև  մեծ չէի, սակայն ես էլ էի աշխատում. 1964-ին ընդունվել եմ Կալիֆորնիայի համալսարան, զուգահեռաբար սովորել եմ անգլերեն, ընդուվել եմ  Beverly Hills-ում գտնվող գեղեցկության սրահ, 3 տարի զբաղվելով վարսավիրությամբ՝ սկսեցի ուսումնասիրել եղունգների խնամքը, վերականգնողական աշխատանքները, խորացա այդ ոլորտում, 1969-ին բացեցի իմ առաջին փոքրիկ սրահը…

-Տիկի՛ն  Ջեսիկա, դժվար է Ձեզանից լսել Ձե՛ր մասին…Ձեզ ուղեկցող Սոնան ժպտում է. և, այնուամենայնիվ, կասե՞ք, թե որն է Ձեր գործունեության ոլորտը՝  բարեգործությու՞նը, հասարակական աշխատա՞նքը, այսքան տարի ինչո՞վ եք զբաղվել Լոս Անջելեսում…

-Լոս Անջելեսում հայերին օգնում եմ աշխատանքի հարցերով, այստեղ  ամեն ամիս  օգնում եմ 8 փոքրիկների և շուրջ 15 տարի  ամեն  ամիս նյութական աջակցություն եմ ցուցաբերում  մի ընտանիքի, AYVA-ի՝ հայ կանանց  խորհրդի անդամ եմ, նրանց հետ եմ աշխատում, նաև նրանց եմ օգնում տարիներ շարունակ…

-Այսինքն՝ բարեգործությունն է  Ձեր արած աշխատանքը…

-Այո՛, բարեգործությունը, բայց շատ չեմ սիրում խոսել այդ մասին. ես ուզում եմ, որ երիտասարդները մնան Հայաստանում, լավ կրթություն ստանան, չգնան Հայաստանից: Գիտեք՝ որքա՜ն եմ սիրում հայկական հին երգերը, մեր մշակույթը, այն ամենն, ինչ խոսում է հայերեն, խոսում  է իմ սրտի, իմ հոգու հետ, ուզում եմ օգտակար լինել իմ ժողովրդին:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Օ՜… ես  ուզում եմ, որ Հայաստանում երեխաներն արհեստ սովորեն, ոչ բոլորը կարող են ընդունվել բարձրագույն հաստատություններ, և ես ուզում եմ կազմակերպել, որպեսզի  երեխաներն  անվճար հիմունքներով արհեստ սովորեն:

-Տիկի՛ն  Ջեսիկա,  քանի՞ անգամ եք եղել Հայրենիքում և  ինչպիսի՞ զգացումներ ունեցաք  Ձեր առաջին այցելության ժամանակ:

-Սա իմ 8-րդ այցելությունն է Հայաստան. երբ 15 տարի  առաջ ես առաջին անգամ եկա Հայաստան, իջա օդանավից, 7-8 օր մնացի և անընդհատ արտասվում էի, շատ ցավալի էր, այսօր վիճակը  բավականին տարբեր է. ուզում եմ, որ Հայաստանն ու հայերը շատ լավ ապրեն, նրանք արժանի են դրան:

-Ի՞նչ է Հայրենիքը Ձեզ համար…

-Հայրենիքն  իմ հողն է, այն ինձ ո՛ւժ, կարողությո՛ւն է տալիս. հայերը յուրահատուկ, տաղանդավոր մարդիկ են, ես հպարտ եմ, որ հայուհի եմ:

Ահա այսպիսի  ոգևորող, զգայացունց  ավարտ ունեցավ մեր զրույցը, որի ընթացքում տիկին Ջեսիկան այդպես էլ համեստորեն լռեց ու չասաց, որ ինքը  JESSIKA ամերիկյան ապրանքանիշի հիմնադիրն է և այն առաջին կինը, ով  Beverly  Hills-ում հիմնել է խնամքի նեղ մասնագիտացված կենտրոն, որի համար «The New York Times»  ամսագիրը նրան շնորհել  է «First Lady of nails» տիտղոսը, որ դեռևս 1969-ին ինքը բացել է աշխարհում եղունգների առաջին մասնագիտացված սրահը, որ նրա այցելուները եղել են աշխարհաճանաչ  անձինք՝ Ռոնալդ Ռեյգանի տիկինը, Հիլարի Քլինթոնը և կինոյի ու երգարվեստի համաշխարհային  ճանաչում ունեցող աստղեր, որ 1986-ին ինքն սկսել է սեփական ապրանքանիշի հեռուստատեսային վաճառք կազմակերպել՝ իր ապրանքատեսականին արտահանելով Ճապոնիա, եվրոպական երկրներ, իսկ 1990-ին նվաճել է ողջ աշխարհը, որ ֆրանսիական French  մատնահարդարման գաղափարն ու այն իրականություն դարձնելը ևս իր մենաշնորհն  է…Փաստերն այնքա՜ն խոսուն են, որ մեզ մնում է միայն հիանալ ու հպարտանալ այսպիսի հայուհիներով ու մաղթել, որ Ժասմին–Ջեսիկա Վարդուղյանի բոլոր երազանքներն ու հայանպաստ ծրագրերն իրականություն դառնան և կրկին ասել, որ աշխարհի կանանց մեջ բացառի՛կ են ստեղծարար հայուհիները:

 Կարինե Ավագյան

 

Scroll Up