Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի պատվավոր նախագահ, բարերար Գրիգոր Սողոմոնյանը՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Avstralia.jpg)
Սեպտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի անկախության 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի պատվավոր նախագահ, բարերար Գրիգոր Սողոմոնյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարի պաշտոնակատարը կարևորեց Գ.Սողոմոնյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Ավստրալիայում հավուր պատշաճի կազմակերպելու և իրականացնելու ջանքերը:
«Հայ Դատի գրասենյակում Ձեր չորս տասնամյակների կուսակցական աշխատանքով Դուք ծառայել եք հայապահպանության, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործին», – նշեց Հրանուշ Հակոբյանը:
Գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց Սողոմոնյանի ջանքերը՝ Արցախյան քառօրյա պատերազմի օրերին Արցախին ցուցաբերած օգնության կազմակերպման գործում:
Քննարկվեցին համայնքային խնդիրներին, ինչպես նաև Արցախի հիմնահարցի լուծման ուղղությամբ իրականացվելիք քայլերին վերաբերող հարցեր: