«Հայրենիքը բոլորիս հիմքն է ու հիմնասյունը». Վահան Վերմիշյան

ՀՀ սփյուռքի նախարարությունը միշտ իր հյուրընկալ դռներն է բացում ցանկացած առիթով Հայրենիք ժամանած սփյուռքահայերի համար, լսում նրանց մտահոգություններր, առաջարկները, ծանոթանում տվյալ երկրի հայկական համայնքի աշխատանքներին, ձեռքբերումներին և նորություններին, բոլոր հարցերում հնարավորինս աջակից լինում համայնքներին:Այս անգամ նախարարությունում Ղրիմից հյուրընկալվել էր Սիմֆերոպոլի «Մասյաց աղավնի» հայալեզու (երկլեզու) հասարակական-քաղաքական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիր Վահան Վերմիշյանն, ում հետ «Հայերն այսօր»-ի խմբագրությունում ծավալվեց մեր հետաքրքիր զրույցը:

-Բարո՛վ եք եկել Հայրենիք, պարո՛ն Վերմիշյան. ի՞նչ գործունեություն եք ծավալել Ղրիմում, խնդրում եմ այդ մասին ավելի հանգամանալից պատմեք:

– Ես աշխատում և ապրում եմ հիմա արդեն՝ Ռուսաստանի Դաշնության Ղրիմի Հանրապետության Սիմֆերոպոլ քաղաքում: 1993 թվականից հրավիրված մասնագետ եմ եղել. իրենց հարմար էր կանչել մի ընտանիքից երկու մասնագետների՝ ինձ և Նելի Գրիգորյանին: Այդտեղից սկսվեց մեր գործունեությունը: Ինձ հիմնականում հրավիրել էին՝ վերականգնելու Գաբրիել Այվազովսկու հիմնադրած «Մասյաց աղավնի» ամսագիրը: 1990-ին փորձել էին վերականգնել ամսագիրը, մի քանի համար էր լույս տեսել, որից հետո դադարել էր աշխատանքը, որովհետև ամսագիրը կարծեք թե լույս էր տեսնում Սիմֆերոպոլում, սակայն  տպագրվում էր Երևանում, և դա հսկայական ծախսերի հետ էր կապված: Նախկին գլխավոր խմբագիրը վերցնում էր նյութերը, գալիս Երևան…այսինքն՝ տանջանք: 1993-ին ինձ կանչեցին, որպեսզի վերականգնեմ ամսագիրն ՝ արդեն նոր մեթոդներով, համակարգչային տեխնոլոգիաներով: Երևանից ինձ օգնեցին «Ազգ» թերթի խմբագրությունից, ստացա ծրագրեր, տառատեսակներ, որի համար շատ շնորհակալ եմ: Ինքս էլ սովորեցի համակարգչային տեխնիկան և կազմակերպելով այդ աշխատանքները՝ կարողացանք առաջ գնալ. 1994-ին լույս տեսավ ամսագրի առաջին համարը և, փառք Աստծո, մինչ այժմ էլ լույս է տեսնում: Այն հիմնականում ազգային-մշակութային և լուսավորչական 44 էջանոց  երկլեզու պարբերական է, սակայն ամենակարևոր առաքելությունը Ղրիմի հայերի  մասին լրատվություն ներկայացնելն է:

-Հայաստանյան լուրերի բաժին ունե՞ք…

-Հայաստանյան լուրերի համար տեղ չի մնում և իմաստ էլ չունի անդրադառնալ դրանց: Մի ժամանակ, երբ թերթի տեսքով երկու շաբաթը մեկ էր լույս տեսնում, այդ ժամանակ մենք հայաստանյան լրատվություն տալիս էինք. Հայաստանից ստանում էինք լրատվություն, ընտրում էինք Սփյուռքի այդ հատվածին հետաքրքրող նյութեր և  մեր թերթի էջերում զետեղում երկու լեզվով: Հիմա լրատվամիջոցներն այնքան են զարգացել, որ Հայաստանի լուրերին կարելի է հետևել համացանցի միջոցով: Թերթը 2003 թվականից հրապարակվում է որպես ամսագիր: Հրատարկման, տպագրական ծախսերի  գումարը հրատարակչությանն է փոխանցվում Ազգությունների պետական կոմիտեի կողմից, մնացած ամեն ինչը ես և  մեր լավ համակուրսեցի, իմ տեղակալ Ռուշան Փիլոսյանն ենք անում: Որոշ ժամանակ ընդհանրապես պետական ֆինանսավորումը դադարեցվել էր, և մենք մեծ դժվարություններով, համայնքի օգնությամբ կարողացանք հրատարակել ամսագիրը, պահպանել այն: Հանգամանքների բերումով այնպես ստացվեց, որ ես երեք տարի աշխատեցի Օդեսայի հայկական համայնքում, հետո հրավիրեցին Մոսկվա, որտեղ ես աշխատեցի ԱՊՀ-ի ֆոնդում, ուր հրատարակում էի մի մեծ ամսագիր, որը տարածվում էր բոլոր երկրներում. այն, բացի մշակույթից, գիտությունից և սպորտից, պատմում էր ամեն անգամ մի հանրապետության մասին: Այբբենական կարգով Հայաստանը ներկայացնելու հերթը դեռ չէր եկել, սակայն առաջինը ներկայացվեց Հայաստանը՝ խախտելով հերթականությունը: Ցավոք, իմ գնալուց հետո այդ գործը պարզապես մարեց: Հիմա ես ուրիշ առաջարկ ունեմ՝ սեպտեմբերի 26-ից ինձ նշանակել են Ղրիմի բոլոր ազգությունների համար հրատարակվելիք «Наш Крым» նոր ամսագրի գլխավոր խմբագիր. ամսագրի հիմնական լեզուն ռուսերեն է լինելու, սակայն նյութեր կտեղադրվեն բոլոր լեզուներով, որպեսզի հասկանալի լինեն բոլոր ազգությունների ներկայացուցիչներին:

-Մե՞ծ է հայկական համայնքը, թե՞ պարզապես հայերի գործունեությունն  է ծավալուն և աչքի զարնող:

-Ղրիմահայ համայնքն այնքան էլ մեծ չէ, որքան կարծում են բոլորը: Մենք Հայկավան անվամբ մի ավան կառուցեցինք հայերի համար, 400-ից ավելի հողամասեր բաժանվեցին  հայերին, որտեղ մեծ մասը շինարարական աշխատանքներ են կատարում: Հայկավանի շինարարության ղեկավարը շատ դիպուկ էր ասում՝ մենք հայերով քիչ ենք, ուղղակի շատ ենք շարժվում…Այո՛, մեր շարժումն է շատ, մեր ծավալած գործունեությու՛նն է ծավալուն, չափազանց ակտիվ: Մարդահամարի տվյալները սխալ են. այդ տվյալներով ընդամենը հաշվվում է 11 հազար երեսունյոթ հայ, բայց իրականում 20-25 հազար հայ է ապրում  այնտեղ: Ղրիմում ապրող շատ հայեր նույնիսկ չէին էլ մասնակցել մարդահամարին, դրա համար հայերի կոնկրետ  թիվը շատ դժվար է ասել: Մենք, իհարկե, ունենք մեր ակտիվի և այն մարդկանց ցուցակը, ովքեր համարվում են Ղրիմահայոց ընկերության անդամ: Հիմա այդ ընկերությունը վերանվանվել է Ղրիմի Հանրապետության տարածաշրջանի Հայկական  ազգամշակութային ինքնավարություն: Բացի այդ՝ 7 քաղաքներում կան տեղական կառույցներ, որոնք պաշտոնապես նույնպես ձևակերպված են. Սիմֆերոպոլում, Սակիում, Յալթայում,Կերչում, Եվպատորիայում, Ջանկոյում կան ազգային մշակութային ինքնավարություններ, որոնք օգտվում են քաղաքային կազմակերպություններին տրվող միջոցներից: Մեր միջոցառումներն ընդհանուր են. մենք ամեն տարի կազմակերպում ենք Հայ մշակույթի օրեր, փառատոներ, որոնք սկսվում են սեպտեմբերին, 4-5 տարի շարունակ մենք ացկացրեցինք «Սուրբ խաչ» հայ մշակույթի, հայ արվեստի փառատոներ, որոնք փոխարինվեց նոր ազգային փառատոներով (նոր հոգևորականը համարեց, որ այդ տարածքում չի կարելի նման միջոցառումներ անել, քանի որ դա վանական համալիր է), որը կոչվեց «Մերձծովյան Հայաստան. ճենովացիները  մոտավորապես 17-րդ դարում այդպես են անվանել   Ղրիմի հարավարևելյան ափերը: Այս տարի հոկտեմբերի 9-ին է այն անցկացվելու. հրավիրվում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, խմբեր, անհատ կատարողներ:  Այդ օրը ներկայացնում ենք նաև ազգային խոհանոց, ազգային մշակույթ, ունենք այնտեղ Գրողների միություն, որի նախագահն է Ռուշան Փիլոսյանը, միության անդամներն այդ օրը ներկայացնում են իրենց գործերը, ունենք  Հայ նկարիչների միություն, նրանք էլ իրենց ստեղծագործություններն են ներկայացնում: Ղրիմի հայկական համայնքի նախկին նախագահ Անուշավան Դանիելյանը հասկացավ, որ պետք է մասնագետների հրավիրել. եկան մասնագետներ, գործն առաջ գնաց, և մինչև հիմա էլ գործում են մեր ստեղծած ռադիո և  հեռուստատեսային հաղորդումները: Ունենք պարի և երգի համույթներ…Այսինքն՝ հայերն ազգային-մշակութային ակտիվ գործունեություն են ծավալում Ղրիմում:

-Տարիների հեռվից իմ ճանաչած Վահան Վերմիշյան- բանասերի, խմբագրի նկարագրում  ի՞նչ է պակասել և ի՞նչ է ավելացել՝ որպես մարդ, որպես  մասնագետ, որպես հայ:

-Սիրելի՛ Կարինե, եթե հիշում եք, ես միշտ խմբագիր եմ եղել և դեռևս ուսանողական տարիներին  պատրաստել ու խմբագրել եմ համալսարանական «Զվարթնոց» թերթը, որտեղ իրենց առաջին գործերը տեղադրեցին հետագայում նշանավոր դարձած շատ գրողներ: Մենք ամեն տարի ալմանախ ենք հրատարակում, որտեղ կային նաև երջանկահիշատակ կնոջս՝ Նելի Գրիգորյանի գործերից. ինձ միշտ ասում էին, թե ես կարո՛ղ եմ գրել բանաստեողծություններ: Մի քանի գործ ունեմ, սակայն ես ինձ բանաստեղծ չեմ համարում, ես խմբագիր ու հոդվածագիր, թարգմանիչ, լրագրող եմ: Ես չեմ փոխվել, նույնն եմ մնացել, պարզապես իմ նկարագրում, իմ կյանքում ավելացել են տարիների վաստակն ու փորձառությունը:

-ՀՀ սփյուռքի նախարարության հետ ե՞րբ են ձևավորվել բարեկամական կապերն ու համագործակցությունը:

-Կարող եմ ասել, որ այդ կապերը նախարարության ստեղծման առաջին իսկ օրերից եղել են, որովհետև մարդիկ մեզանից տվյալներ էին ուզում, մեր փորձն էին ուզում տարածել, որովհետև մեր համայնքը շատ կայացած, բազմաբովանդակալից շատ միջոցառումներով հագեցած համայնք է:

-Եվ ինչպես բարեկամը բարեկամի մասին՝ ինչպե՞ս եք գնահատում Սփյուռքի նախարարության ծավալած գործունեությունը:

-Ես կարծում եմ, որ այս նախարարության  ստեղծումը շատ կարևոր էր մեր երկրի համար, որովհետև աշխարհով մեկ սփռված հայություն ունենք: Մեր գործունեության հիմնական  շփումներն սկսեցին՝ հայոց լեզվի մեծ ծրագրերի հետ կապված. մենք կարողացանք մեծ հաջողությունների հասնել՝ ամբողջ Սփյուռքի համար ստեղծելով  1-ից 4-րդ դասարանների համար հայոց լեզվի ծրագիր, դասագիրք (ծրագրի հեղինակները երեքս ենք՝ ես, Ռուշան Փիլոսյանը և Գաբրիել Այվազովսկու անվան ոչ ավանդական դպրոցի ուսուցչուհի Թամարա Սալիստայա-Գրիգորյանը):

-Ձեր բարեմաղթանքը մեր երկրի Անկախության 25-րդ տարեդարձի  առիթով:

-Ես իր բնօրրանում ապրող իմ հայ ժողովրդին մաղթում եմ տոկունություն և իմաստնություն, ընտանիքներին՝ բարեկեցություն և բարօրություն, ցանկանում եմ , որ բոլորս ճանաչենք մեր ժողովրդի իսկական բարեկամներին:

-Պարո՛ն Վերմիշյան, որպես հարցումիս շարունակություն՝ ասացե՛ք խնդրեմ, ի՞նչ է Հայրենիքը Ձեզ համար:

-Հայրենիքը բոլորիս հի՛մքն է ու հիմնասյունը, մեր ոտքերի տակի հողը, մեր թիկունքը:

Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի

 

Scroll Up