Տոնդ շնորհավո´ր, Հայաստա´ն աշխարհ. Շահան Գանտահարյան

Սեպտեմբերի 21-ին համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձը: Այդ պատմական իրադարձությունը մեծ ու պանծալի հոբելյան է ոչ միայն Հայաստանում ապրող հայերի համար, այլ նաև՝ աշխարհասփյուռ հայության:

«Հայերն այսօրը» ներկայացնում է Հայաստանի և Սփյուռքի ճանաչված գործիչների շնորհավորական խոսքը տոնի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության 25-ամյակը բազմաթիվ խորհուրդներ է բովանդակում։ Փորձելով սփյուռքյան հայացքով որոշ դիտարկումներ կատարել՝ անմիջապես հաստատենք, որ Սփյուռք հասկացողության հայեցակարգային և բովանդակային փոփոխություններ բերեց Հայաստանի Հանրապետությունը։ Անընդմեջ շփումներն ու համագործակցություները, հատկապես Սփյուռքի նախարարության հիմնումով ավելի աշխուժացան, և կառուցակարգված համագործակցությունը ամենակարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում հիմնովին նպաստեցին Սփյուռք հասկացողության ընկալմանը և ընդհանրապես սփյուռքահայի ազգային փիլիսոփայության բարեփոխմանը։

Համայնքայինից պետական և գաղութայինից համապետական և համահայկական մտածողության և աշխատակարգի անցումը նոր շունչ, նոր որակ և նոր հեռանկարներ բացեցին սփյուռքահայի առջև, որ առանց սեփական պետության դժվար թե կարողանար ներկա ժամանակների պարտադրած մարտահրավերներին դիմակայել։

Հայաստանակենտրոն մտածողությունը, ազգային փիլիսոփայության պետականամետ առանցքի գոյացումը և դրանցից բխող աշխատանքի ընդարձակ դաշտերի կայացումը արդյունք են Հայաստանի Հանրապետության հիմնադրության, անցած ուղու, ձեռք բերած նվաճումների։

Հայաստանակենտոնությունը այսուհետև առանցքային նշանակություն ունի մեր հետագա աշխատանքների համար, առանց որի մենք, իբրև Սփյուռք, կվերածվենք պետականազուրկ, ցիր ու ցան համայնքների, և հաճախ էլ քաղաքական առաջադրանքների մեր հետապնդման ընթացքի իրավական հենարաններից զուրկ հավաքականությունների։

Հայաստանի Հանրապետությունը հիմնովին շրջեց այս անհեռանկար իրավիճակը և Սփյուռքին ապահովեց նոր ընկալելիություն, նոր փիլիսոփայություն, նոր աշխատակարգ, նոր հորիզոններ։

Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Scroll Up