«Ես նկարում եմ իմ կորցրած հեքիաթները». գեղանկարիչ Էդիկ Վարդանյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր»  էլեկտրոնային պարբերականի խմբագրությունում  հյուրընկալված  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի  ֆակուկտետի դեկան, Հայաստանի նկարիչների միության անդամ, պրոֆեսոր  Էդիկ  Վարդանյանի հետ ունեցած հետաքրքիր զրույցի ընթացքում կարողացա  առնչվել հրաշալի, ինքնատիպ գեղանկարչի և նույնքան ինքնատիպ հայ մարդու հետ, ում կյանքի ու ստեղծագործական գործունեւոթյան  պատմությունը,  սկիզբ առնելով զուլալ արմատներից, դարձել է ապրելու և արարելու բանաձև, խորհուրդ: Իմաստնացած գեղանկարիչն այդ ամենի մասին խոսում էր հանգիստ, ինչ-որ տեղ՝  նաև հպարտությամբ, կարոտով, ափսոսանքով, սիրով, ներկայի ու ապագայի մասին ունեցած մտահոգությամբ:

-Պարո՛ն Վարդանյան, խնդրում եմ գեղանկարչի  գույներով պատմեք Ձեր մասին և ասացեք, խնդրեմ, թե քանի տարի եք նկարչության մոգական աշխարհում:

-Շատ դժվար հարց եք տալիս.  որքան ինձ հիշում եմ,նկարչության մեջ եմ: Ես ծնունդով Թալինից եմ: Թեև ապրում եմ Երևանում, սակայն ինձ երբեք քաղաքաբնակ չեմ համարել  և չեմ համակերպվում քաղաք հասկացության հետ. ես ամբողջությամբ թալինցի եմ և իմ ողջ էությամբ   իմ ծննդավայրում եմ: Նկարել եմ փոքր հասակից այնպես, ինչպես գրեթե բոլոր երեխաները: Դպրոցում լավ էի սովորում, բայց հետո եկավ մի պահ , երբ նկարչությունն ինձ ամբողջությամբ  տարավ: Նկարչությունն անբուժելի հիվանդություն է, որը մտնում է քո մեջ և մինչև կյանքիդ վերջ մնում է քեզ հետ:Շատերն ասում են , թե  նկարչությունը մասնագիտություն է, ես չեմ ընդունում: Նկարչությունն ապրելակերպ է: Արվեստը խանդոտ  է, եթե դու արհամարհես և անմնացորդ չնվվիրվես արվեստին, այն քեզ կապտակի այնպես, որ մինչև կյանքիդ վերջ ուշքի չես գա:

-Իսկ այդ աշխարհից դուրս՝ ուրիշ որտե՞ղ եք Ձեզ պատկերացրել , մասնագիտական ո՞ր ոլորտում:

-Ո՛չ մի տեղ: Ես շատ եմ սիրել գրականություն, հարուստ գրադարան ունեմ: Գրքի ու գրականության հանդեպ սերն իմ մեջ մայրս է սերմանել: Ես նկարիչ եմ դարձել մորս շնորհիվ: Թալինի մեր գյուղի տանը մի գեղեցիկ շիֆաներ(պահարան) կար, որում շորեր էինք դնում. մի օր տեսանք , որ այն , շորերի փոխարեն, գրքերով է լցված ու շատ զարմացանք: Մայրս ասաց, որ շորերն ամեն տեղ կարող ենք դնել, կարևորը գրքերն են: Մայրս հրաշալի ձայն ուներ , ընդունվել էր Կոնսերվատորիա, բայց պատերազմը սկսվելուց հետո  ծնողները, վախենալով, որ պատերազմի ալիքը կարող է նաև Երևան հասնել, ասել էին , որ մայրս էլ չշարունակի սովորել. 2-րդ կուրսից մայրս  թողել էր ուսումը: Հիշում եմ մորս սքանչելի ձայնը. այնքա՜ն լավ էր երգում, նաև շատ ընթերցասեր էր:  Մորս միշտ  տեսել եմ գիրք ընթերցելիս. անգամ  իր երկրային կյանքի վերջին օրն էլ գիրքը  կողքին էր: Մա՛յրս է եղել իմ ամենամեծ ու առաջին ուսուցիչը: Ահա, թե ինչպիսի մթնոլորտում եմ մեծացել: Դա էր պատճառը, որ Խորհրդային բանակում ծառայելիս հրամանատարի սենյակում աչքովս ընկած  Եսենինի մեծ սիրո՝ Շահանեի մասին գիրքն առանց հարցնելու վերցրել էի և դրա համար պատժվեցի. հրամանատարը զարմացել էր , որովհետև մինչ այդ  դեռ ոչ մի զինվոր  ուշադրություն չէր դարձրել գրքերին, այդպիսի դեպք չէր գրանցվել  բանակում: Հրամանատարն ինձ ասաց , որ եթե զգուշացնեի, ապա ինքն իր ձեռքով ու մակագրությամբ կնվիրեր…է՜, ինչ իմանայի, ջահել ու գրքի խենթ սիրահար էի:

-Դուք մասնագիտական , ակադեմիական լուրջ կրթություն եք ստացել. արդյոք այդ կրթությունը  Ձեզ տվե՞ց այն ամենն , ինչ անհրաժեշտ է նկարիչ դառնալու համար, թե՞ բնությունն արդեն տվել էր շնորհը և կրթվելն այնքան էլ էական չէր:

-Ես  6 տարի տառապել եմ մինչև ընդունվելս: Իմ ուսուցիչը եղել է Արա Բեքարյանը: Բնությունը տալիս է շնորհը, բայց բնության տվածը պետք է հղկես, մշակես, իսկ դա տալիս է ուսումը: Իմ կարծիքով բնությունն էլ ասես բառարան լինի, և ես այդ բառարանից վերցնում եմ ինձ անհրաժեշտ նյութը:Կրթություն ստանալը պարտադիր է: Չգիտեմ՝ ես հիմա կայացա՞ծ նկարիչ եմ արդյոք. եթե պետք է, սովորում եմ նաև իմ ուսանողից: Մարդն իր ամբողջ կյանքում չպետք է դադարի սովորել:

-Խոսենք Ձեր ցուցահանդեսների մասին:

-Ես շատ ցուցահանդեսներ եմ ունեցել, սակայն միշտ անհարմար եմ զգացել խոսել այդ մասին.4-5  անհատական ցուցահանդեսներ եմ ունեցել՝ Հայաստանի նկարիչների միությունում, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, ՀՀ ազգային պատկերասրահում, 2011—ն,2016-ին՝ դարձյալ Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդես բացելը շատ վտանգավոր է. կարող է ձախողում լինել. ես հիմա վախենում եմ ցուցահանդես բացել, որովհետև իմ նկարները կարող է չդիտվեն: Ցուցահանդեսի արդյունքը,  հաջողությունը նկարների քանակի մեջ չէ.պետք է կարողանաս ներկայանալի լինել:Ասեմ Ձեզ , որ նկարչությունը հիմա ոչ մեկին պետք չի:

-Որտե՞ղ են հանգրվանել Ձեր գեղանկարները, ո՞ւմ հավաքածուներն են հարստացրել:

-Հայաստանի, ՌԴ-ի, Ուկրաինայի պետական թանգարաններում են և մասնավոր հավաքածուներում(ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ֆինլանդիա, Անգլիա, Կանադա, Սիրիա և այլն):Նկարներ ունեի , որոնց մասին նույնիսկ մոռացել էի. այ, հենց հիմա, Ձեր խմբագրասենյակում իմ ցուցահանդեսի կազմակերպիչ,իմ լավագույն բարեկամ, «Արտ- Կովկաս» տարածաշրջանային ասոցիացիայի նախագահ Մարինա Երեմյանն ինձ զարմացրեց՝ իր բջջային հեռախոսում ցույց տալով տարիներ առաջ Էջմիածնում հանգրվանած իմ նկարը:

-Ձեր նկարների շարքում կա՞ մեկը, որն ամենից հոգեհարազատ է Ձեզ, որի վրա ավելի շատ ջանք ու եռանդ եք թափել և յուրօրինակ է իր ստեղծման պատմությամբ:

-Ես չեմ կարող առանձնացնել որևէ նկար. բոլորն էլ թանկ ու հոգեհարազատ են: Ես այդպես չեմ նայում իմ նկարներին: Ասեմ , որ նույն ստեղծագործողն է նաև ռանչպարը, ով նույնպես իր գործում վարպետ է. ես հավասարությւան նշան եմ դնում մեր միջև: Իմ առաջին ցուցահանդեսի  խորագիրն էր՝ «Ես նկարում եմ իմ կորցրած հեքիաթները».ես ինձ համար հեքիաթ եմ նկարում, իսկ թե որ հեքիաթն է ամենալավը, չեմ կարող ասել:Ինչ վերաբերում է նկարիչներին, հնարավոր է , որ նրանց մասին խոսեն իրենցից 20-30-50… տարի անց: Օրինակ՝ Էլ  Գրեկոյի մասին խոսել են իր մահից 200 տարի անց:

-Պատվերով նկարո՞ւմ եք….

-Պատվեր առաջներում էին տալիս, հիմա չգիտեմ՝ կա՞…Եթե լինի , սիրով կանեմ: Շատ դիմանկարներ եմ անում և ավելի շատ սիրում եմ նկարել արվեստագետների, գրողների: Նկարել եմ Դանիել Վարուժանին, Թումանյանին, Իսահակյանին, Տերյանին, նաև՝ ժամանակակիցներին, իմ  արվեստագետ ընկերներին:

-Ո՞վ է ըստ Ձեզ նկարիչը, ի՞նչ  էություն էնա…

-Նկարիչն առեղծվածային , անբացատրելի էություն է. նա միշտ մենակ է իր աշխարհում, ներքնապես նա ազատ թռչուն է: Նկարիչը շատ բարի էություն է:

-Պարո՛ն Վարդանյան շնորհակալություն եմ հայտնում Ձեր այցի , հետաքրքիր զրույցի համար, Ձեր ստեղծագործություններով մեր կյանքը գունավորելու համար  և մեր  պարբերականի՝«Հայերն այսօր»-ի անունից մաղթում  եմ Ձեզ երկարակեցություն կյանքում և արվեստում: Մաղթում եմ , որ Ձեր կորցրած բոլոր հեքիաթները ոչ միայն նկարեք, այլև՝ մի օր գտնեք: 

Կարինե  Ավագյան

2 1

Scroll Up